Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղէտի եւ պայքարի պատմութիւններ

Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղէտի եւ պայքարի պատմութիւններ

«Հայկական առաքելութիւն» բարեգործական հիմնադրամը ս․ թ․ ապրիլի 7-ին կազմակերպել է «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղէտի եւ պայքարի պատմութիւններ» խորագրով պանելային քննարկումը։ Բացման ողջոյնի խօսքում հիմնադրամի տնօրէն Սիրանուշ Ասատրեանը շնորհաւորել է ներկաներին մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ՝ ցանկանալով, որ իրենց ուժն ու պայքարի ոգին փոխանցուի բոլոր հայ կանանց ու մայրերին՝դրանով իսկ նպաստ բերելով վերստին ազատ Արցախ ունենալու բոլորիս մեծ գործում։

Պանելային քննարկման ժամանակ բանախօսել են լրագրողներ Ծովինար Բարխուդարեանը, Աննայ Մանգասարեանը, Ալուինայ Աղաբաբեանը, Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի երիտասարդութեան եւ մշակոյթի հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիեանը, ԱՀ եւ ՀՀ նախկին պետական ծառայող, ներկայումս՝ քաղաքացիական ակտիւիստ Արեգայ Յովսեփեանը։

Բանախօսները պատմել են շրջափակման, պատերազմի եւ բռնի տեղահանութեան ժամանակաշրջանի դժուարութիւնների, դրանք վերապրելու եւ յաղթահարելու պատմութիւնների մասին։ Անդրադարձ է եղել նաեւ առհասարակ Հայաստանի եւ Արցախի, ինչպէս նաեւ արցախցիների ներկայիս սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին եւ դրանց լուծման միջոցներին՝ յատուկ ընդգծելով կանանց դերի նշանակութիւնը։

Զուգահեռներ են տարուել նաեւ մեր օրերի եւ 1990-ականների պայքարի ու արցախցիների տոկունութեան միջեւ՝ արձանագրելով, որ վերջնական յաղթանակի հանդէպ հաւատը յաղթանակն ապահովող կարեւոր պայման է։ «Եթէ ես յոյսը չունենամ, որ մի օր գնալու եմ Արցախ՝ մեր տուն, եղբայրական գերեզման, Շուշի, ես պարզապէս կը դադարեմ ապրել»,- նշել է բանախօսներից Ա․ Յովսեփեանը։

Ա․ Աղաբաբեանն իր ելոյթում, ի շարս պատերազմի ականատես լինելուանձնական ապրումների ներկայացման, անդրադարձել է նաեւ Հայաստանի սահմանների եւ տարածքների ներկայիս վտանգուածութեանը, ինչպէս նաեւ երկարաժամկէտ եւ տեւական յաղթանակի համար իշխանութեան փոփոխութիւնից բացի՝ նաեւ բնակչութեան զանգուածային ոգեփոխութեան եւ ճգնաժամային տոկունութեան բարձրացման հարցերին։

Ե․ Հայրիեանն յիշատակել է արցախեան ինքնատիպ ենթամշակոյթի, այդ թւում՝ բարբառների ու խօսուածքների վտանգուածութեան հարցը։ Ծաւալուած քննարկման ընթացքում ներկաները կիսուել են պատմութիւններով, որ ՀՀ ներկայիս իշխանութիւնները խոչընդոտում են արցախցիների՝ միասին համախումբ բնակուելու եւ դրա միջոցով սեփական խմբային դիմագիծն ու ենթաինքնութիւնը պահելու փորձերը։

«Հայկական առաքելութիւն» հիմնադրամն ակտիւ գործունէութիւնն սկսել է 2023 թ․ սեպտեմբերին՝ Արցախի ժամանակաւոր հայաթափման օրերից։ Կազմակերպութեան գործունէութիւնն ուղղուած է բռնի տեղահանուած արցախցիներին տարաբնոյթ աջակցութեան ցուցաբերմանը։ Հիմնադրամի գործունէութեան կարեւորագոյն սկզբունքներից մէկն իրականացուող ծրագրերի աստիճանական ընդլայնումն է ու դրանց շարունակականութեան ապահւումը։ Մինչ այս պահը «Հայկական առաքելութիւն» հիմնադրամն աջակցել է 1500 արցախցու, որից 406-ը՝ երեխաներ, աշխատանքով ապահովել 5 ընտանիքի, կազմակերպել 31 մասնագիտական դասընթաց եւ ամանորեայ 2 միջոցառում։

ԵՐԿԻՐ

Share