ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՒՂԵՐՁԸ
ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղութիւն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերեալ
2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ եւ օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների ներգրաւմամբ, կոպտօրէն խախտելով ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրեայ ռազմական ագրեսիայ, որը դադարեցուեց Ռուսաստանի Դաշնութեան միջնորդութեամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ յայտարարութեամբ։ Եռակողմ յայտարարութեամբ սահմանուած կարգով Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետութիւնում տեղակայուել է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմ՝ 5 տարի ժամկէտով՝ յետագայում երկարաձգման հնարաւորութեամբ, եթէ Կողմերից որեւէ մէկը ժամկէտի աւարտից 6 ամիս առաջ չյայտարարի սոյն դրոյթի կիրառումը դադարեցնելու մտադրութեան մասին:
Եռակողմ յայտարարութեամբ Ռուսաստանի Դաշնութիւնը, ըստ էութեան, իրացրել է ՄԱԿ-ի կանոնադրութեան 6-րդ գլխում սահմանուած վէճերի խաղաղ կարգաւորման դրոյթները, մասնաւորապէս, 33-րդ յօդուածի 1-ին մասը, հակամարտութեան կողմերի միջեւ վէճի կարգաւորումը տեղափոխելով «միջնորդութեան, համաձայնութեան եւ բանակցութիւնների» դաշտ, ինչը ձախողուել է Ադրբեջանի կողմից դրսեւորուող շարունակական եւ լայնածաւալ ագրեսիայի հետեւանքով՝ հակամարտութեան ուղղակի եւ անուղղակի կողմերի ներգրաւմամբ ստեղծելով տարածաշրջանային ճգնաժամ։ Միւս կողմից` շարունակւում է անտեսուել Արցախի Հանրապետութեան սուբյեկտայնութիւնն ու Արցախի ժողովրդի կամարտայայտութիւնը։ Արցախի ժողովուրդը, միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների, ինչպէս նաեւ ԽՍՀՄ օրէնսդրութեան համապատասխանութեամբ, իրացրել է ինքնորոշման իր իրաւունքը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւն, այնուհետեւ դեկտեմբերի 10-ին անցկացնելով Անկախութեան հանրաքուէ։
Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրախումբը օժտուած չէ միջազգային մանդատով․ հանգամանք, որը կանաչ լոյս է վառում Ադրբեջանի կողմից Եռակողմ յայտարարութեան եւ միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների խախտումների, տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան շարունակական վտանգման համար։ Ասուածի փաստական ապացոյցներն են Ադրբեջանի կողմից Եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած հրադադարի ռեժիմի ու միջազգային իրաւունքի նորմերի կոպտագոյն խախտումները, այդ ամէնի վերաբերեալ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի եւ ՄԱԿ-ի միջազգային արդարադատութեան դատարանի որոշումներով, ԵԽԽՎ-ի բանաձեւով արձանագրումները: Մասնաւորապէս Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախի՝ արդէն եօթ ամսից աւել շարունակուող շրջափակումը, ենթակառուցուածքների խափանումը, քաղաքացիական բնակչութեան նկատմամբ իրականացուող շարունակական ահաբեկումները, ազգային ատելութեան քարոզչութիւնը, հայկական եկեղէցիների, պատմամշակութային, կրօնական եւ այլ յուշարձանների միտումնաւոր ոչնչացման եւ վանդալիզմի արձանագրուած բազմաթիւ դէպքերը: Նշուած եւ այլ մեթոդներով Էթնիկ զտումների քաղաքականութիւնը մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութեան բացայայտ դրսեւորումներ են։
Հիմք ընդունելով այդ ամէնը, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի՝ գալիք սերունդներին պատերազմի, էթնիկ զտումների եւ ցեղասպանութեան արհաւիրքից փրկելու վճռականութիւնն ու միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման պատասխանատուութիւնը՝ Արցախի ժողովրդի բարձրագոյն ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, կոչ է անում.
Հայաստանի Հանրապետութեանը՝
- անյապաղ միջոցներ ձեռնարկել Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած խաղաղապահ առաքելութեանը միջազգային մանդատով օժտելու համար՝ սահմանուած ընթացակարգով դիմելով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, Գլխաւոր ասամբլեային՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման ուղղութեամբ։
Միջազգային հանրութեանը՝ ի դէմս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամ-երկրների՝
Հաւատարիմ լինելով ՄԱԿ-ի կանոնադրութեան 1-ին գլխում սահմանուած նպատակներին ու սկզբունքներին եւ առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեան 7-րդ գլխում սահմանուած կարգով՝ ընդունել իմպերատիւ բնոյթի որոշում (բանաձեւ)՝ ձեռնարկելով եւ սահմանելով Արցախում խաղաղութիւն պարտադրելու գործուն միջոցներ:
Արցախի Հանրապետութիւնը յանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհաւիրքից, վերահաստատելու հաւատը մարդու հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների, ինչպէս նաեւ մեծ ու փոքր ազգերի հաւասար իրաւունքների նկատմամբ, ուստի այդ կառոյցներից ակնկալում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովէն միջազգային իրաւունքի նորմերից բխող պարտաւորութիւնների հանդէպ յարգանքը, ազատութեան պայմաններում խթանել Արցախի ժողովրդի արժանապատիւ կեանքի ապահւումը:
ք․ Ստեփանակերտ
21 յուլիսի, 2023թ․