Այս տարուայ յունուարին ձեւաւորուած՝ Արցախի հարցով միջազգային յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանը եւ յանձնախմբի անդամներն աւարտել են յանձնախմբի երկրորդ շրջափուլի հանդիպումները եւ, ըստ տեղեկութիւնների, մի քանի օր է՝ Հայաստանում են։
Արցախի քաղաքական գործիչները սպասում են Օսկանեանի հետ հանդիպմանը, ով այս անգամ էլ կարեւոր հանդիպումներ է ունեցել հիմնականում Շուեյցարիայում։
Նախորդ անգամ՝ ամիսներ առաջ նոյնպէս Օսկանեանն արտէրկրում էր եւ տասնեակ հանդիպումներ էր ունեցել հայազգի եւ եւրոպացի քաղաքական տարբեր գործիչների, միջազգային կառոյցների ներկայացուցիչների հետ, այդ թւում՝ Հարաւային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյուոյ Կլաարի։
Յանձնախումբը, յիշեցնենք, ստեղծուել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչուած է զբաղուելու Արցախի ժողովրդի հաւաքական հայրենադարձութեան եւ այլ իրաւունքների պաշտպանութեան հարցերով։ Այս շրջագայութիւնն արդէն որոշակիութիւն կը հաղորդի, թէ կա՞ն արդյօք շանսէր՝ Արցախ վերադառնալու առումով, թե՞ զուր ճիգեր են գործադրւում։ Տեղեկացանք նաեւ, որ Արցախի ինստիտուտների շարունակականութիւնն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրաւաբանների մասնագիտական խումբ ձեւաւորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկէն, որպէսզի, եթէ հնարաւոր չլինի եկող տարի համապետական ընտրութիւններով նոր խորհրդարան ձեւաւորել, ապա խորհրդարանի լիազօրութիւնները երկարաձգելու հնարաւորութիւն ընձեռուի՝ հէնց օրէնսդիրների որոշմամբ։