Ակադեմիկոս, թրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի կարծիքով՝ Պաղեստին-Իսրայէլական հակամարտութիւնը դեռ չի հասել այն փուլին, որ հնարաւոր լինի որ կողմերի միջեւ հաշտեցնող միջնորդութիւն իրականացնել, առաւել եւս, որ այս պահին ռազմական գործողութիւններն աւելի ինտենսիվ (Ուժգին Յ.Մ.) բնոյթ են ստացել:
«ԱրմԷնփրէս»-ի հետ զրոյցում Սաֆրաստեանը նշեց, որ եթէ հակամարտութիւնը հասնի այն կէտին, երբ լարուածութիւնը կը թուլանայ եւ միջնորդական փորձերը կը դառնան աւելի իրատեսական, այդ դէպքում Թուրքիան նորից հանդէս կու գայ իր առաջարկութեամբ, թէեւ Անգարան հիմա հանդէս է գալիս արդէն աւելի լուրջ նախաձեռնութեամբ, այսինքն՝ նախնական իր մօտեցումն աւելի մոդիֆիկացրել (ձեւափոխել – Յ.Մ.) է նշելով՝ հանգուցալուծման միջնորդութեան արդիւնքում պէտք է լինեն անվտանգութեան երաշխաւոր երկրներ:
«Թուրքիան մինչեւ պատերազմը մեծ ջանքեր գործադրեց Իսրայելի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ: Այդ ջանքերի յետեւում կանգնած էր անձամբ Հաքան Ֆիտանը, ով այն ժամանակ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայութեան ղեկավարն էր: Անգարան եւ Թել Աւիւը հասան որոշակի կարգաւորման՝ փոխանակելով դեսպաններ:Պաղեստինա-Իսրայելական հակամարտութիւնն, իհարկէ, փոխեց իրավիճակը: Սկզբում Թուրքիան բաւական զուսպ էր իր յայտարարութիւններում, քանզի յոյս ուներ , որ միջնորդ կը լինի, սակայն երբ տեսաւ որ, հակամարտութիւնը ձգձգւում է ստանալով աւելի ինտեսիվ (ուժգին -Յ.Մ.) բնոյթ, իսկ իսրաելական բանակի ռազմական գործողութիւնների արդիւնքում էլ աւելանում է զոհերի ու վիրաւորների թիւը խաղաղ բնակչութեան շրջանում, այդ դէպքում Թուրքիան հանդէս եկաւ որպէս արաբական, աւելի շատ մահմեդական աշխարհի ներկայացուցիչ՝ խստօրէն քննադատելով Իսրայելի ռազմաքաղաքական վերնախաւին», ասաց թուրքագէտը:
Սաֆրաստեանի խօսքով՝ Թուրքիան հիմա փորձում է երկու խնդիր լուծել: Առաջինը միջնորդական առաքելութեան իրականացնումն է, որն առժամական յետաձգուել է, իսկ երկրորդը սեփական հեղինակութիւնը բարձրացնելն է ամբողջ մահմեդական աշխարհու եւ մասնաւորապէս արաբական շրջանում:
«Պաշտօնական Անգարան սկսել է աւելի կտրուկ հանդէս գալ Թել Աւիվի հասցէին՝ անվերապահ աջակցութիւն յայտնելով պաղեստինցիներին, չդատապարտելով ՀԱՄԱՍ-ին*Այդ կառոյցի հետ Թուրքիան մինչեւ պատերազմն էլ ուներ որոշակի կապեր, իսկ հիմա հանդէս է գալիս այդ կապերն ամրապնդելու եւ շարունակելու օգտին: Այո, Թուրքիան եւ Իսրայէլը յետ կանչեցին իրենց դեսպաններին, սակայն կան փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիան, այդուհանդերձ , միակողմանի հանդէս չի գալիս որպէս Պաղեստինի դաշնակից եւ իսրայելի անվերապահ քննադատ: Տեղեկութիւններ կան , որ, օրինակ, Գերմանիայի թուրքական կազմակերպութիւնների միութիւնը, որն իր գործունէոաթիւնը համաձայնեցնում է թուրքական իշխանութիւնների հետ, կոչ է արել այդ երկրում ապրող թուրքերին չմասնակցել պրոպաղեստինեան (Պաղեստինցիներու կողմնակից— Յ.Մ.) հանրահաւաքներին եւ ցոյցերին: Միւս կողմից Թուրքիան չի դադարեցրել արեւտրատնտեսական կապերն Իսրայելի հետ, առաւել եւս, որ ապրանքաշրջանառութիւնը կազմում է 20 միլիարդ դոլար», ասաց Սաֆրաստեանը:
Նրա կարծիքով՝ թուրքական իշխանութիւնը կամուրջներն այրում է կոնկրետ (ստոյգ -Յ.Մ.) Նեթանյահուի հետ՝ ունենալով հաւանական հաշուարկ, որ պատերազմի աւարտից յետոյ իսրայելի գործող վարչապետը հրաժարական կու տայ:
Անդրադառնալով նաեւ պաղեստինա -իսրայելական հակամարտութեան համատեքստում Ա.Մ.Ն.-ի պետքարտուղար Էնթոնի Պլինքընի մերձաւորարեւելեան շրջագայութեանը եւ մասնաւորապէս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպմանը՝ Սաֆրաստեանն ընդգծեց, որ այդ քայլով ամերիկեան կողմը ցանկանում է օգտագործել Թուրքիայի հնարաւորութիւնները՝ լուծելով իր համար կարեւոր երկու խնդիր:
«Պլինքընն իր դիւանագիտական գործունէութեամբ երկու ռազմավարական նպատակ է հետապնդում: Նախ՝ ամեն ինչ անել որպէսզի պատերազմը դուրս չգայ պաղեստինա – իսրայելական շրջանակից եւ դրանում չներգրաւուեն Մերձաւոր Արեւելքի արաբական պետութիւնները, իսկ երկրորդ նպատակը մարտավարական է, այսինքն՝ ԱՄՆ պետքարտուղարը փորձում է հասնել նրան, որ տարածաշրջանում ամերիկեան ռազմական օբյեկտները (նպատակները – ՅՄ) զերծ մնան կողմնակի յարձակումներից Իրաքում եւ Սիրիայում: Այդ առումով Բլենքինի հանդիպումն Իրաքի ղեկավարութեան հետ պատահական չէր, որից յետոյ այդ երկրի վարչապետը ժամեր անց այցելեց Իրան: Նա ամենայն հաւանականութեամբ Իրանական կողմին փոխանցեց Պլինքընի խնդրանքը, որպէսզի վերջինս իր հովանու ներքոյ գործող պրոքսի (փոխանորդ-Յ.Մ.) կառոյցներին զերծ պահի ամերիկեան ռազմական օբեկտների (նպատակների – Յ.Մ.) վրայ յարձակուելուց:», ասաց ակադեմիկոսը:
Նրա դիտարկմամբ՝ թէեւ Թուրքիան ԱՄՆ-ի համար դժուար դաշնակից է, այդուհանդերձ կոնկրետ (ստոյգ -ՅՄ) Թուրքիայի արտգործարարի հետ Պլինքընի հանդիպումը պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Միացեալ Նահանգները փորձում է ռազմավարական նպատակներին հասնելու համար oգտագործել նաեւ թուրքական կողմի հնարաւորութիւնները, որպէսզի գոնէ հումանիտար (մարդասիրական – Յ.Մ.) զինադադար հաստատուի հակամարտութեան գօտում եւ միջազգային օգնութիւնը հասնի կարիքաւորներին:
Հաշուի առնելով, որ Թուրքիան որոշակի ազդեցութիւն ունի մերձաւորարեւելեան գործընթացներում եւ շարունակում է նախքին կապերը պահել ՀԱՄԱՍ-ի հետ՝ Ա.Մ.Ն. կը ձգտի յետայսու եւս օգտագործել իր դաշնակցի հնարաւորութիւնները , որպէսզի պաղեստինա-իսրայելեան կոնֆլիքտն (Հակամարտութիւն-Յ.Մ.) աւելի մեծ ծաւալներ չունենայ: Սաֆրաստեանի դիտարկմամբ՝ քանի որ այդ առումով համընկնում են թուրք-ամերիկեան շահերը, ուստի Ուաշինկթընն, անկասկած, կ՛աջակցի Անգարայի դիրքորոշմանը՝ հաւանութիւն տալով Կազայի հատուածում անվտանգութեան երաշխաւոր դառնալու թրքական կողմի հաւակնութեանը:
* ՀԱՄԱՍ ընդհանրացած բառը արաբերէն լեզուով երեք բառերէ բաղկացած անուան մը կրճատումն է, որը կը հնչուի ՀԱՐԱՔԱ ՄԸՔԱՈՒԱՄԱ -ԱԼԻՍԼԱՄԻԱ: Այսինքն՝«Ընդդիմութեան Իսլամական Շարժում» Յ.Մ.
Հարցազրոյցը վարեց՝ Սամուէլ Մարգարեան
Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան