Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութեան ֆակուլտետում, մի քանի քառակուսի մետրանոց սենեակում, պրոֆէսոր Գուրգէն Մելիքեանի ներկայութեամբ Արցախն աւելի մօտ է թւում. սենեակի մի պատին՝ Աւոյի՝ ՀՀ ազգային հերոսի լուսանկարն է, Աւոյից մէկ այլ լուսանկար էլ դրուած է սեղանին՝ երիտասարդ Գուրգէն Մելիքեանն ու Մ. Մելքոնեանը՝ ուս ուսի։ Գուրգէն Մելիքեանն ասում է՝ այդ նկարի բնօրինակը Աւոյի ծնողների խնդրանքով նուիրել է ազգային հերոսի ընտանիքին։
Պրոֆեսորի սենեակի մէկ այլ անկիւնում դասաւորուած գրքերի վրայ սեւ-սպիտակ լուսանկար է դրուած. պատկերուած է մեծ քար՝ գրութեամբ՝ «Սա Հայաստան է եւ վերջ»։
«Ազգալդեանի քարը Քաշաթաղը յանձնելուց յետոյ տեղափոխեցի Ստեփանակերտ»,-ասում է Մելիքեանը։
Փաստօրէն, ոչ թէ Երեւան կամ Հայաստանի Հանրապետութեան այլ վայր, մտածում եմ ես, այլ՝ դարձեալ Արցախ։ Այսինքն՝ թշնամին ուզում է Արցախը վերացնել՝ միլիմետր-միլիմետր խլելով, Մելիքեանը Ազգալդեանի ուղերձը՝ քարին դաջուած, տանում է Արցախի սիրտ՝ Ստեփանակերտ։ Թշնամին մէզ ուզում է Արցախից հեռացնել, մենք դէպի ներս ենք քաշւում, որքան աւելի շատ է ուզում հեռացնել, այնքան աւելի շատ ենք կառչում մի ափի չափ մնացած հայրենիքից։
Հարցնում եմ՝ Արցախը կը կարողանա՞նք պահել։ Իհարկէ՝ վայրկեան չանցած պատասխանում է պրոֆէսորը, ես անգամ չեմ երկմտում։
Հետոյ վերցնում է հեռախօսը.
-Սպասիր, զանգեմ Արցախ։
-Ալոյ, Սաքոյ ջան, ինչպե՞ս ես, ի՞նչ կայ այդտեղ։
-Համեմատաբար հանգիստ է, նոյն՝ մարտական տրամադրութեամբ ենք, մարդիկ չէն ուզում յանձնուել։ Իհարկէ, վախկոտներ կան՝ պատրաստ հեռանալու, բայց իրենց գնալը բոլորիս է օգուտ՝ իրենց հետ տագնապային տրամադրութիւններն էլ են տանում։ Հետոյ Գուրգէն Մելիքեանը Սարգիսից «Արփէն» մօր եւ մանկան բժշկական կենտրոնից որոշ տուեալներ է ճշտում։
Զանգի աւարտին ցոյց է տալիս հեռախօսի նկարները՝ Քաշաթաղից։ «Այդքան տարի եղայ Քաշաթաղում, մէկ սանտիմետր հող չունեմ, բայց այգիներ ունէի՝ Ազգալդեանին, Վարդանին, Թաթուլին նուիրուած։ Քաշաթաղից դուրս գալիս համբուրեցի ծառերս»։
Մտածում եմ՝ բարեբախտութիւն է, որ պրոֆէսորը գոնէ կարողացել է հրաժեշտ տալ ծառերին, իսկ ես չհասցրի Աղաւնոյում տնկածս ծառերը երկրորդ անգամ ջրել. ձմռանը տնկեցի, ամռանը յանձնեցին։
Պրոֆեսորը հարցնում է՝ Արցախի՞ց ես, ասում եմ՝ աեօ, այնպէս, ինչպէս որ Դուք եք Արցախից՝ ծնուելով Իրանի Աբադան քաղաքում, ապրելով Երեւանում։ Ժպտում ենք։
Յիշեցնում եմ, որ տարիներ առաջ Քաշաթաղի ծառերից մի քանիսն էլ ես եմ տնկել, երբ ուսանող էի, երբ երջանիկ էինք, երբ պրոֆէսորի հետ, Արցախի նախագահ Բակոյ Սահակեանի ներկայութեամբ ծառեր էինք տնկում՝ սրբօրէն մտապահելով՝ որ ծառը որտեղ ենք տնկել, որովհետեւ, կարծես, ամէն ծառի հետ նոյնանում էինք Արցախին։
«Արեւիկի իններորդ երեխան այս տարի լոյս աշխարհ եկաւ Արցախում», -պատմում է պրոֆէսորն ու Արեւիկի նորածնի մի քանի լուսանկար ցոյց տալիս։ Ժպտում եմ, Արեւիկ Գրիգորեանի ընտանիքին ես էլ եմ ճանաչում։
«Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների Գուրգէն Մելիքեան» հիմնադրամը տասնեակ տարիներ աջակցում է բազմազաւակ ընտանիքներին, 2020 թուականի պատերազմից յետոյ հիմնադրամը մէկ օր չի դադարեցրել աշխատանքները, պրոֆէսորն ասում է՝ «Որովհետեւ Արցախը կայ ու լինելու է, եղա՞վ»։
«Քաշաթաղի բազմազաւակ ընտանիքների Գուրգէն Մելիքեան» հիմնադրամի, Արցախի, հայրենիքի նուիրեալ պրոֆէսոր Գուրգէն Մելիքեանի գործունէութեան մասին մանրամասն կպատմենք յաջորդ նիւթերում։
Գուրգէն Վրեժի Մելիքեան (ծն. դեկտեմբերի 14, 1936, Իրան), հայ լեզուաբան, արեւելագէտ, իրանագէտ, հասարակական գործիչ, պրոֆէսոր, բանասիրական գիտութիւնների թեկնածու։ ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի գնդապետ (1996),