Հայ ազգային գաղափարախօսութիւնը

Հայ ազգային գաղափարախօսութիւնը


Անի Մելքոնեան


Ապրիլը հայութեան համար Ադանայի կոտորածների եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակութեան ամիսն է, եւ իւրաքանչիւր տարի՝ այս օրերին, մեր ազգը պարտաւոր է վերլուծել սեփական անցեալը եւ փորձել դասէր քաղել սեփական պատմութիւնից, ինչը մէզ մօտ յամառօրէն չի ստացւում, կամ մենք չենք ուզում դասէր քաղել մեր իսկ պատմական սխալներից: Այս համապատկերում կարեւոր ենք համարում խօսել կամայ թէ ակամայ ցեղասպանութեանը նպաստած հայ ազգային գաղափարախօսութեան բացակայութեան, աւելի ճիշտ՝ տարիների ընթացքում դրա անկման մասին:

Նախ՝ փոքր-ինչ այն մասին, թէ ինչ է ազգային գաղափարախօսութիւնը…

«Ազգային գաղափարախօսութիւնը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականութեան, ազգային մշակոյթի եւ կրօնի հիմնադրոյթներից»1: Իւրաքանչիւր ազգի ազգային գաղափարախօսութեան վրայ իր անջնջելի կնիքն է թողնում նրա պատմական ճակատագիրը. այն ազգերը, որոնք պատմութեան հոլովոյթում հայրենազրկուել են, իրենց ազգային գաղափարախօսութեան հիմքում ամրագրում են հայրենիքի ազատագրութեան գաղափարը, ինչպէս, օրինակ, հայերը (Հայ դատ) եւ հրէայերէնը (Սիոնիզմ): Հակառակ սրան՝ կան ժողովուրդներ, որոնց ազգային գաղափարախօսութեան հիմքում զաւթողական քաղաքականութիւնն է, ինչպէս, օրինակ, թուրքերի դէպքում փանթուրքիզմը, որի նպատակն է ձուլել կամ ֆիզիկապէս բնաջնջել (ցեղասպանութեան ենթարկել) նուաճուած ժողովուրդներին, իւրացնել նրանց հայրենիքը՝ ստեղծելով «թուրքական հայրենիք», եւ միաւորել թուրքալեզու ժողովուրդներին ու ստեղծել Մեծ Թուրան: Կարճ ասած՝ մեր թշնամու եւ «հարեւանի» ազգային գաղափարախօսութիւնը այլ ազգերին ցեղասպանութեան ենթարկելն է:

Հայոց ցեղասպանութիւնից եւ հայ ժողովրդի հայրենազրկումից յետոյ հայոց ազգային գաղափարախօսութեան կարեւոր հիմնադրոյթներից դարձաւ ազգապահպանութեան հիմնախնդիրը։ Հայոց ազգային գաղափարախօսութիւնը ձեւաւորուել է հայ ժողովրդի կազմաւորմանն ու զարգացմանը զուգընթաց։ Այն արտացոլուած է ինչպէս նախաքրիստոնէական բանահիւսական երկերում, այնպէս էլ հայ պատմիչների աշխատութիւններում: Նախաքրիստոնէական շրջանում մեր ժողովուրդը ստեղծել է դիւցազնավէպեր, ասքեր` ձօնուած իր աստուածներին, նահապետներին, արքաներին ու հերոսներին: Դրանց մեծ մասը մէզ է հասել պատմահայր Մ. Խորենացու «Հայոց պատմութիւն» աշխատութեան միջոցով: Հայ ազգային բանահիւսութեան գոհարների մէջ՝ «Հայկ եւ Բել», «Արամ եւ Բարշամ», «Արամ եւ Նիւքար Մադես», «Արայ Գեղեցիկ եւ Շամիրամ», «Տիգրան եւ Աժդահակ» եւ այլն, կարմիր թելի պէս անցնում են ազատութեան, հայրենիքի պաշտպանութեան, հայրենիքի շէնացման, ժողովրդի ճակատագրի նկատմամբ պատասխանատուութեան, սրբազան հայրենիքի ու հայոց աստուածների միասնութեան գաղափարները:

Քրիստոնէութեան ընդունումից յետոյ ազգային գաղափարախօսութեան կարեւոր տարր դարձաւ քրիստոնէութիւնը, որը հայացուեց՝ միաձուլուելով հայ ժողովրդի ազգային բնաւորութեան եւ աշխարհընկալման հետ:

