Պնդումը, թէ 30 տարուայ ընթացքում անհնար էր ճանաչել Արցախի անկախութիւնը, բացայայտ սուտ է։ Թէ՛ կոսովեան նախադէպով, թէ՛ կիպրոսեան նախադէպով, թէ՛ Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապուած նախադէպով մենք տեսնում ենք, որ դա հնարաւոր էր եւ վաղուց պէտք էր ճանաչել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը։
Նա վստահութիւն յայտնեց, որ այդ դէպքում հակամարտութիւնն այլ երանգ կը ստանար, հարցը կը քննարկւէր այլ հարթութիւնում եւ այլ հարթակում։
Նրա գնահատմամբ՝ ամենամեծ սխալն այն է, որ Արցախի հարցը եւ դրա հետ կապուած Սիւնիքը յաճախ դիտարկւում է միայն հայ-ադրբեջանական յարաբերութիւնների համատեքստում, այն դէպքում, երբ այն կախուած է ուժեղ խաղացողների ուժերի հաւասարակշռութիւնից։ Կոսովոյի, Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի նախադէպերը ցոյց են տալիս, որ շահագրգռուած կողմերը անհրաժեշտութեան դէպքում ճանաչում են այս կամ այն կազմաւորման անկախութիւնը։
«Պուտինը 44-օրեայ պատերազմից յետոյ յայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դէպքում ռուսական զօրքերը կարող էին եւ չստանալ Ադրբեջանի համաձայնութիւնը։
Կարծիքն այն մասին, թէ Արցախի անկախութիւնն անհնար էր ճանաչել, ստեղծուել է դեռեւս 1990-ականներին, եւ արդարացւում էր այն մասին թէզիսներով, թէ մենք պէտք է նորմալ յարաբերութիւններ հաստատենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ի հաշիւ Արցախի։ Կարծիքն այն մասին, որ եթէ մենք բարեկամութեան ձեռք մեկնենք, ապա ոչ մի խնդիր չի լինի, նոյնպէս ճիշտ չէ։
Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թէ Արցախն է, այլ առաջին հերթին Սիւնիքը, որը խոշոր աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի եւ կապուած է Արեւելք-Արեւմուտք եւ Հիւսիս-Հարաւ կոմունիկացիաներով»,- ընդգծեց փորձագէտը։
Արցախի ճակատագիրը կախուած է այն աշխարհակարգից, որն այժմ ձեւաւորւում է։ «Մենք տեսնում ենք Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ակտիւութիւնը, ուկրայինական խնդիրը։ Արցախահայերի ճակատագիրը կախուած է այդ գործընթացներից։ Արցախի հարցը կարող է մնալ կախեալ վիճակում, իսկ Սիւնիքը մենք կարող ենք կորցնել։ Խնդիրն Արցախը չէ, այլ Սիւնիքը։ Մի կողմում լուրջ փողեր են, այդ թւում բրիտանական, միւսում՝ Իրանի եւ Ռուսաստանի տարածքային ամբողջականութիւնը։
Բրիտանիայի ռազմավարութիւնն այն է, որ ուժեղացնի թուրքական աշխարհը, ինչպէս ուժեղացրեց Ուկրայինան, մեկուսացնի Ռուսաստանն ու Իրանը, խաղից հանի նրանց եւ նոր աշխարհ ստեղծի։ Մենք յայտնուել ենք այդ գլոբալ բախման կենտրոնում։ Ապագայում մենք կարող ենք թէ՛ կորցնել, թէ՛ շահել այդ բախումներից»,- նշեց քաղաքագէտը։
Այս ամբողջ խաղում, անկախ 44-օրեայ պատերազմի արդիւնքներից, կարեւոր է եւ այն, թէ ինչ քաղաքականութիւն կը փորձի վարել Հայաստանը։ «Բայց Հայաստանի իշխանութիւնները ոչ մի քաղաքականութիւն չեն վարում, նրանք միայն փորձում են իրավիճակային լուծումներ գտնել։ Բացի այդ, իշխանութիւնում կան խմբաւորումներ, որոնք գործում են Հայաստանի շահերի դէմ»,- ասաց Ստեփան Դանիէլեանը։