Անցած շաբաթուայ վերջին ադրբեջանական լրատուամիջոցները հրապարակեցին Ադրբեջանի դատախազութեան հաղորդագրութիւնը, որտեղ նշւում էր, թէ արցախցի գործիչների կալանքը երկարաձգուել է: Այսօր յայտարարուեց Ռուբէն Վարդանեանի կալանքի ժամկէտի երկարաձգման մասին: Ընդ որում՝ տարօրինակ կերպով չի նշւում, թէ քանի ամսով է կալանքի ժամկէտը երկարաձգւում:
NEWS.am-ը մեկնաբանութեան համար դիմեց ՄԻԵԴ-ում հայ գերիների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող փաստաբան Սիրանուշ Սահակեանին.
Մեկ տարուց աւելի նրանք կալանքի տակ են, ինչն արդէն իսկ միջազգային իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտում է: Հիմա յայտարարւում է որպէս խափանման միջոց ընտրուած կալանքի լրացուցիչ երկարաձգման մասին: Հանրային հարթակում անգամ կալանքի երկարաձգման ժամկէտ չի նշւում, ինչն աննախադէպ երեւոյթ է միջազգային իրաւական պրակտիկայում: Ոչ անկախ դատական համակարգի կողմից կալանքի ժամկէտի վերանայումները եւս մարդու իրաւունքների խախտումներ են, որոնք շարունակական են դարձել:
Դեռ յունիսի վերջից Ադրբեջանի դատախազը պարբերաբար յայտարարում է, թէ նախաքննութիւնն աւարտուել է եւ գործերն ուղարկուել են դատարան, բայց որեւէ կերպ դատաքննութիւնը չի սկսւում, մինչդեռ ըստ միջազգային ընդունուած պրակտիկայի՝ նախաքննութեան աւարտի մասին յայտարարելուց յետոյ կարճ ժամկէտում պէտք է սկսուի դատաքննութիւնը:
Այնինչ, նոյն Ռուբէն Վարդանեանի գործով նախաքննութիւնը, ըստ էութեան, շարունակուել է. սեպտեմբերին նա ենթարկուել է լրացուցիչ հարցաքննութեան՝ Հայաստանի վարչապետի յայտարարութեան հետ կապուած: Հետեւաբար, յունիսին եւ սեպտեմբերին Ադրբեջանի դատախազի կողմից արուած նախաքննութեան աւարտի մասին յայտարարութիւնները, կարելի է ասել, աւելի շատ արտաքին քարոզչական նպատակներով օգտագործուած թեզեր էին, իսկ ներսում իրականում այլ գործընթացներ են կատարւում, որոնք թափանցիկ չէն եւ չէն տեղաւորւում միջազգայնօրէն սահմանուած իրաւական ստանդարտների մէջ:
Այս իրավիճակում դժուար է հասկանալ, թէ իրեն միջազգային իրաւունքից դուրս դնող աւտօրիտար ռեժիմն ինչ տրամաբանութեամբ է առաջնորդւում:
Հետեւաբար մենք միջազգային հանրութեան եւ COP29-ին մասնակցող երկրների պատուիրակութիւնների ուշադրութիւնը պէտք է հրաւիրենք հետեւեալ կարեւոր փաստէրի վրայ՝
Հայ քաղբանտարկեալների եւ գերիների նկատմամբ իրականացւում են փակ գործընթացներ, որոնց ընթացքում չի ապահւուում արդիւնաւետ պաշտպանութեան իրաւունքը միջազգային մասնագէտների ներգրաւվմամբ:
Ոտնահարւում են կալանաւորուած անձանց՝ պատշաճ ժամկէտներում արդար դատաքննութեան իրականացման իրաւունքները:
Ամենացինիկ կերպով արհամարհւում են մարդու իրաւունքի միջազգային նորմերը, որոնք կապուած են ազատութիւնից զրկուած անձանց կամայականութիւններից պաշտպանելու երաշխիքների հետ: