Ադրբեջանը հետապնդում է ռուս պատգամաւոր Միխայիլ Դելեագինին

Ադրբեջանը հետապնդում է ռուս պատգամաւոր Միխայիլ Դելեագինին

Ադրբեջանn Ինտէրպոլի միջոցով հետախուզում է յայտարարում ՌԴ Պետդումայի պատգամաւոր, Պետդումայի տնտեսական քաղաքականութեան հարցերով կոմիտէի փոխնախագահ Միխայիլ Դելեագինի նկատմամբ։

Մարտի 28-ին «Ռոսիայ 1» եւ «Պերուի» հեռուստաալիքների եթերում «60 րոպէ» քաղաքական թօք-շոուի ժամանակ Միխայիլ Դելեագինը Թուրքիային ԱՄՆ-ի արբանեակ էր անուանել, իսկ Ադրբեջանը՝ «Թուրքիայի պրօքսի», իրական սպառնալիք եւ կոչ էր արել խստօրէն պատժել Ադրբեջանին: «Ռուսաստանի տնտեսութիւնից կախուած ադրբեջանական բիզնեսը կարող է մէկ օրում պայթել: Ադրբեջանի նաւթարդիւնաբերութիւնը խիստ տեղայնացուած է եւ կարող է դադարել գոյութիւն ունենալ 15 րոպէի ընթացքում։ Քանի որ «պրօքսին» այլ կերպ չի հասկանում։ Անկախ պետութիւնը կը հասկանար, իսկ «պրօքսին»՝ ոչ։ «Պրօքսին» դա ազատօրէն հասկանալու գործառոյթ չունի։ Ժամանակակից աշխարհում այլ կերպ խօսել այլեւս հնարաւոր չէ», ընդգծել էր Միխայիլ Դելեագինը։

Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը պատգամաւորի գործողութիւններում տեսել է ԱՀ քրէական օրէնսգրքի 101.2 (ագրեսիւ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր), 214.2.3 (ահաբեկչութիւն՝ հրազենի եւ որպէս զէնք օգտագործուող իրերի օգտագործմամբ) 283.1 եւ  283.2.2 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրօնական ատելութիւն եւ թշնամութիւն հրահրում) յօդուածներում նշուած յանցակազմի նշաններ: 2022 թուականի մարտի 29-ին ԱՀ գլխաւոր դատախազը դատախազութեան քննչական վարչութեանը յանձնարարել էր նախաքննութիւն իրականացնել այս յօդուածներով քրէական գործի յարուցման առնչութեամբ:

Միխայիլ Դելեագինին մեղադրանք է առաջադրուել Քրեական օրէնսգրքի նշուած յօդուածներով եւ դատարանի որոշմամբ Ինտէրպոլի միջոցով միջազգային հետախուզում է յայտարարուել եւ որպէս խափանման միջոց ընտրուել է կալանաւորումը:

Նշէնք, որ Պետդումայի պատգամաւոր Միխայիլ Դելեագինը բացատրել է «Ռոսիայ 24» հեռուստաալիքի «60 րոպէ» հաղորդաշարի եթերում իր արած յայտարարութեան իմաստն ու դրդապատճառները։

Միաժամանակ նա ներողութիւն է խնդրել բոլոր ազգերի մարդկանցից, ում վախեցրել են իր խօսքերը, եւ ընդգծել է, որ իր ներողութիւնը չի վերաբերում այն ​​մարդկանց, ովքեր իրեն չէն հասկացել, քանի որ ռուսերենից միայն անպարկեշտ արտայայտութիւններ գիտէն։

Դելեագինը նաեւ նշել է, որ telegram-ում արուած յայտարարութիւնը եւ հարցումը հասցէագրուած էին ոչ թէ ադրբեջանական ժողովրդին եւ պետութեանը, այլ ադրբեջանական բիւրոկրատիայի որոշակի հատուածին, որը կարող է որոշել, որ ռուսական ուժերի՝ ռազմական օպերացիայով զբաղուած լինելու իրավիճակում կարելի է չկատարել Ռուսաստանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները.

Share