Հայ ազգային գաղափարախօսութեան ամբողջական համակարգի ձեւաւորման գործում առանցքային դեր են կատարել հայ պատմիչները, մասնաւորապէս՝ պատմահայր Մովսէս Խորենացին։ Լինելով Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի կրտսեր աշակերտներից՝ Մովսէս Խորենացին ոչ միայն քրիստոնէական հաւատքի կրողն էր, այլեւ ընդգծուած հայրենասէր, ազգասէր:

Նա նաեւ ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ինչո՞ւ չէ, կայսերական Հայաստանի գաղափարի կրողն էր։ Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ Խորենացին հռոմէացի զօրավար Լուկուլլոսի մասին կայսերապետական քամահրանքով է խօսում՝ յիշատակելով նրան որպէս Վայկուն անունով ինչ-որ աւազակի, որը վրդովում էր Հայոց աշխարհը: Մովսէս Խորենացին ոչ միայն շարադրել է հայոց ամբողջական պատմութիւնը, այլ նաեւ դրա շնորհիւ պետականութիւնը կորցրած հայութեան շրջանում հայրենասիրութիւն է սերմանել եւ նպաստել ազգային դիմագծի ամբողջական ձեւաւորմանն ու պատմական յիշողութեան պահպանմանը: Ազգային գաղափարախօսութեան (ամբողջական հայրենիքի գաղափարի) տեսանկիւնից չափազանց կարեւոր է նաեւ պատմահօր կողմից մեր հայրենիքի աշխարհագրական սահմանների մատնանշումը, ինչի շնորհիւ ընթերցողը պատմահօր տողերում «ականատես» է դառնում Հայքի բնակավայրերի անուանակոչութեանը Հայկ Նահապետի ժառանգների անուններով՝ Այրարատ, Սիւնիք (Սիսական), Գեղարքունիք, Արագածոտն, Շիրակ, Արցախ… Դեռեւս հազարամեակների խորքից պատմահայրը գալիք սերունդներին թողնում է դրանց հայկականութեան վերաբերեալ վկայութիւններ…
Դարերի ընթացքում, յատկապէս Բագրատունեաց թագաւորութեան անկման, հայոց պետականութեան վերացման, քոչուորական տիրապետութեան հետեւանքով, երբ ոչնչացուեց պետականութեան գաղափարը կրող շերտը՝ ազնուականութիւնը, անկում ապրեց եւ մոռացութեան տրուեց նաեւ հայ ազգային գաղափարախօսութիւնը:

1804-1813 եւ 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմների հետեւանքով Արեւելեան Հայաստանը միացաւ Ռուսաստանին, եւ աստիճանաբար սկսեց բարձրանալ հայութեան կրթական մակարդակը, միաժամանակ ձեւաւորւում էր հայկական ընտրախաւը՝ էլիտան, եւ նոր շրջանում ասպարէզ եկան ազգային դիմագիծ ունեցող մի շարք գործիչներ՝ Խաչատուր Աբովեանը, Պատկանեանը, Մուրացանը, Ծերէնցը, Միքայել Նալբանդեանը, Ռափայել Պատկանեանը, Մկրտիչ Խրիմեանը (Խրիմեան Հայրիկ) Գրիգոր Արծրունին (իր «Մշակ» պարբերականով) եւ այլք, որոնք նպաստեցին շուրջ 800 տարի սեփական ազգային դէմքը կորցրած հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութեան հիմքերի ձեւաւորմանը: Այս գործում անգնահատելի դեր խաղաց յատկապէս Րաֆֆին, որի բոցաշունչ հայրենասիրական գործերը ոչ միայն արթնացրին հայութեան պատմական յիշողութիւնը, այլեւ մղեցին նրան մէկ գերագոյն նպատակի՝ Արեւմտեան Հայաստանի ազատագրմանը թուրքական բռնապետական լծից: Արդէն այս շրջանից՝ 19-րդ դարի երկրորդ կէսից սկսած «հայերի ազգային գաղափարախօսութիւնը պատմականօրէն ստացել է Հայկական հարց, Հայ դատ եւ Պահանջատիրութիւն անուանումները, որը նշանակում է կորցրած Հայրենիքի ազատագրում»2:

Ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման գործում նոր եւ նորագոյն շրջանում կարեւոր դեր խաղացին հայ ազգային կուսակցութիւնները՝ «Արմենականները», «Հնչակեանները» եւ յատկապէս «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը»: Այս երեք կուսակցութիւններն էլ ասպարէզ իջան մէկ կարեւորագոյն գերխնդրով` Արեւմտեան Հայաստանի ազատագրման նպատակով։

