Օգոստոսի 23-ի առաւօտեան, տեղի է ունեցել ԱՀ խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զօրակազմի ղեկավարութեան հետ։
Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնեօվի՝ վերջերս արուած յայտարարութիւնն էր, ինչպէս նաեւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
Հանդիպման ընթացքում վերոնշեալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զօրակազմի պատասխանատուների կողմից տրուել են պարզաբանումներ։ Մասնաւորապէս յղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը՝ նշուել է, որ նոր երթուղին ունենալու է նոյն միջանցքի իրաւական կարգավիճակը, եւ պահպանուելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչեւ ՌԴ խաղաղապահ ուժերի անցակէտէրի տեղակայում։
Անդրադառնալով վերջին իրադարձութիւններին՝ ՌԴ խաղաղապահ զօրակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսեան դէպքերի հետ կապուած կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կը գործադրէն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու եւ մեր բնակչութեան պատշաճ անվտանգութիւնը ապահովելու համար։