Գնացել են Նիցցա ընկերակցելու Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին, որոնք թրքամէտ շրջանակների հետ կապերի մէջ են․ Մուրադ Փափազեան

Գնացել են Նիցցա ընկերակցելու Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին, որոնք թրքամէտ շրջանակների հետ կապերի մէջ են․ Մուրադ Փափազեան

Օրերս 168.am-ը տեղեկացրել էր, որ Նիցցայի հայ համայնքում Նիկոլ Փաշինեանի կնոջը՝ Աննայ Յակոբեանին եւ Հայաստանի Սփիւռքի գործերով յանձնակատար Զարեհ Սինանեանին ուղեկցել է թրքամէտ լոբբիստ Սամսոն Օզարարատը։ Այդ մասին տեղեկատուութիւն եւ լուսանկարներ էր տարածել Աննայ Յակոբեանը:

Սա չէր լինի այսքան տարակուսելի, եթէ Հայաստանի իշխանութիւններն այդքան ակտիւորեին չշրջանառեին խաղաղութեան օրակարգերը, եթէ Սփիւռքում այդքան իրարամերժ չընկալուեր առհասարակ Զարեհ Սինանեանն ու նրա առաքելութիւնը, որին աշխարհասփիւռ հայ համայնքները հիմնականում մերժում են այցերի ժամանակ։

Նկատենք՝ Աննայ Յակոբեանն անգամ ֆեյսբուքեան գրառմամբ եւ կից լուսանկարով իր երախտագիտութիւնն է յայտնել Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին՝ իրեն Նիցցայ հրաւիրելու եւ «չորսօրեայ խիստ յագեցած օրակարգի ընթացքում անյոգնել ուղեկցելու համար»։

«Սփիւռքում ունենք հազարաւոր հայրենակիցներ, որոնք հզօր մարդիկ են դարձել իրենց միջավայրերում, բայց նրանք էլ աւելի կը հզօրանան եւ Հայրենիքն էլ կը հզօրացնեն, երբ Երեւանը դառնայ նրանց մշտական բնակութեան հասցէն, իսկ աշխարհի մնացած բոլոր քաղաքները՝ բիզնեսների եւ արձակուրդների ուղղութիւններ։ Սա մի երազանք է՝ որ անթաքոյց տեսանելի է նրանց աչքերում։ Ուզում եմ իմ անունից հաւատացնել, որ այդ երազանքը փոխադարձ է»,- նշել է վարչապետի տիկինը:

Սակայն յիշեալ գործիչների հանդէպ Աննայ Յակոբեանի հիացմունքը չէն կիսում բազմահազար մեր հայրենակիցներ՝ Սփիւռքում ու հայրենիքում. Սամսոն Օզարարատը եւ նրա սատելիտները չունեն վստահութիւն՝ հաշուի առնելով ակնյայտ թրքամէտ կեցուածքը:

Ծնունդով Քոնիայից Օզարարատը յայտնի է 1990-ական թուականներից հայ-թուրքական մերձեցմանն ուղղուած իր գործունեութեամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող եւ ըստ լրատուամիջոցների՝ մասոնական կառոյցների հետ սերտ կապեր ունեցող Օզարարատը ժամանակին նաեւ զբաղեցրել է Սեւծովեան տնտեսական համագործակցութիւն կազմակերպութեան գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտօնը:

Ի դէպ, 2021 թ մարտին Սամսոն Օզարարատը Երեւանում էր եղել լրատուամիջոցները ֆիքսել էին Օզարարատի եւ նախկին ՀՀՇ-ական եւ այժմ՝  իմքայլական պատգամաւոր Հովհաննես Իգիթեանի հանդիպումը։

Յիշեցնենք, որ հէնց Սամսոն Օզարարատն էր փետրուարին Ֆրանսիայում ընդունել Զարեհ Սինանեանին, երբ Փարիզի սփիւռքահայ աւանդական կազմակերպութիւնները «բացայայտել էին» յանձնակատարի բուն առաքելութիւնը․ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը (CCAF) յայտարարութիւն էր տարածել՝ համոզում յայտնելով, որ սփիւռքի գերագոյն յանձնակատարը Ֆրանսիայ է եկել հայ համայնքը պառակտելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»:

Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ,  ՀՅԴ  Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի հերթական այցին՝ վերահաստատեց՝ Զարեհ Սինանեանի առաքելութիւնը Սփիւռքը պառակտելն է եւ ՀՀ այսօրուայ իշխանութիւններին՝ Փաշինեանին համակիր կազմակերպութիւններ ստեղծելը։

