Արցախի հերոսուհին` Դիպուկահար Մարգարիտա Սարգսեանը

Արցախի հերոսուհին` Դիպուկահար Մարգարիտա Սարգսեանը

Տիրուհի Գասպարեան

Բարի, խելացի ու անվախ Մարգարիտան Արցախեան հերոսամարտի այն կանանցից էր, ով սահմանին տղամարդկանց հետ հաւասար կռւում էր թշնամու դէմ։

Մարգարիտա Սարգսեանը ծնուել է ԼՂՀ Մարտունու շրջանի Հացի գիւղում 1960 թուականին։

12-րդ դարում թուրք-սելճուքների դէմ Այծեմնիկն էր պայքարում, Արցախեան գոյամարտում՝ տասնեակ հայուհիների հետ Մարգարիտան։
Պատմում է Լիանա Սարգսեանը, հերոսուհու քոյրը.

«14 տարեկանում տեղափոխուել եմ Երեւան, Մարգարիտան 10 տարեկան էր այդ ժամանակ։ Մեր պատանեկութիւնն, ցաւօք սրտի, միասին շատ չենք անցկացրել՝ ես Երեւանում էի, իսկ նա Ստեփանակերտում։

Մարգարիտան փոքրուց փայլում էր իր բազմապիսի գիտելիքներով, բազմակողմանի զարգացած էր նա։

Ստեփանակերտից մեթոդիստները, երբ եկել էին գիւղի դպրոց հերթական դասալսման, նկատել էին Մարգարիտայի բարձր գիտելիքները եւ ծնողներին առաջարկել էին նրան տեղափոխել Ստեփանակերտ՝ ուսումը շարունակելու տեղի գիշերօթիկ դպրոցում։ Արտակարգ գիտելիքների համար Մարգարիտային չորրորդ դասարանից տեղափոխել են վեցերորդ դասարան։ 16 տարեկանում նա արդէն ֆիզիկոմաթեմատիկական ֆակուլտետի ուսանող էր։

Միշտ մտածում էինք ինչ կը դառնայ Մարգարիտան, այդքան շնորհաշատ եւ գիտելիքներով օժտուած աղջիկը…

Նա պատանի հասակից շատ էր մասնակցում հրաձգութեան մրցոյթների եւ միշտ առաջին տեղն էր զբաղեցնում. Մի մրցոյթի ժամանակ արժանացել էր «Ոսկէ Ծայր» մրցանակին, նա նաեւ փայլում էր շախմատային գիտելիքներով, բազմիցս էր հրաւիրւում շախմատի մրցոյթների։ Ստեփանակերտի շախմատի առաջնութիւնների չեմպիոնուհի էր ընտրուել մի քանի անգամ։

Պատերազմի նորամուտին խնդրել եմ Մարգարիտային տեղափոխուել Երեւան, իմ մօտ, սակայն նա չհամաձայնուեց։

Մինչեւ պատերազմը սկսելը ես ու Մարգարիտան Գերմանիա էինք մէկ ամսով գնացել, գերմանացի ծանօթ ընտանիք ունենք այնտեղ, մինչեւ հիմա յիշում եմ մեր գերմանացի ծանօթների ոգեւորութիւնը Մարգարիտայի հետ շփման ժամանակ, յիշում եմ, երբ միասին գնացել էինք հրաձգարան կրակելու՝ նրանք ապշած էին, թէ ինչպէս է Մարգարիտան առանց վրիպելու նշանակէտին կրակում բոլոր գնդակները։

Մի քանի ամսից՝ պատերազմը երբ սկսւում է, մենք Գերմանիայի վիզա ունէինք եւ կարող էինք այնտեղ տեղափոխուել, ես Մարգարիտային առաջարկեցի գնալ միասին, սակայն նա հրաժարուեց, նշելով, որ մինչեւ պատերազմը չաւարտուի, ոչ մի տեղ գնալ չի կարող, պէտք է Արցախին եւ պէտք է այնտեղ մնայ։

Կամաւոր զինուորագրուել է «Կանանց ջոկատ»-ին, ես ու մայրս չգիտէինք այդ մասին։ 01.09.1992 – 23.08.1993 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանութեան Բանակում։ Եղել է թիւ 53 հրաձգային գումարտակի լաւագոյն նշանառուներից մէկը։ Մարգարիտան ամէնուր էր, շտապում էր այնտեղ, որտեղ հայրենիքը ամենաշատն ունէր իր կարիքը։ Շուշիի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու, Ակնայի, Հադրութի, Կուբաթլուի շրջանի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին ակտիւօրէն մասնակցել է՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիւ զինուորներ, նշանառուներ եւ տանկեր։

Մարգարիտան իմ հակապատկերն էր՝ շատ անվախ էր, համարձակ ու սրամիտ,-արտասուախառն ձայնով աւելացնում է Լիանան՝ քոյրը։
Զոհուելուց երկու օր առաջ էինք խօսել քաղաքային հեռախօսով, երբ գիտէինք Մարգարիտան է զանգում՝ երեխաներս հերթ էին կանգնում՝ մօրաքոյր կանչելով։

Երեք տարեկան փոքր տղաս վերցնում էր հեռախօսը եւ արտասանում՝

«Սիրում եմ քեզ հայոց լեզու,
Մօրքուրիս պէս անուշ ես դու…»

Նրա սէրը հայրենի Արցախի հանդէպ անսահման էր, նա սիրահարուած էր Արցախին եւ ամէն կերպ փորձում էր օգտակար լինել։ Նա կարող էր ունենալ անհոգ, եւ ապահով կեանք, սակայն ընտրեց անձնուիրաբար նուիրուելն Արցախին…

Այս մասին horizonweekly-ի հետ զրոյցում ասաց արցախեան հերոսամարտի դիպուկահար Մարգարիտա Սարգսեանի քոյրը՝ Լիանա Սարգսեանը։

Share