Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձ է յղել Արցախեան շարժման 36-ամեակի կապակցութեամբ։
Ուղերձում, մասնաւորապէս, ասւում է․
«36 տարի առաջ Արցախը ոտքի ելաւ՝ պաշտպանելու իր ինքնորոշման իրաւունքը: Մի ողջ ժողովրդի յամառ պայքարի հիմքում ընկած էր միակամութեան արժէքի գիտակցումը, եւ իւրաքանչիւր ոք խորապէս հասկանում էր անյատական ներդրումի կարեւորութիւնը:
Ցաւօք, յաղթանակով ամրագրուած խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարուեցին. պատերազմ, շրջափակում եւ հայաթափում: Արցախի ժողովուրդը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամէն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիւ զրկանքներ, այնուամենայնիւ, չյանձնուեց եւ շարունակեց կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին իւրօրինակ պայքարի դրսեւորում էր:
Այսօր, չնայած ցաւալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը: Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քոյրերն ու եղբայրները միաձուլուած են Մայր Հայաստանում: Շատ կարեւոր է իմաստուն եւ արդիւնաւետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչուելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:
Սիրելինէր, այս նշանակալից օրը մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Տերը իմաստութիւն եւ արթնութիւն տա բոլորիս մտքերին, որպէսզի ամէն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ՝ կարեւորութիւն տա նաեւ ազգային խնդիրներին` գիտակցելով վերջինիս վեհ գաղափարը»: