«Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների մուտքը Արցախ». Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների մուտքը Արցախ». Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրայ ապօրինի տեղադրուած անցակէտում դիտաւորեալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետութեան հաշուառում ունեցող քաղաքացիների մուտքը դէպի Արցախի Հանրապետութիւն: Գրում է Tert.am-ը:

Արցախի Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաւաքագրուած տւեալների համաձայն` անցակէտի տեղադրման պահից ի վեր արձանագրուել է նմանատիպ առնուազն երեք դէպք՝ խոչընդոտուել է երկու կանանց եւ մէկ երեխայի մուտքը: Արձանագրւած բոլոր դէպքերում քաղաքացիները թէեւ ունեցել են ՀՀ հաշուառում, այնուամենայնիւ, մշտապէս բնակուել են Արցախի Հանրապետութիւնում, ընդ որում, նրանց ընտանիքները եւս բնակւում են Արցախում:

Տուեալ անձինք շրջափակման պայմաններում մեկնել էին Հայաստանի Հանրապետութիւն բուժման նպատակով, եւ այժմ, առողջական խնդիրների լուծումից յետոյ, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ: Ուշագրաւ է, որ ադրբեջանական կողմը թոյլատրել է նրանց ելքն Արցախից՝ կամայական ու ապօրինի կերպով արգելելով մուտքը:

Ադրբեջանի կողմից ցուցաբերուած ոտնձգութիւնների հետեւանքով խախտուել են այդ անձանց ոչ միայն ազատ տեղաշարժուելու, այլեւ ընտանիքի հետ վերամիաւորուելու իրաւունքները:

Մարդու իրաւունքների պաշտպանը ընդգծում է, որ ապրիլի 23-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Հակարի կամրջի վրայ ապօրինի կերպով տեղադրուած անցակէտը եւ այդ ճանապարհով անձանց, մեքենաների ու բեռների ազատ տեղաշարժը խոչընդոտող այլ միջոցները խախտում են ոչ միայն մարդու իրաւունքների միջազգային հանրայայտ նորմերը, այլեւ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, մասնաւորապէս՝ 6-րդ կէտը, որով նախատեսւում է անձանց, մեքենաների եւ բեռների անվտանգ ու անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Ադրբեջանը տարբեր քարոզչական տեսանիւթերով փորձում է թոզ փչել միջազգային հանրութեան աչքերին՝ ցոյց տալով, թէ իբր միջանցքը արգելափակուած չէ եւ ապահովուած է մարդկանց ազատ տեղաշարժը: Այնինչ անցակէտի առկայութիւնը, անձնագրային, բեռների ու այլ տիպի հսկողութեան միջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից արդէն նշանակում են խոչընդոտներ անխափան տեղաշարժի համար՝ յարուցելով ոչ միայն անվտանգութեան, այլեւ՝ ցանկացած պահի խափանիչ կամայական այլ միջոցներ կիրառելու էական ռիսկեր: Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ արձանագրւող դէպքերը եւս մէկ անգամ ապացուցում են ադրբեջանական պետական քարոզչութեան սնանկութիւնը եւ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դէմ համակարգային եւ հետեւողականօրէն իրականացւող էթնիկ զտման քաղաքականութիւնը։

Share