44-օրեայ պատերազմում զոհուած Աւետիս Պուլուզեանի հայրը՝ Արա Պուլուզեանը, Ֆէյսբուքի իր էջում գրել է․
Սիրելի՛ բարեկամներ, հարազատներ եւ ընկերներ, մէկ ամսից լրանում է մեր սիրելի Աւետիսի նահատակութեան երկամեակը: Աւետիսի յիշատակը վառ պահելու համար հիմնադրւած բարեգործական կազմակերպութիւնը 2021-22 թթ. ուսումնական տարւայ ընթացքում հոգաց Երեւանի Մխիթար Հերացու անուան բժշկական համալսարանի Արցախի տարբեր շրջաններից 3 ուսանողների կրթաթոշակի մի բաժինը:
2022-23 թթ. ուսումնական տարուայ ընթացքում եւս նախատեսւում է նոյն ծրագիրը կրկնել: Դուք եւս ձեր մասնակցութիւնը կարող էք ունենալ այս բարեգործական նախաձեռնութեանը եւ այդ միջոցով սատարել մեզ, որ մեր Աւոյի յիշատակը վառ մնայ: Շնորհակալ ենք բոլոր նուիրատուներին: Մանրամասների համար ծանօթացէք «Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութեան կայքէջին:
Սոյն բարեգործական ֆոնդին նուիրատւութիւն ցանկացողները Միացեալ Նահանգներից կամ Ինտերնետային փոխանցման համար կարող են կապուել նաև Մարտին Լազարեանին (Martin Lazarian Mybrokermartin@gmail.com, Tel: 1-818-259-1046) և օգտագործել Venmo (կրկնակի ստուգեք ՝ համոզվելու համար, որ հաշիվը պատկանում է Մարտին Լազարեանին Martin Lazarian)
«Աւետիս Պուլուզեան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը հիմնադրւել է Աւետիս Պուլուզեանի ծնողների միջոցով՝ ի յիշատակ իրենց զաւակի բարեգործական գործունէութիւն իրականացնելու համար:
Աւէտիս Արայի Պուլուզեանը ծնուել է 2000թ. հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովեանի անուան դպրոցում, որից յետոյ ուսումը շարունակել է Ստեփանակերտի Թամարայ Քամալեանի անուան քոլեջում՝ սերտելով «Բուժակ զինուած ուժերում» մասնագիտութիւնը:
2018 թ. ընդունուել է Երեւանի Մխիթար Հերացու անուան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2019 թ. յուլիսին զօրակոչուել է Արցախի պաշտպանութեան բանակ: Նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացնէրին եւ պարգեւատրուել պատուոգրով դասընթացնէրի քնութիւններում լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար:
Վերադառնալով Արցախ, շարունակել է զինուորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ՝ ստանալով կրտսէր սերժանտի զինուորական կոչում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը եղել է Արցախի հարաւ-արեւելեան ճակատում՝ Արայ լեռի շրջանում, ապա Հադրութի մերձակայքում մասնակցելով թէժ մարտէրի:
Նայատակուել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին՝ վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին՝ հրետանային արկի բեկորից:
Հրամանատարի վկայութեամբ՝ մարտէրի ընթացքում Աւէտիս Պուլուզեանը բոլորի հանդէպ ցուցաբերել է հոգատարութիւն եւ ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցուցաբերելու համար:
Աւօն ընկերների եւ շրջապատի կողմից յիշւում է որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութիւն:
Արցախի հանրապետութեան նախագահի ՆՀ-1493-Ա առ 10.03.2021թ. հրամանով Աւէտիս Արայի Պուլուզեանը հայրենիքին մատուցած ծառայութեան եւ անձնական խիզախութեան համար յետմահու պարգեւատրուել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ մեդալով: