Արթուր Խաչատրեան՝ «Արցախում ճակատագրական պահ է»

Արթուր Խաչատրեան՝ «Արցախում ճակատագրական պահ է»

Հայաստանի իշխանութիւնները փորձում են ամէն կերպ հրաժարուել Արցախից․ «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկման ժամանակ յայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

«Այսօրուայ իշխանութիւնները ցաւագին են տանում, երբ ասում ենք՝ Արցախը տուեցին։ Կարծէս թէ փաստաթղթի տակ ես եմ ստորագրել, բոլորս գիտենք՝ ով է ստորագրել։ Իրենք իրականացնում են «Չարի վերջ»-ի յիմար կկուի քաղաքականութիւնը․ յիմար կկուն էլ կարծում էր, որ իր ձագին տա, աղուէսը դրանով կբաւարարուի։ Հիմա փորձում են, Արցախը տալով, Հայաստանն ապահովագրել՝ առանց հասկանալու, որ Ադրբեջանը Արցախը կլանելուց յետոյ կանցնի նաեւ Հայաստանին»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը։ Նրա խօսքով՝ Հայաստանը 2019 թուականին ընդունած՝ Ազգային անվտանգութեան ռազմաւարութեամբ Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, ու Հայաստանը չպէտք է իր պարտաւորութիւնը արտապատուիրակի երրորդ կողմի։ Արթուր Խաչատրեանը տարակուսած է, թէ ինչու են Հայաստանի ու Արցախի անվտանգութեան խորհուրդները առանձին նիստէր անում, այլ ոչ՝ համատեղ։

«Հիմա նոյնիսկ դա են կտրել։ ՀՀ անվտանգութեան խորհրդի յայտարարութիւնը շատ տարակուսելի է. մի կողմից ասում են՝ Ադրբեջանը մտացածին հիմնաւորումներով շարունակում է ագրեսիւ գործողութիւնները, միւս կողմից ասում են՝ «եկեք խաղաղութեան պայմանագիր կնքէնք»։ Քանի խնդիրը չենք լուծել, ի՞նչ խաղաղութեան պայմանագրի մասին է խօսքը»,- ընդգծեց ըննդիմադիր պատգամաւորը։Ըստ նրա՝ Արցախում այսօր ճակատագրական պահ է. եթէ Ադրբեջանը կարողանայ վերահսկողութիւն հաստատել Քարագլխի նկատմամբ, ապա հարաւ-արեւմուտքից Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողութիւնը Շուշիից է, հիւսիս-արեւելքից էլ, եթէ լինի Քարագլուխը, լուրջ խնդիր է լինելու։ «Ակնյայտ է, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքերի, ու Հայաստանի իշխանութիւնները, փոխանակ հակաքայլեր մտածեին, Վեդիում համայնքապետի ընտրութիւններով էին զբաղուած։ Հաւանաբար, Վեդիում ընտրութիւնը աւելի մեծ առաջնահերթութիւն ունի, քան թէ ազգային հարցերը», — յաւելեց Արթուր Խաչատրեանը։

Share