Նոյեմբերի 9-ին «Christie’s»-ը Նիւ Եօրքում կանցկացնի աճուրդ։ Ընտրեալներից է ամերիկահայ հանրայայտ նկարիչ Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» (1946 թ.) կտաւը ճանաչւած կոլեկցիոներ Դէյւիդ Գեֆֆէնի հաւաքածոյից:
Կտաւն առաջին անգամ ցուցադրւել է 1953 թւականին Նիւ Եօրքի Սիդնի Ջանիս պատկերասրահում, այնուհետեւ յայտնւել է Ժամանակակից արւեստի եւ Գուգենհայմի թանգարաններում։
1946 թւականի յունւարին Գորկու արւեստանոցում բռնկւում է հրդեհ, այրւում են նկարչի 20 կտաւները, գրքերը: Ժամանակ չկորցնելով՝ նա նոր ստուդիա է վարձակալում եւ սկսում աշխատել։ Իսկ նոր ստեղծած աշխատանքներն էլ խորհրդանշում էին վերածնունդ, որոնցով էլ նկարիչն իր ուրոյն տեղը հաստատեց 20-րդ դարի արւեստում: Ստեղծած նկարների թւում էին երեք կտաւներ՝ «Ածխացած սիրահարները» վերնագրով։
«Christie’s»-ի կայքում Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» աշխատանքն աճուրդում ներկայացնելու մասին նիւթը վերնագրւած է՝ «Ամենահիասքանչ փիւնիկ». ինչպէս Արշիլ Գորկին վեր յառնեց մոխիրներից՝ գլուխգործոց ստեղծելու համար»։
Արշիլ Գորկին ծնւել է 1902 թ. (ըստ քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանայ լճի ափին գտնւող Խորգոմ գիւղում: Մկրտութեան անունը Մանուկ Ոստանիկ Ադոյեան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մօր՝ Շուշանի գիւղի։ Նախնական կրթութիւն ստացել է Խորգոմի եւ Վանի հայկական դպրոցներում։ 1915 թ.-ի գաղթի ժամանակ մօր եւ քոյրերի հետ եկել է Երեւան, որտեղ զբաղւել է ատաղձագործութեամբ եւ տպագրական գործով: 1919 թ.-ին տեղափոխւել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի եւ Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թւականին աւարտել է Նիւ Եօրքի արւեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասաւանդել է 5 տարի)։
1921 թ., երբ ընդունւում է Բոստոնի Գեղարւեստի եւ դիզայնի դպրոց, 19 տարեկան հասակում փոխում է Մանուկ Ոստանիկ Ադոյեան անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպւած էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիւ անունների պէս սկսում էր «ար» տառերով:
1933 թւականին միանում է նկարիչների օգնութեան կառավարական ծրագրին (PWAP) եւ պատւէրով ստեղծում Նիւ Եօրքի օդանաւակայանի որմնանկարը: 1938 թւականին Գորկին Հայաստան է ուղարկում չորս պատկեր։ 1939 թւականին մասնակցում է Նիւ Եօրքի համաշխարհային ցուցահանդէսի դեկորատիւ աշխատանքներին։
1945 թւականին տեղափոխւում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստւում է Ջուլիան Լեւի պատկերասրահում բացւելիք ցուցահանդէսին, սակայն 1946 թւականին այրւում է արւեստանոցը, նկարներն ու գրադարանը։ Նոյն թւականին տանում է քաղցկեղի վիրահատութիւն։ 1948 թւականին աւտովթարից վնասւում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժւարութիւններին՝ 1948 թւականին Գորկին ինքնասպան է լինում։
Վիլիամ Ֆէյւերը 2010 թ. փետրւար ամսւայ «The Guardian»-ի համարում գրում է՝ «Մանուկ Ոստանիկ Ադոյեանը կամ էլ Արշիլ Գորկին «Ամերիկայի ամենամեծ նկարիչներից մէկն է»»:
«Panorama.am»