«Դուք տեսե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի ստորագրութիւնը, որտեղ Արցախը չկայ։ Մադրիդեան սկզբունքները չէն աւարտուել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինեանը, սա փաստ է»
Արմէն Ռուստամեանի ճեպազրոյցը Ազգային ժողւում ՝ ընդդիմութեան հրաւիրած արտահերթի նիստի տապալումից յետոյ. Արցախը բանակցութիւններից դուրս է թողել հէնց Նիկոլ Փաշինեանը․
Ենթադրելի է, որ Բրիւսելում նախանշուել է մի ընթացք, որին համապատասխան քայլեր են կատարւում կապուած սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ. այսօր՝ յունիսի 3-ին, Ազգային ժողւում ՝ ընդդիմութեան հրաւիրած արտահերթի նիստի տապալումից յետոյ, լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
«Նիկոլ Փաշինեանն ասաց՝ առաջիկայ օրերին պէտք է լինէն սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ, եղան։ Խաղաղութեան պայմանագրի շուրջ կարծում եմ՝ կը լինի առաջիկայ օրերին։ Առաջիկայ հանդիպումը նախատեսուած է յուլիս-օգոստոս ամիսներին։ Շատ հաւանական է, որ յուլիս-օգոստոս ամիսներին այս ամենն ամփոփուի, եւ մէզ նորից փաստի առջեւ կանգնեցնեն»,- ասաց Ռուստամեանը։
Արմէն Ռուստամեանի խօսքով՝ մարդիկ, որոնք գիտակցում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պէտք է հասկանան նաեւ, որ այդ ճանապարհից խուսափելու ելքն այս իշխանութիւնների հեռացումն է։
«Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթէ Արցախը մնաց Ադրբեջանի կազմում, Արցախում հայ չի մնա։ Ինքնորոշման իրաւունքը կատարւում է Արցախի ժողովրդի միջոցով, եւ իրենց տեսակէտն այստեղ հնարաւոր չէ անտեսել։ Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որի առաջին հանգրուանն անկախութիւնն էր, ինչից յետոյ Արցախը կ’որոշեր միանալ, թէ չմիանալ։ Չի կարելի թռնել այդ հանգրուանից, որովհետեւ ամբողջ անցած ճանապարհը դու դարձնում ես անիմաստ։ Հայաստանն այսօր որեւէ դիրքորոշում, կարմիր գիծ չի ներկայացնում։ Բոլորն իրենց շահերն են հետապնդում, աշխարհաքաղաքական վերադասաւորումներ են լինում, իսկ Հայաստանը յայտնուել է մի վիճակում, երբ քամին որ ուղղութեամբ փչի, կգնայ»,- ընդգծեց Արմէն Ռուստամեանը։
Արմէն Ռուստամեանի խօսքով՝ անուիճելի փաստ է, որ Արցախը բանակցութիւններից դուրս է թողել Նիկոլ Փաշինեանը։
«Դուք տեսե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի կամ Սերժ Սարգսեանի ստորագրութիւնը, որտեղ Արցախը չկայ։ Մադրիդեան սկզբունքները չէն աւարտուել փաստաթղթով։ Այդպիսի փաստաթուղթ ստորագրել է միայն Նիկոլ Փաշինեանը, սա փաստ է»,- ասաց Արմէն Ռուստամեանը։