Արցախի պատգամաւորները, «Հրապարակ»ի տեղեկութիւններով, պայմանաւորուել են երեքշաբթի օրը ԱԺ նիստ հրաւիրել։ Եթէ ֆորսմաժոր եւ ՀՀ իշխանութեան միջամտութիւն չլինի, այն կը կայանայ։ Մտադիր են անել փակ ֆորմատով, նիստից յետոյ հանդէս գալ յայտարարութեամբ։ Սեպտեմբերեան յայտնի իրադարձութիւններից յետոյ ԱԺ պատգամաւորները նիստ չէն հրաւիրել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Նրանք համաձայն չէն ՀՀ իշխանութիւնների հետ, թէ ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի անվտանգութեանը, ուստի տեւական ժամանակ է՝ քննարկում են ԱԺ նիստ հրաւիրելու հարցը, բայց հնարաւորինս «անշառ» օրակարգով:
Երկու պատգամաւորի մանդատի հարց է դրուած․ Արթուր Յարութիւնեանի՝ պետնախարար դառնալուց յետոյ «Ազատ հայրենիք»-ը մէկ մանդատ պէտք է ստանայ, եւ Սամուել Բաբայանի կուսակցութիւնից մէկ պատգամաւոր է հրաժարուել մանդատից, նրան փոխարինողը պէտք է ստանայ: Երկրորդ հարցն Արցախի հարցով միջազգային յանձնախմբի ձեւաւորմանն է վերաբերելու, որը Վարդան Օսկանեանի գաղափարն է: ԱՀ պատգամաւորները հարցը քննարկում են Օսկանեանի հետ: Օրենքի ուժով ձեւաւորուած յանձնախմբի առաքելութիւնը կը լինի Արցախի հարցը միջազգային հարթակներում ներկայացնելը, նախատեսում են նաեւ միջազգային փորձագէտներ ընդգրկել։