Հայաստանը յոյսերը կապելո՞ւ է երեք տասնամեակ շրջափակում թելադրած հարեւանի հետ
Ըստ Caliber կայքի՝ ակնկալւում է, որ ապրիլի 5-ին Բրիւսէլում Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Անտոնի Բլինքէնի հետ Նիկոլ Փաշինեանի հանդիպման ժամանակ հաստատւի Երեւանին քաղաքական, տնտեսական, ռազմական եւ հումանիտար օգնութեան ծրագիր՝ Հայաստանի ինտեգրումը եւրոատլանտեան տարածքում սկսելու համար։ Ի թիւս նշւած ուղղութիւնների, սպասւում է, որ պայմանաւորւածութիւն ձեռք բերւի անվտանգային ոլորտում աննախադէպ համագործակցութեան շուրջ, որը Բաքւի կայքի գնահատմամբ լինելու է աննախադէպ ԱՊՀ երկրների տարածքում։
Կովկասի հարցերով փորձագէտ դոկտ. Էհսան Մովահեդեանը կարեւորելով հանդիպման ձեւաչափը նշել է, որ նման հանդիպումը նոյնիսկ համահունչ հոսանքների հետ առագաստ ուղղած կողմերին է յուզել, ինչպիսին ՆԱՏՕ-ի ոտքը տարածաշրջան բացած Բաքուն է: «Սակայն պէտք է յիշեցնել, որ 2023-ի տարեվերջից, Հայաստան-ԱՄՆ բանակցութիւնները շարունակւում են միջուկային էներգետիկայի շուրջ համաձայնագրի կնքման համար, այսպէս կոչւած «123-համաձայնագիր» անւան տակ։ ԱՄՆ-ը եւ Եւրոմիութիւնը մտադիր են նաեւ աջակցել Հայաստանին «կանաչ» էներգիայի անցման ծրագրին, Փարիզի համաձայնագրի պայմաններով վերականգնւող էներգիայի զարգացմանն անցում կատարելու համար, որտեղ ներդրումներ են կատարւելու արեւային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման նախագծերում։ Իսկ սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանի կողմից լարւածութեան աճի դէպքում Երեւանին տալու են այլընտրանքային հնարաւորութիւն էներգակիրների մատակարարման ընդհատմանն ի պատասխան»,- յիշեցնելով համաձայնագրերի մասին գրել է փորձագէտը եւ յաւելել, որ նոյն էներգետիկ անվտանգութեան խոստումների ներքոյ Վաշինգտոնն ու Բրիւսէլը պահանջելու են Մեծամօրի ատոմակայանը շահագործումից հանել։
Մովահեդեանը յղում անելով իրազեկ աղբիւրներին նշել է, որ հաւանաբար այս հանդիպմանը Արեւմուտքը խոստանայ՝ նոր ատոմակայանի կառուցման համար (ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից) տրամադրւեն տեխնոլոգիա, սարքաւորումներ եւ ֆինանսական միջոցներ։ «Բացի այդ, Փաշինեանի կառավարութիւնը շահագրգռւած է Հայաստանում էներգակիրների պահեստաւորման եւ մոդուլային միջուկային ռեակտորների տեղադրմամբ»,- նշել է փորձագէտը։
Կիբեր անվտանգութեան եւ հիբրիդային սպառնալիքների, գիւղատնտեսութեան, տարածաշրջանային տնտեսական եւ ենթակառուցային նախագծերին մասնակից դաձնելը, վիզաների ազատում, բիւջետային աջակցութիւնները, ռազմական համագործակցութիւնները, եւ նոյնիսկ արագցւած ռեժիմով պարտքերի ներումը լինելու են այն խթանիչներն ու առանցքները, որոնցով Արեւմուտքը փորձելու է Հայաստանը պոկել ռուսական անվտանգային զոնից,- նշել է փորձագէտը, եւ եզրակացրել, որ այդպիսով փորձ է արւելու իրականացւած տեսնել Հայաստանը Արեւմտեան բլոկ տեղափոխելու ծրագիր՝ Վրաստանում Վարդերի յեղափոխութեանը յաջորդած ծանր պատմութեան օրինակով:
Արժէ յիշեցնել, որ խոստումների ցուցակում աչքի են ընկնում նախագծեր, ինչպիսին Սեւծովեան էներգետիկ փոխադրումների ստորջրեայ հոսքագիծն է, կամ Սեւծովեան լայնաշերտ հաղորդակցական ցանցին միացումը, որով աճելու է Հայաստանի կախւածութիւնը՝ այդ երկիրը երեք տասնամեակ շրջափակման մէջ պահած՝ Թուրքիայից: Միաժամանակ Հայաստանը կորցնելու է հետաքրքրութիւնը բնական դաշնակիցների համար, ինչն էլ առճակատման դէպքում՝ Հայաստանը դարձնելու է մարտադաշտ՝ սահմանամերձ գիւղի կարգավիճակով:
Փորձագէտը յիշեցնելով ժամանակակից պատմութեան դէպքերն ու դեռ շարունակւող հակամարտութիւնների հիմնապատճառների մասին, եզրակացրել է, որ այս կերպ Հայաստանը բռնելու է Ուկրաինա դառնալու ճանապարհը: «Վտանգաւոր խաղադրոյք, որը կարող է յանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը, արժանանալով Մոսկւայի ու Թեհրանի, կամ նոյնիսկ Բաքւի ու Անկարայի սուր արձագանգին, որոնք ուշադիր հետեւում են նման անցուդարձերին։ Այս գործընթացը կարող է յանգեցնել Հարաւային Կովկասում նոր բաժանարար գծերի ստեղծմանը»,- եզրակացրել է դոկտ. Էհսան Մովահեդեանը։
«ԱԼԻՔ»