«Մենք գիտենք, որ Սփիւռքն անկախ է, եւ տասնեակ տարիներ ի վեր յաջողութեամբ աշխատանք է տանում՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Ինչո՞ւ փորձել պառակտել Սփիւռքը, տկարացնել այն, երբ գիտենք, որ Հայաստանի ու Արցախի միակ հարստութիւնները Սփիւռքն է․ դժբախտաբար, երկիրը չունի նաւթ, ծով չունի՝ տնտեսութիւնը զարգացնելու համար, եւ միակ հարստութիւնը Սփիւռքն է»,- զարմանքով արձագանքեց Մուրադ Փափազեանը։

Իսկ Նիցցայ այցը, ըստ  ֆրանսահայ գործչի, Զարեհ Սինանեանի կողմից փորձ էր Աննայ Յակոբեանի օժանդակութեամբ կանխելու հերթական ձախողումը։ Այդուհանդերձ, ըստ Փափազեանի, այս հանգամանքը եւս չի «փրկել» Սինանեանին։

«Այս այցելութիւնը եւս շատ աղքատ է եղել գնացել են Նիցցայ՝ ընկերակցելու Սամսոն Օզարարատին եւ Գրիգոր Աժդերհանեանին, որոնք ուղղակի Թուրքիայի հետ յարաբերութիւններ են վարում այսօր, որոնք ուղղակի թրքամէտ շրջանակների հետ կապերի մէջ են»,- նկատեց նա։

Մեր հարցին՝ հաշուի առնելով յիշեալ գործիչների եւ մասնաւորապէս Սամսոն Օզարարատի՝ Թուրքիայի հետ կապերը, արդեօ՞ք կարող ենք ենթադրել, որ նրանք այսօր ձեռնտու են ՀՀ գործող իշխանութիւնների խաղաղութեան օրակարգերին եւ ինչ-որ առումով գուցէ «միջնորդնե՞ր», մեր զրուցակիցը պատասխանեց․

«Չեմ կարող հաստատել, բայց Օզարարատն ինձ է պատմել իր անցեալը․ նա ասել է, որ որբ է եղել եւ աճել է Թուրքիայում՝ շնորհիւ թուրքական կառավարութեան։ Պատմել է, որ Թուրքիայի լաւագոյն դպրոցներում է ուսանել՝ թուրքական կառավարութեան ներդրումով եւ օժանդակութեամբ։ Գիտենք նաեւ, որ նա շատ մտէրիմ է Թուրքիայի ծայրահեղ աջերի հետ,  որ ժամանակին հէնց նա է կապ հաստատել Թուրքիայի եւ Լեւոն Տեր-Պետրոսեանի կառավարութեան միջեւ։

Նա ինձ առաջարկել է իր հետ տանել Թուրքիայ․ երբ 2009 թ․-ին մենք այդ Ֆուտբոլային դիւանագիտութեան դէմ էինք աշխատում, որպէսզի հայ-թուրքական յարաբերութիւնները չստեղծուեին այն գաղափարաբանութեամբ: Թուրքիան, հասկանալով, որ Սփիւռքը խանգարում է,  առաջարկել էր Օզարարատին՝ ինձ հետ յարաբերութիւնների մէջ մտնել եւ Թուրքիայ տանել, որպէսզի այդ կապերը ստեղծուէն։ Անշուշտ՝ մերժել եմ, որովհետեւ այն համոզումն ունեմ, որ Թուրքիան խաղաղութիւն չի ուզում Հայաստանի հետ․ Թուրքիան ցանկանում է իր ձեռքը դել Հայաստանի վրայ, շարունակել 1915թ․ իր քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ։

Ով կարծում է, որ յարաբերութիւններ հաստատելով, սահման բացելով, առեւտրական եւ դիւանագիտական յարաբերութիւնների մէջ մտնելով՝ կարող ենք խաղաղութեան գալ, սխալւում են։ Այսօր Թուրքիան ուղղակի ցանկանում է օգտուել այն քաղաքական կոնտեքստից, որ տիրում է Հայաստանում, եւ հաստատելով յարաբերութիւններ՝ գնել ՀՀ տնտեսութիւնը, ինչը Թուրքիայի համար շատ հեշտ կը լինի, ու վաղը Հայաստանի ժողովուրդը պէտք է աշխատի թուրքական ընկերութիւնների համար։  Այս կոնտեքստի մէջ, աեօ, կան անձեր, որ բանալի անձեր են․ չգիտեմ՝ արդեօ՞ք այսօր Օզարարատը այդ բանալի անձերից է,  բայց հաւանականութիւն կայ»։

