«Ադրբեջանում եւս խիստ անհանգստացած են Հայաստանում սկսուած Սրբազան շարժմամբ եւ դրա հնարաւոր յաղթանակով»,- նշում է պ.գ.թ., թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Ընդ որում` Բաքւում կայ շատ յստակ գիտակցում, որ շարժման յաղթանակի դէպքում Հայաստանը նորից վերածուելու է տարածաշրջանի կարեւոր խաղացողի, որին ոչ միայն այլեւս հնարաւոր չի լինելու թելադրել իր կամքը, այլեւ այն կարողանալու է կասեցնել Թուրքիայ-Ադրբեջան առաջխաղացումը Հարաւային Կովկասում:
Ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանը նորից կ’ունենայ շահակից պետութիւններ, որոնց հետ միասին կը կարողանայ փոխել ուժերի հաւասարակշռութիւնն ի վնաս թուրք-ադրբեջանական երկեակի եւ նրանց դաշնակիցների:
Յենց սա է պատճառը, որ վերջին օրերին թուրքական եւ ադրբեջանական մեդիաները Հայաստանի դէ-ֆակտոյ իշխանութիւնների չափ եւ նոյն թեզերով քննադատում են Սրբազան շարժումը:
Այդ նիւթերում կարելի է տեսնել նաեւ իրենց անհանգստութիւնները: Օրինակ` Ալիեւի ընտանիքի ուղիղ վերահսկողութեան տակ գործող «Report.az» պարբերականը մտահոգ է Իրանի հետ Հայաստանի դաշնակցային յարաբերութիւնների հնարաւոր զարգացմամբ, ուստի հիմա շարժման մէջ իրանական հետք է փնտրում:
Կից նկարում այդպիսի յօդուածներից մէկն է, որը վերնագրուած է «Երեւանի «քահանայ-շուում» իրանական հետքը. Իրանի համար «մեծ շահ» նպատակը», եւ որում յստակ նշւում է, որ շարժման յաջողութեան դէպքում Հայաստանն ու Իրանը համատեղ կպայքարէն թուրք-ադրբեջանական սպառնալիքի դէմ:
Ինչ խօսք, ճիշտ են հասկանում:
Մենք ունենք հնարաւորութիւն յաղթելու ու կանգնեցնելու էսօրուայ պարտութիւնների շղթան:
Պետք է մի քանի օրուայ ջանք եւ յաղթանակը մերը կը լինի»,- գրել է Վարուժան Գեղամեանը։