Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանութեան նշաններ ունի․ Բոբ Մենենդես

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանութեան նշաններ ունի․ Բոբ Մենենդես

ԱՄՆ սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանութեան բոլոր նշանները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ալիեւի ռեժիմի դէմ՝ պատերազմական յանցագործութիւնների եւ էթնիկ զտումների համար:

Մենենդեսը ներկայացրել է Արցախում սովամահութեան առաջին զոհի լուսանկարները եւ շեշտել՝ Ադրբեջանի վարչակարգը ցեղասպանութիւն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դէմ։

ԱՄՆ սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես

«Ադրբեջանում Ալիեւի կառավարութիւնը սարսափելի բռնութիւնների արշաւ է իրականացնում, որոնք ունեն Արցախի հայերի դէմ ցեղասպանութեան բոլոր նշանները։ Նրանք նպատակային եւ չարամիտ կերպով շուրջ 120 հազար քրիստոնեայ հայերի արգելափակել են Ղարաբաղի լեռներում․․․ Ալիեւը եւ նրա վարչակարգը փորձում են այս մարդկանց մատնել սովի՝ ստիպելով մահանալ կամ ենթարկուել քաղաքական հպատակեցման», — ասել է Մենենդեսը՝ յիշեցնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է անցեալ տարուայ դեկտեմբերից։

Սենատորը հանգամանօրէն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում վերջին 9 ամիսների ընթացքում ստեղծուած ծանր հումանիտար իրավիճակը, որի պատճառով աւելացել են թերսնուցումից մահացութեան դէպքերը։

«Այս պահին ԱՄՆ-ն ձախողւում է։ ԱՄՆ-ն չի բաւարարում հումանիտար կարիքները եւ հանրային կերպով բաւականաչափ ճնշում չի գործադրում Ալիեւի վրայ՝ դադարեցնելու էթնիկ զտման արշաւը», — ասել է Մենենդեսը՝ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել անվտանգութեան ապահովմանն ուղղուած ցանկացած տեսակի աջակցութիւն Ադրբեջանին:

Մենենդեսը կոչ է արել փոխել մօտեցումը եւ ոչ միայն աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցութիւններին, այլեւ միջնորդ հանդիսանալ կողմերի միջեւ համաձայնագրի կնքման գործում։

«Վստահ եմ, որ Միացեալ Նահանգները կարող է եւ պէտք է ակտիւ դերակատարում ունենայ այս հակամարտութեան լուծման հարցում», — ասել է նա։

Սենատորը նաեւ համոզուած է, որ հարկաւոր է էթնիկ զտման այս արշաւը կազմակերպողներին, այդ թւում՝ Իլհամ Ալիեւին, պատասխանատուութեան ենթարկել իրենց յանցանքների համար։

Բոբ Մենենդեսը կարծում է, որ այս իրավիճակի հանգուցալուծման համար ԵՄ-ն նոյնպէս պէտք է քայլեր ձեռնարկի։ Նա յիշեցրել է ԵՄ դիւանագիտութեան ղեկավար Ժոզեպ Բորելի խօսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծուած իրավիճակի շուրջ մտահոգութեան մասին։

«Հուսով եմ, որ այդ խօսքերը կուղեկցուէն գործողութիւններով։ Ադրբեջանի գազը վերցնելու եւ այդ երկիրը, մէջբերում եմ, «էներգէտիկ ոլորտի կարեւոր գործընկեր» ներկայացնելու փոխարէն նրանք նաեւ պէտք է ճնշում գործադրէն շրջափակումը դադարեցնելու ուղղութեամբ», — ասել է Մենենդեսը։

Սենատորը շեշտել է, որ այժմ աշխարհը տեղեակ է Ալիեւի ցեղասպանական մտադրութիւնների մասին եւ պէտք է թոյլ չտայ, որ նրան յաջողուի բնաջնջել այս հայկական համայնքը։ Նա յաւելել է, որ Աղդամի ճանապարհը բացելը Լաչինի միջանցքը բացելու այլընտրանք չէ։ Բոբ Մենենդեսը խոստացել է, որ կ’անի ամէն բան, որպէսզի հայերի դէմ այս դաժան արշաւն իրականացնողները վճարէն դրա համար եւ արդարադատութեան ենթարկուեն։

Share