Օգոստոս 24-ին ժամը 6-ից սկսեալ 24 ժամեայ բողոք ՀՀ Հիւպատոսարանի դիմաց` 346 N. Central Ave, Glendale CA 91203.
Վաղուց արդէն հասունացել է այն պահը, երբ պէտք է նայել իրականութեան աչքերին: Ժամանակը չէ հռետորաբանութեան, ոչ էլ գեղարուեստական յագեցումներով հայրենիքը փրկելու տեսարանների: Հայ ժողովուրդը կանգնած է գոյութեան եւ գոյատեւման կռուի առջեւ: Մենք կանգնած ենք լինելիութէան խնդիրի առջեւ:
Ամէն օր մեր աչքերի առջեւ Հայրենիքը կրճատւում ու կրճատւում է, վաճառւում ու վաճառւում է, նուիրաբերւում ու նուիրաբերւում է: Ժամը օրհասական է : Եթէ այսօր համայն հայութեան ջանքերով կառուցուած գիւղերը յանձնւում են թշնամուն, կը գայ պահը որ Երեւանն էլ լքելու յանձնարարութիւն կը տան եթէ ոտքի չկանգնենք: Այսօր Աղաւնոն, վաղը Կապանն ու Գորիսը, միւս օրն էլ Երեւանն ու Արարատեան դաշտավայրը:
Սփիւռքահայութեան աւիւնով, երազանքներով կազմուած Աղաւնոն այսօր յանձնւում է թշնամուն: Դաւաճանական քաղաքականութեամբ իշխանութիւնը սեփական ձեռքերով խորտակում է աշխարհասփիւռ հայերի երազանքների մարմնացումն ու իրականացումը: Եթէ չկանգնեցնենք այս երթը դաւաճանական նոյն ձեռքը կը փշրի նաեւ համայն Սփիւռքը:
Չունենալով զօրեղ Հայրենիք` Սփիւռքը վտանգուած է: Անհայրենիք սփիւռքը ապագայ չունի եւ դատապարտուած է մահուան: Մինչ այդ մենք բոլորս հաւաքաբար եւ իւրաքանչիւրս անհատաբար պէտք է ոտքի կանգնենք ու փաստենք, որ Հայաստանը դատապարտուած չէ պարտութեան: Հայ Ազգը ունի հնարաւորութիւններ վերականգնելու իր ներուժը:
Բոլորս մէկտեղ դատապարտենք Բերձոր, Աղաւնոյ, Սուս համայնքներից մեր հայրենակիցների տեղահանումը եւ հայերի էթնիկ զտման գործընթացը: Օգոստոս 24-ին ժամը 6-ից սկսեալ 24 ժամեայ բողոք ՀՀ Հիւպատոսարանի դիմաց` 346 N. Central Ave, Glendale CA 91203.