ՀՀ գործող վարչախումբը ձեռքերը լուացել է Արցախից․ գործ ունենք ոչ թէ խաղաղութեան պայմանագրի, այլ պարտադրանքի հետ․Ա․ Մոսիեան
NEWS.am-ը Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի հետ զրուցել է Բրիւսելում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի երեկուայ հանդիպման շուրջ։ Հարցազրոյցը ներկայացնում ենք ստորեւ։
-Պարոյ՛ն Մոսիեան, երէկ Բրիւսելում Եւրոպական միութեան նախագահ Շառլ Միշելի միջնորդութեամբ տեղի ունեցաւ Փաշինեան-Ալիեւ հանդիպում, եւ հանդիպումից կարճ ժամանակ անց թէ՛ Հայաստանի կառավարութիւնը, թէ՛ Եւրոպական միութեան նախագահը յայտարարութիւններով հանդէս եկան: Ուշագրաւն այն էր, որ այդ երկու յայտարարութիւններում ԼՂՀ-ի մասին ոչ մի խօսք չկար: Ի՞նչ է սա նշանակում:
-Ամէն անգամ ես ասում եմ, որ Հայաստանի գործող վարչախումբը ձեռքերը լուացել է Արցախից: Այն կեղծ օրակարգը, որը Նիկոլ Փաշինեանը լցրեց խաղաղութեան համապարփակ համաձայնագրի շուրջ, ես չեմ հասկանում ինչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այսօր եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի սահմաններին տիրում է այն իրավիճակը, որ թշնամին մէկ տարուց աւելի Հայաստանի սւուերէն տարածքները հսկում է, եւ խօսել խաղաղութեան օրակարգից, վերջերս էլ դուք գիտեք, որ խորհրդարանի ամբիոնից ասում է այլընտրանք չկայ, բայց դա էլ երաշխիք չէ: Այս ամէնը դժուար է մեկնաբանել, քանի որ սովորական հայի գլխում սա չի տեղաւորւում: Միգուցէ Նիկոլ Փաշինեանը կարողանայ իր պատասխանները մեկնաբանել, որովհետեւ առաւօտեան, կէսօրին եւ երեկոյեան տարբեր բաներ է ասում եւ անում տարբեր բաներ:
-Այդ յայտարարութիւններում ակտիւօրէն խօսւում է խաղաղութեան պայմանագրի նախագծի մշակման մասին, եւ կարծես շատ մօտ է թւում խաղաղութեան պայմանագրի կնքումը: Քանի դեռ լուծուած չէ ԼՂՀ-ի հարցը, արդեօ՞ք կարծում եք ճիշտ ժամանակն է խաղաղութեան պայմանագրի կնքումը:
-Խաղաղութիւնը ժողովուրդների միջեւ հաստատւում է կայ՛մ հաւասարակշռութեան, կայ՛մ պարտադրանքի դէպքում: Այս պարագայում մենք ոչ թէ գործ ունենք խաղաղութեան պայմանագրի, այլ պարտադրանքի հետ: Նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն համաձայնագրից յետոյ, մենք ասել ենք, որ սա դեռ վերջը չի: Անցնող երկու տարիները ցոյց տուեցին, որ դրանից վատ էլ է լինում, եւ համաձայնագրի այն կէտէրը, որոնք վերաբերում են գերիներին չի կատարւում փոխարէնը Ադրբեջանը համաձայնագրից դուրս ստանում է յաւելեալ կէտէր, եւ սա Նիկոլ Փաշինեանի, ինչպէս ինքն է ասել, բանաւոր ընկալումների, եւ բանաւոր պայմանաւորուածութիւնների մասին է: Տարբեր առիթներով ասել եմ, որ մինչեւ Փաշինեանը չբացի այդ պայմանաւորուածութիւնների ամբողջ բովանդակութիւնը, մենք չենք կարող իմանալ, եւ ամէն առաւօտ մենք պէտք է սպասենք վատ լուրի: Խաղաղութեան դարաշրջանի մասին մենք ասել ենք, իսկ ո՞ւր մնաց Արցախը: Բնականաբար, Փաշինեանը եւ իր բարձրաստիճան պաշտօնեաները, երեւի բանաւոր պայմանաւորուել են Արցախ չգալը, նրանք Արցախի հետ գործ չունեն եւ Արցախ անունը չէն տա: Վաղը սեպտեմբերի 2-ն է, եւ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ղեկավարի այն բարձրագոյն աթոռը զբաղեցնող անձն է, որը պատերազմից յետոյ դեռ Արցախ չի այցելել: Չգիտեմ՝ այդ ինչ համաձայնագրի մասին կարող է խօսք լինել, որ Արցախը եւ Արցախի կարգավիճակի հարցը մէջը ներառուած չէն:
-Արցախի ԱԺ նախագահը դեռ մէկ ամիս առաջ էր, որ Հայաստանի խորհրդարանական ուժերին հրաւիրել է Արցախ՝ մասնակցելու Արցախի անկախութեան 31-րդ տարեդարձին: Տեղեկութիւններ ունե՞ք՝ իշխող ուժից այդ հրաւէրը ընդունել են:
-Իշխանութեան մասով տեղեկութիւն չունեմ, գիտեմ, որ «Պատիւ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքը ներկայ են լինելու:
-Ռուսական լրատուամիջոցները վերջին շրջանում տեսակէտներ են շրջանառում, որ Բրիւսելը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը իր ձեռքը վերցնելով, փորձում է Ռուսաստանին դուրս մղել այդ գործընթացից: Եթէ այս սցենարը իրականութիւն դառնայ, ապա արցախցիների ապագան ինչպե՞ս եք պատկերացնում:
-Ռուսաստանը խաղաղապահների տեսքով Արցախում այլ ներկայութիւն ունի եւ Հայաստանում այլ ներկայութիւն ռուսական ռազմաբազայի տեսքով: Ես չեմ կարողանում պատկերացնել այնպիսի մի իրավիճակ, որ Ռուսաստանը դուրս մղուի այս բանակցութիւններից: Ասուածի վառ ապացոյցը Ռուսաստանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքն էր Բրիւսելում տեղի ունեցած հանդիպմանը, նշելով՝ Բրիւսելը ոչինչ չի կարող առաջարկել:
-Վաղը Ստեփանակերտում մեծ հանրահաւաք է սպասւում: Մի փոքր խօսենք օրուայ խորհրդի մասին:
-Վաղուայ օրուայ խորհուրդը միասնականութիւնն է, դա էր պատճառը, որ մենք կարողացանք սեպտեմբերի 2-ը կերտել Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան շնորհիւ: Դժբախտաբար, 2018 թուականին Նիկոլ Փաշինեանը եկաւ իշխանութեան եւ քանդեց այդ եռամիասնութիւնը:
-Եթէ վաղը Հայաստանի իշխանութիւններից որեւէ մէկը չլինի Արցախում, Դուք դա ինչպե՞ս կբացատրեք:
-Մենք յոյս չունենք, որ Հայաստանի իշխանութիւններից որեւէ մէկը կը լինի:
-Պատէրազմից գրեթէ երկու տարի անց Շուշիի անկման համար մեղադրւում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանեանը: Տեղեակ ենք, որ օգոստոսի 31-ին նախատեսուած էր Փաշինեան-Ալիեւ հանդիպումը, եւ հէնց այդ օրն էր, որ Արզումանեանին ձերբակալեցին: Երեկ էլ հանդիպումից յետոյ կալանաւորուեց: Կապ տեսնո՞ւմ եք ձերբակալման եւ կալանաւորման հետ:
-Ես որեւէ բան պատահական չեմ համարում: Մենք յիշում ենք, թէ ինչպէս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դատավարութիւնը տեղի ունեցաւ Շուշին գրաւելու օրը: Փաշինեանի ցանկացած հանդիպումը Ալիեւի հետ ինչ-որ «մասկի շոուներ» են եղել: Ես մի բան գիտեմ, որ Արզումանեանը այդ օղակը չի: Եթէ ինչ-որ մէկին պէտք է դատել այս գործերի համար, ապա դա Նիկոլ Փաշինեանն է: Բայց հիմա Հայաստանում տեղի է ունենում մեղաւորների նշանակման գործընթաց: Մի մարդ խորհրդարանում կանգնում է եւ ասում՝ մենք հպարտ ենք: Բոլորը մեղաւոր են, բացի իրենցից: