Շուրջ 80 հայ գերի Ադրբեջանում ենթարկուել է բռնի անյետացման

Շուրջ 80 հայ գերի Ադրբեջանում ենթարկուել է բռնի անյետացման

Եւրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակեանն այսօր ասել է, որ «Բաքւում պահուող հայ գերիները մշտապէս գտնուել եւ գտնւում են կեանքի իրական սպառնալիքների ներքոյ»:

«Մենք ունենք արձանագրուած մի քանի տասնեակ դէպք, երբ մարդիկ սպանուել են հէնց գերեվարման ընթացքում:

Գերիների հիմնախնդիրը էապէս կապուած է բռնի անյետացման խնդրի հետ, երբ թեեւ գերիների սպանուած լինելու վերաբերեալ մենք ապացոյցներ չունենք, բայց ունենք դէպքեր, երբ շուրջ 80 հայ ենթարկուել է բռնի անյետացումների:

Շուրջ 23 հայ շարունակաբար պահւում է Բաքւում: 23-ից 5-ը գերեւարուել է 2020-ի ընթացքում, իսկ մնացած միջադէպերն արձանագրուել են 2023-ին»,- Բաքուի բանտերում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ պանելային քննարկման ժամանակ ասել է Սիրանուշ Սահակեանը:

Նա նշել է, որ այս ժամանակահատուածում որեւէ խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմ հնարաւորութիւն չի ունեցել մուտք գործել եւ տեսակցել Բաքւում պահուող հայերին ու օբյեկտիւ դիտանկիւնից արձանագրել պահման պայմանները, ֆիզիկական կամ հոգեբանական վիճակը:

«Ինչ վերաբերում է ֆիզիկական, հոգեբանական բռնութիւններին, հայերի արժանապատուութիւնը վիրաւորող, ստորացնող գործելակերպին, այս մասով մենք որեւէ տեղաշարժ չենք դիտարկում, աւելին՝ որոշ զարգացումների ֆոնին կարող ենք տեսնել այդ դրսեւորումների խստացում:

Հայերն Ադրբեջանի բանտերում եղել են եւ շարունակում են պահուել անմարդկային պայմաններում ու ենթարկւում են այնպիսի ճնշումների, որոնք որակւում են որպէս խոշտանգում իրենց ինտենսիւութեամբ ու պատճառուած ցաւի բնոյթը գնահատելով»,- ասել է նա:

Աղբիւր՝ Մեդիամաքս

Share