Արցախի սկաուտները Շուեդիայում մասնակցել են միջցամաքային համաբանակումի

Արցախի սկաուտները Շուեդիայում մասնակցել են միջցամաքային համաբանակումի

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի 10 սկաուտներից կազմուած խումբը յուլիսի 13-ից 19-ը մասնակցել է Շուեդիայում կազմակերպուած միջցամաքային համաբանակումի, որին ներկայ էին 10 երկրների պատուիրակութիւններ։ Բանակումն անց է կացուել Վասար-Օ սկաուտական կղզում։ Արցախցի սկաուտների համար դա երկրորդ ճանապարհորդութիւնն է այլ երկիր, եւ այս անգամ եւս նրանք հիանալի տպաւորութիւններով են վերադարձել Հայաստան․ նոր բացայայտումներ, նոր ծանօթութիւնններ ու յագեցուած օրեր․․․ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Սանդրայ Վարդանեանը Հայաստանի պատուիրակութեան հետ մեկնել էր Շուեդիայ եւ ամէն մի հարցում երիտասարդների կողքին էր՝ պատրաստ օժանդակելու ընթացիկ աշխատանքներին։

Վիկտորիա Մկրտչեան

-Մեր խմբում 19 հոգի էինք, 10-ը՝ Արցախից, 9-ը՝ Հայաստանից եւ մէկ հոգի Հայաստանի վարչութիւնից։ Մեր օրերը շատ բովանդակալից էին, ու մօտ մէկ շաբաթ տեւած բանակումի ընթացքում շուրջ 170 մասնակից առաջնորդուել է սկաուտների ամենակարեւոր կարգախօսներից մէկով՝ մէկը բոլորի համար, բոլորը՝ մէկի: Կարգապահութիւնն ու մաքրութիւնը ճամբարում առաջանային կարեւորութիւն ունեն ու մէզանից իւրաքանչիւրը հաւատարիմ է մնացել այդ կանոններին։ Վառ տպաւորութիւններով, նոր գիտելիքներով ու հմտութիւններով ենք վերադարձել տուն: 

Լիլիթ Բաղդասարեան

-Շատ մեծ սպասելիքներ ունէինք, ու կարելի ասել, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացուել են, քանի որ ծրագիրն ու պատասխանատուների կազմը շատ լաւն էր։ Մեր երկրորդ ճանապարհորդութիւնն էր՝ Լիբանանից յետոյ։ Շրջափակման պատճառով չենք կարողացել մասնակցել մի շարք ծրագրերի։ Վերջին ՀՄԸՄ բանակումին, որ տեղի է ունեցել Բիւրականում, մենք միացանք օնլայն։

Շուեդիան մէզ համար բացայայտումների երկիր էր՝ իր մշակոյթով եւ բնութեամբ։ Թեկուզ բոլորս հայ էինք, բայց ներկայացնում էինք տարբեր երկրների մշակոյթ։ Ոչ մի նմանութիւն չունէինք իրար հետ եւ զարմանքով էինք հետեւում միմեանց, որը նոյնպէս հետաքրքիր էր։ Ծրագիրը յագեցած էր։ Բանակումը կազմակերպուել է հէնց սկաուտական կղզում, ու երբ իմացել ենք այդ կղզու պատմութիւնը, մեծ հպարտութիւն զգացինք, որ մասնակիցն ենք այդ ծրագրի։ Այդ օրերի ընթացքում կարողացանք լրիւութեամբ բացայայտել կղզին, եղանք նրա ամէն մի մասում։ Մթնոլորտը շատ անկաշկանդ էր ու մենք՝ որպէս արցախցի, միշտ ուշադրութեան կենտրոնում էինք։ Այդ օրերը մէզ համար տպաւորիչ ու անմոռանալի կը մնան։

Լիզայ Գրիգորեան

-Ծրագրի ամենահետաքրքիր մասը անուանաքարտէր (բեյջ) ստանալն էր, որը տրամադրւում էր ըստ մեր ունեցած ունակութիւնների։ Սկաուտները ակտիւութիւն էին ցուցաբերում, որ յաղթող ճանաչուէն՝ ճաշ պատրաստելու, թիաւարելու, մագլեցելու, լեռնագնացութեան, ձեռային աշխատանքների եւ այլ հմտութիւնների համար։ Կազմակերպւում էին տարբեր մրցոյթներ, խաղեր, արշաւներ։ Մեզ համար հետաքրքիր ու համով էին նաեւ շուէդական ճաշատեսակները։

Բանակումի փակումից յետոյ կազմակերպուել է տօնախմբութիւն, երեկոյեան խարոյկահանդէս։ Տպաւորիչ էին ազգային  պարերը, որ ներկայացուել են այդ օրը։ Բոլորն էլ հայեր էին, սակայն բոլորի մօտ ամէն ինչ ուրիշ էր՝ անգամ հագուկապը, կեանքին նայելը։ Պարերն էլ մատուցւում էին իւրովի։ Միեւնոյն ժամանակ ուրախալի էր, որ երիտասարդներից իւրաքանչիւրը ծնուելով եւրոպական տարբեր երկրներում, միեւնոյն է, իրենց հայ են համարում, խօսում հայերէնով եւ հպարտանում իրենց ծագմամբ։ Այդ օրը Արցախի վերաբերեալ երգեր հնչեցին, եւ իւրաքանչիւրի դէմքին ցաւ էր նկատւում։ Ու մենք կրկին համոզուեցինք, որ Արցախի կորուստը համընդհանուր ցաւ է։ Տպաւորիչ էր վերջին օրուայ ընդհանուր աղօթքի ծիսակատարութիւնը։

Արցախցի սկաուտներն աւարտեցին հերթական բանակումը եւ, իհարկէ, սպասում են նոր բանակումների կազմակերպման, որոնք հոգեպէս ու ֆիզիկապէս կրթուելու, հայրենիքի համար պիտանի լինելու եւս մի հնարաւորութիւն է նրանց համար։

Կարինէ ԲԱԽՇԵԱՆ

Share