Ի դէպ, մամուլում բազմիցս է գրուել, որ Թուրքիայում ծնուած եւ այնուհետեւ Ֆրանսիայ տեղափոխուած Սամսոն Օզարարատը 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակուայ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանի եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցութեան առաջնորդ Ալփարսլան Թիւրքեշի փարիզեան հանդիպումը։ Սամսոն Օզարարատը նաեւ պատմել էր, որ Թիւրքեշն այդ ժամանակ յայտարարել էր՝ եթէ յարաբերութիւններ ստեղծուի, Թուրքիան Հայաստանին կտրամադրի Թուրքիայի ցամաքային եւ ծովային ճանապարհները, կ’իրականացնի Տրանս-կովկասեան աւտօմայրուղին։ Աւտոմայրուղու հետ մէկտեղ՝ պէտք է աւելացուեր երկաթգիծ, գազատար ու նաւթամուղ, եւ պէտք է զարգանար սահմանային առեւտուրը։

Սամսոն Օզարարատը Գրիգոր Աժդերհանեանի հետ մեծ դերակատարում էին ունեցել տարիներ առաջ Նիցցայի հայ համայնքում ներհամայնքային եւ հայկական եկեղեցու շուրջ հրահրուած խժդժութիւններին: «Հենց նրանք են խնդիրներ առաջացնում Նիցցայի հայ համայնքում»,- ժամանակին գրել էր «Հրապարակը»:

Նշէնք նաեւ, որ Օզարարատի անունը կապւում է Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» (Grand Orient de France) մասոնական օթեակի հետ:

Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ,  ՀՅԴ  Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը  մէզ հետ զրոյցում ցաւով արձանագրեց, որ 2018 թ․-ից ի վեր՝ Փաշինեանի կառավարութեան համար յստակ է ճանապարհային քարտէզը, որը Հայաստանը չի տանում հզօրացման։

«Նիկոլ Փաշինեանի նպատակը Հայաստանը տկարացնելն է։ Ընտրելով արեւմտեան թեւը՝ Նիկոլ Փաշինեանը լուրջ վտանգի տակ է դրել Հայաստանը եւ Արցախը։

Ես վստահ եմ՝ընդհանուր ծրագիրն այն է, որ համաձայնութիւն կազմակերպուեր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որպէսզի արեւմտեան ուժերը հաստատուէն Հայաստանում, դուրս հանէն Հայաստանը ռուսական ազդեցութիւնից, որպէսզի ազատ շուկայ եւ բիզնեսի լայն խաւ հաստատուի Հայաստանում, ընկերութիւնները հաստատուէն, եւ որպէսզի նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապն ամրապնդուի։

Սիւնիքի այդ ճանապահը պանթուրքիզմի ճանապարհն է՝ ոչ միայն քաղաքական պանթուրքիզմի, այլեւ՝ տնտեսական։ Գիտենք, որ պատմականօրէն Հայաստանը խանգարել է այդ պանթուրքիզմի հայեցակարգին՝ իր գոյութեամբ»,- շեշտեց նա՝ նկատելով, որ այդպիսով հարցականի տակ է դրուելու Հայաստանի պետականութիւնը։

Սփիւռքահայ գործիչը հէնց այս համատեքստում յիշեցրեց նաեւ Նիկոլ Փաշինեանի նախընտրական՝ «ապագայ կայ, կայ ապագայ» խոստումը՝ արձանագրելով, որ դա մեր ապագան չէ իրականում․

«Ես կասկածում եմ, որ Հայաստանի ժողովրդի ընտրած ապագան է սա, եւ Հայաստանի ժողովուրդն ուզում է այս պայմաններում ապրել ու այս պայմանները թողնել իր երեխաների համար»։

Ի պատասխան մեր վերջին հարցադրումին, թէ ի՞նչ պէտք է անել, որպէսզի այդ ապագան չսպառնայ Հայաստանին՝ Մուրադ Փափազեանը նշեց․

«Պետք է վստահել Դիմադրութեան շարժմանը, պէտք է վստահել ընդդիմութեանը, պէտք է Հայաստանի ժողովուրդն իջնի փողոց, բողոքի, որպէսզի Փաշինեանը ստիպուած լինի հրաժարական տալ, եւ գայ պրոֆէսիոնալների կառավարութիւն, որպէսզի կարողանան Հայաստանը դնել ոչ միայն խաղաղութեան ճանապարհի վրայ, այլ արժանապատիւ խաղաղութեան։

Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը չի կարողանում ապահովել ՀՀ անվտանգութիւնը, խաղաղութիւնը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական զարգացումը։ Ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն արթնանայ, որպէսզի ուշ չլինի։  Մենք ասում ենք՝ Արցախ, Արցախ․ սա Հայաստանի համար է, որովհետեւ Արցախը Հայաստանի վահանն է, եթէ Արցախը բոլորովին ընկնի, Հայաստանը կընկնի»։

Նա յոյս յայտնեց, որ այդ արթնացումի ականատեսը կը լինի․ «Ես վստահում եմ Հայաստանի ժողովրդին»։

Share