Աւստրիայի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ

Աւստրիայի խորհրդարանը ընդունեց Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ



Հոկտեմբերի 19-ին Աւստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ Ադրբեջանի կողմից իրականացուած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւ։ Այս մասին  յայտնում են  Աւստրայում ՀՀ դեսպանութիւնից:

«Ազգային խորհրդի նիստին պատուաւոր հիւրի կարգավիճակում մասնակցում էր Աւստրիայում ՀՀ դեսպան Արմէն Պապիկեանը։

Բազմաթիւ պատգամաւորներ հանդէս եկան Ադրբեջանին դատապարտող ելոյթներով՝ կոչ անելով Աւստրիայի դաշնային կառավարութեանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանուած ժողովրդին։

Օրենսդիր մարմնում ներկայացուած բոլոր հինգ խմբակցութիւնների աջակցութիւնը ստացած բանաձեւը կոչ է անում դաշնային կառավարութեանը միջազգային «բոլոր հարթակներում եւ երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողութիւնները, որոնք յանգեցրել են աւելի քան 100,000 էթնիկ հայերի զանգուածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից»:

Բանաձեւն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի եւ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրաւունքների պաշտպանութեան, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերեալ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումների կատարման կարեւորութիւնը։

Աւստրիայի դաշնային կառավարութեանը նաեւ կոչ է արւում ներգրաւուել միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ազատ եւ անխոչընդոտ, երկարատեւ մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային արժէքների եւ եկեղեցիների համապարփակ պաշտպանութեան համար։ Բանաձեւը նաեւ հանդէս է գալիս Հայաստանին՝ որպէս Աւստրիական զարգացման համագործակցութեան առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի յետագայ կայունացման համար»:

Share