ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական բանակցային գործընթացը թուրքական կողմն օգտագործում է ոչ թէ խնդիրները լուծելու համար, այլ ձգտում է գործընթացը վերածել դիւանագիտական պայքարի՝ ստանալով առաւելութիւններ, իսկ Հայաստանն էլ, շարունակելով բանակցութիւնները, պէտք է այդ պայքարում փորձի առաջ տանել իր մօտեցումները։
«Արմենպրես»-ի հետ զրոյցում այդ կարծիքը յայտնեց ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով հայ-թուրքական յարաբերութիւնների հեռանկարին եւ Անթալիայում կայացած դիւանագիտական ֆորումում ներկայացուած մօտեցումներին։
«Հայ-թուրքական հաշտեցման գործընթացն, ըստ էութեան, տեւական ժամանակ է, ինչ առաջ չի գնում, եւ դրա միակ պատասխանատուն թուրքական կողմն է, որը լոկ խօսքերով յայտարարում է, թէ հրաժարւում է նախապայմաններից, բայց իրականում դրանք առաջ է քաշում աւելի կոշտ կերպով։ Նախագահ Էրդողանի անցեալ տարուայ յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ արդէն նախապայմանները նա ձեւակերպում է որպէս պահանջներ։ Անկարան նախկինի պէս հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցութիւնների հետ՝ ակնկալելով, որ հայկական կողմը միակողմանիօրէն կգնայ զիջումների եւ խաղաղութեան պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջինիս մաքսիմալիստական պահանջների հիման վրայ»,- ասաց Սաֆրաստեանը։
Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, եւ Հայաստանը չի ենթարկուել Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշումներին, թուրքական կողմն, ըստ էութեան սառեցրել է ՀՀ-ի հետ իր յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը։
«Անթալիայում ՀՀ ԱԺ փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանի ելոյթը եւս մէկ անգամ վկայեց այն մասին, որ Հայաստանը շարունակում է իր քաղաքականութիւնը, որը որդեգրել է դեռ առաջին օրուանից եւ պնդում է, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է տեղի ունենայ առանց նախապայմանների։ Այստեղ հետաքրքիր էր թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչի արձագանքը։ Նա կիրառեց դիւանագիտական հնարք՝ փորձելով Հայաստանին մեղադրել նախապայմաններ առաջ քաշելու մէջ։ Քըլըչն ակնարկում էր, որ Հայաստանն է առաջարկում բանակցութիւնները շարունակել երրորդ երկրներում, մինչդեռ Անկարան ցանկանում է, որ հանդիպումները կայանան կամ Թուրքիայում, կամ Հայաստանում։ Աւելին, Քըլըչն առաջարկեց յաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում։ Թուրք բանագնացի կողմից կիրառուած միւս հնարքը վերաբերում էր երեւանեան հնարաւոր հանդիպման արդիւնքում կարեւոր որոշումներ կայացնելուն»,- նշեց մեր զրուցակիցը։
Սաֆրաստեանի կարծիքով՝ Անկարան ցանկանում է ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրութեան մօտ ստեղծել տպաւորութիւն, թէ իբր պատրաստ է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորմանն ու բանակցութիւններում կարեւոր քայլերի գնալուն։ Ըստ թուրքագէտի՝ Քըլըչը փորձառու դիւանագէտ է, հետեւաբար նշուած հնարքների միջոցով ցոյց է տալիս կառուցողական քաղաքականութիւն վարելու պատրաստակամութիւն՝ իրականում փորձելով խնդիրը ներկայացնել բոլորովին այլ լոյսի ներքոյ։
«Թուրքական քաղաքականութիւնն ընկալելու համար անհրաժեշտ է հաշուի առնել այն իրողութիւնը, որ Անկարայի համար Երեւանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը մեծ հաշուով չունի էական նշանակութիւն։ Տնտեսական առումով մեր երկիրը Թուրքիայի համար մեծ հետաքրքրութիւն չի ներկայացնում։ Թուրքական կողմը դեռեւս 1991 թուականին յանգել է այն եզրակացութեան, որ Հայաստանը, չունենալով ելք դէպի ծով եւ գտնուելով աշխարհագրական ոչ բարէնպաստ վիճակում, պէտք է աւելի շատ շահագրգռուած լինի Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ, քան հակառակը, եւ հէնց սա է օգտագործում Անկարան, հէնց սա է ընկած թուրքական դիւանագիտական ու աշխարհաքաղաքական մօտեցման առանցքում։ Նրանց նպատակը բանակցային գործընթացում Հայաստանի կողմից զիջումներ ստանալն է եւ դրա համար նաեւ հայ-ադրբեջանական հաշտեցումն է օգտագործւում որպէս լրացուցիչ ճնշման գործիք»,- եզրափակեց թուրքագէտը։
Մանուել Մարգարեան