Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախեան հարցում»

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը, Զելենսկին, Ալիեւը գաղափարակից ընկերներն են Արցախեան հարցում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան չեմ բացառում, որովհետեւ Զելենսկին, Փաշինեանը, Ալիեւը, գոնէ Արցախի հարցում, գաղափարակից ընկերներ են: Այս մասին փետրւարի 26-ին, լրագրողների հետ զրոյցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Զելենսկու նախագահութեան օրօք Կիեւում «Ղարաբաղն Ադրբեջան է» տողերով պաստառներ էին կախել, Զելենսկին շնորհաւորում էր Ալիեւին՝ տարածքային ամբողջականութեան վերականգնման առիթով: Փաշինեանը նոյն քաղաքականութեան կրողն է, չեմ զարմանայ, որ հրաւիրած լինի: Հայաստանին դա ռիսկերից եւ վտանգներից բացի ոչինչ չի տայ: Ինքը ոչինչ չի տայ Հայաստանին, ի՞նչ իմաստ ունի լարել յարաբերութիւնները որեւէ երկրի հետ յանուն ոչնչի։ Էն աստիճանի ենք ընկել, որ յոյսներս Զելենսկի՞ն է։ Ես որեւէ ռացիոնալ բացատրութիւն չունեմ, թէ ինչու է ինքը գալիս Հայաստան։ Կարծում եմ՝ ինքն աւելի լուրջ բաներ ունի անելու իր երկրում, բայց դա իր երկիրն է, ինչ ուզում է՝ անի։ Ես մի բան գիտեմ, որ մի մարդու մուտք Հայաստան, որը շնորհաւորում է Ալիեւին՝ տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու համար, չպէտք է լիներ»,- նշել է նա։

Խաչատրեանը խօսելով Հայաստանի ՀԱՊԿ-ի հետ անդամակցութեան սառեցման մասին, ասել է․ «Կիսայղի չեն լինում, եթէ յայտարարում ես, պաշտօնապէս պիտի յայտարարես: Իսկ այլընտրանքը ո՞րն է: Այս խառը օրերին, երբ աշխարհում անվտանգային մարտահրաւէրները խիստ սրւել են, նոյնիսկ տրադիցիոն չէզոք Ֆինլանդիան եւ Շւեդիան, դիմեցին եւ անդամակցեցին ՆԱՏՕ-ին: Հիմա Փաշինեանն ասում է արտաբլոկային քաղաքականութիւն է վարում: Աղւէսի մռութը խաղողին չհասաւ, ասաց, խաղողը թթու է: ՀԱՊԿ-ում իր յարաբերութիւնները գործընկերների հետ նախանձելի չեն, սկսած Իւրի Խաչատուրովին ձերբակալելուց․ ՆԱՏՕ-ն էլ չի ընդունում Հայաստանին, ինքն էլ ՀԱՊԿ-ում չի ուզում մնալ, ասում է՝ ես կը մնամ մենակ»։

Հարցին՝ Ֆրանսիան Հայաստանի համար ռէալ անվտանգութեան դաշնակից կարո՞ղ ենք համարել, պատգամաւորն ասել է․ «Ցանկացած երկիր, ցանկացած աջակցութիւն, որը կը բարձրացնի Հայաստանի պաշտպանունակութիւնը, իհարկէ ողջունելի է, հաշւի առնելով Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մարտահրաւէրները»։

Share