Լիբանանում է Արցախի ԱԺ պատուիրակութիւնը

Լիբանանում է Արցախի ԱԺ պատուիրակութիւնը

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանի գլխաւորած պատուիրակութեան կազմում հայ համայնքի հրաւէրով Լիբանանում է: Պատուիրակութեան կազմում են նաեւ՝ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինէ Ալեքսանեանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Կարէն Վանեանը։

Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գիւղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատուիրակութեանը դիմաւորեցին քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտէի ներկայացուցիչները։ «Սարգիս Զեյթլեան» ժողովրդային տանը հանդիպելուց յետոյ պատուիրակութեան անդամները այցելեցին գիւղաքաղաքի պատկերասրահ, Մուսայ լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի եւ Մուսայ լեռան հերոսամարտի յուշահամալիր։

Այնուհետեւ «Մովսես Տեր Գալուստեան» սրահում հանդիպել են գիւղաքաղաքի հայ բնակչութեան հետ։

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչութեանն է ներկայացրել մինչպատերազմական եւ հետպատերազմեան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացուած եւ ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի եւ արցախցիների ինքնորոշման հարցով ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ ԱԺ խմբակցութիւնների բազմիցս հրապարակած յայտարարութիւններին եւ հարցազրոյցներին։ Իր ելոյթում ԱԺ նախագահը առնաձնապէս շեշտել է ռուս խաղաղապահ զօրակազմի դերակատարութիւնը՝ որպէս Արցախի ժողովրդի անվտանգութեան վստահելի երաշխաւորի։

Արթուր Թովմասեանը տպաւորուած է Այնճարի բնակչութեան նիստուկացով, աւանդոյթներով, արցախեան հիւրասիրութեամբ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում ամենակազմակերպուած հայկական համայնքն է։

Նրանք բազմաթիւ ընդհանութիւնններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկայ են արցախեան բարբառի նմուշներ։ Գիւղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչութեան մեծամասնութիւնը մարտնչող դաշնակցականներ են։ Չնայած բազմաթիւ կենցաղային հոգսերի՝ այնճարցիները մտահոգուած են Արցախի ապագայով։

Արցախեան ազատամարտին անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գեւորգ Հաջիեանը անմահացել է Արցախեան 3-րդ պատերազմում։

Այցելելով Մուսայ Լեռան ազգագրական թանգարան՝ ԱԺ նախագահը տպաւորութիւններով կիսուել է գիւղաքաղաքի յուշամատեանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր ԱՀ ԱԽ քարտուղար Վ․ Բալասանեանը։

Հանդիպմանը ելոյթով հանդէս է եկել ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը։

Share