Ժամանակի ընթացքում ազգային գաղափարախօսութեան եւ ազատագրական պայքարի ջահակիրը դարձաւ ՀՅԴ-ն, որը «….Հրապարակ իջաւ ազատագրական պայքարի Մանիֆեստով մը, որ կոչ կ’ընէր բոլոր հայերուն անխտիր՝ զինուորագրուելու թրքահայութեան քաղաքական եւ տնտեսական ազատագրումին ի խնդիր»3: Դաշնակցութիւնը, լինելով ազգային եւ սոցիալիստական կուսակցութիւն, միաժամանակ կարեւորում էր հայութեան բոլոր շերտերի միաւորումը (առանց դասակարգային խտրականութեան)՝ մէկ ընդհանուր նպատակի՝ թուրքական բռնակալութեան դէմ զինեալ (ինչպէս նաեւ քաղաքական ու դիւանագիտական) պայքարով Արեւմտեան Հայաստանի ազատագրման համար: Այսպիսով՝ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմներից յետոյ միջազգային դիւանագիտութեան ասպարէզ մտած Հայկական հարցը գոնէ հայկական շրջանակներում «բարէնորոգումների» ու «ինքնավարութեան» գաղափարից աստիճանաբար վերածւում է Հայաստանի ազատագրման գաղափարի: 1918 թ. Մայիսեան հերոսամարտերի շնորհիւ հայկական մի փոքրիկ հողակտորի վրայ ծնունդ առաւ Հայաստանի առաջին հանրապետութիւնը, որը պէտք է դառնար այն կորիզը, որի շուրջ հիւսուելու էին հայութեան նոր նպատակներն ու երազանքները, ասել է թէ՝ նորագոյն շրջանի հայ ազգային գաղափարախօսութիւնը։ Եթէ աւելի յստակ, ապա «….Նորահռչակ Հայաստանի Հանրապետութիւնը դարձաւ այն միջուկը, որի շուրջ յետագայում պէտք է պտտուեր Միացեալ Հայաստանի գաղափարը….»4: Իսկ Մայիսեան հերոսամարտերը եւ յատկապէս մայիսի 28-ը նշանաւորեցին դարերով պետականութիւն չունեցող հայութեան քաղաքական անկախութեան սկիզբը։ 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի ու կառավարութեան համատեղ նիստում վարչապետ Ալ․ Խատիսեանն ընթերցեց «Միացեալ եւ Անկախ Հայաստանի մասին» հռչակագիրը: Հայաստանի հողի վրայ՝ անկախ հանրապետութեան մայրաքաղաք Երեւանում ընդունուած եւ ընթերցուած այս հռչակագիրը, սակայն, քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկեան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետութեան ռազմակալման (օկուպացիայի) պատճառով տեղափոխուեց Սփիւռք եւ դարձաւ սփիւռքահայութեան ճնշող մեծամասնութեան ազգային գաղափարախօսութիւնը:

Հայաստանի Հանրապետութեան անկումից յետոյ հայրենազրկուած սփիւռքահայութեան քաղաքական ղեկավարութիւնը (հիմնականում ՀՅԴ-ն) հայկական ազգային նորագոյն գաղափարախօսութեան հիմքում դրեց ամբողջական հայրենիքի, անկախ հայկական պետականութեան, ազգային մշակոյթի հիմնադրոյթները:

1988 թ. Արցախեան շարժման սկզբնաւորմամբ սկսուեց Հայաստանի քաղաքական վերածնունդը: Արցախի ազատագրմամբ կարծես սկիզբ էր դրւում հայոց ազգային գաղափարախօսութեան կարեւոր նպատակներից մէկի իրագործմանը` Միացեալ եւ Անկախ Հայաստանի ստեղծմանը։ Դրան զուգահեռ՝ արդէն նաեւ պետական որոշակի աջակցութեամբ ՀՅԴ-ի՝ տասնամեակներ շարունակ մղած Հայ դատի պայքարն աւելի լայն թափ ստացաւ եւ աստիճանաբար ճանաչումից ու դատապարտումից անցում կատարեց հատուցման համար պայքարի, այսինքն՝ պահանջատիրութեան փուլ:

Անկախ Հայաստանում փորձ արուեց ազգային գաղափարախօսութեան հիմքում դնելու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարը, որը, ցաւօք սրտի, Հայաստանի բնակչութեան շրջանում լայն տարածում չգտաւ: Միաժամանակ չմշակուեց եւ պետական քաղաքականութեան հիմքում չդրուեց հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութիւնը: Ցաւօք սրտի, ո՛չ Դաշնակցութեան գաղափարները, ո՛չ Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը, ո՛չ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան գաղափարը, հիմք չդարձան ազգային գաղափարախօսութեան զարգացման համար, ինչն էլ ի վերջոյ նպաստեց ապազգային տարրերի՝ իշխանութեան գալուն, դաւադիր պատերազմով Արցախի դաւաճանական յանձնմանը, հայ-թուրքական «բարեկամութեան» մասին բոլշեւիկեան քարոզչութեան տարածմանը եւ Հայաստանի Հանրապետութեան՝ անկախութեան կորստի վտանգի առաջ կանգնելուն:

Ազգային գաղափարախօսութիւնը ազգի գոյութեան գլխաւոր հենասիւնն է, որը պարունակում է նրա ազգային խնդիրները, դրանք լուծելու համար համազգային պայքարի գաղափարը։ Վերցրէ՛ք ժողովրդից նրա ազգային գաղափարախօսութիւնը, մոռացնել տուէ՛ք նրան իր ազգային խնդիրները, եւ այդ ժողովուրդը կը դադարի գոյութիւն ունենալուց: Ռուսաստանի յայտնի քաղաքական գործիչ Պեօտր Ստոլիպինը 1908 թ. Ռուսաստանի Պետական դումայում արտասանած ճառի ժամանակ պատահական չի ասել՝ «….ժողովուրդները երբեմն մոռանում են իրենց ազգային խնդիրները, բայց այդպիսի ժողովուրդները ոչնչանում են, նրանք դառնում են հող, պարարտանիւթ, որի վրայ հաստատւում են ուրիշ՝ աւելի ուժեղ ժողովուրդներ»5:

Իսկ ժողովրդին ուժեղ դարձնում է ազգային գաղափարախօսութիւնը, ասել է թէ՝ որպէս ազգ նրա գոյութիւն ունենալու իմաստն ու նպատակը: Ինքներս մէզ հարցնենք, թէ որն է մէ՛ր՝ հայերիս գոյութեան իմաստը եւ ազգային նպատակը՝ «պարարտանեօ՞ւթ» դառնալ մեր հայրենիքի հաշուին իրենց հայրենիքը ստեղծող, մեր տեսակը ձուլելով իրենց համար էթնոս ձեւաւորող եւ հայերի բնաջնջումը պետական քաղաքականութիւն դարձրած քոչուոր թուրքերի՝ մեր թշնամու համար եւ ունենալ եւս մէկ «ապրիլի 24», թե՞ վերականգնել մեր տեղը հզօր ազգերի շարքում եւ վերադարձնել մեր նախնիների հազարամեակների վաստակը:

Ի՞նչ անել կանխելու համար տգիտութեան, եսակենտրոնութեան, աշխարհաքաղաքացիութեան ու ապազգայնութեան հետեւանքով առաջացած այս աղէտը։ Պատասխանը յստակ է՝ մշակել ազգային գաղափարախօսութիւն այն սկզբունքով, որ «Յուրաքանչիւր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետեւեալ ազգային գործոնները. ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈԻՅԹ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈԻՆ, ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈԻԹՅՈԻՆ, ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԳԵԿԱՆ ԿԵՐՏՎԱԾՔ, ՆԿԱՐԱԳԻՐ, ԶԳԱՑՈՒՄ՝ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈԳԻ, ԸՆՏԱՆԻՔ, ԿՐՈՆ, ՃԱՇԱԿ, ԿԵՆՑԱՂ, ԷԹՆԻԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ու ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ եւ այլն»6, մշակուած ազգային գաղափարախօսութեանը հաղորդակից դարձնել հայութեան լայն զանգուածներին՝ ցոյց տալով նրանց հայ ազգի գոյութեան իմաստն ու ազգային նպատակները, որոնք են՝
– հայոց լեզուի, հայոց պատմութեան, հայ ընտանիքի, Հայ առաքելական եկեղեցու եւ հայրենիքի նկատմամբ սէրը, պատասխանատուութեան ու պարտքի զգացումը,
– ազգային ճաշակի ձեւաւորումը,
– ազգային միասնութիւնն ու համերաշխութիւնը՝ առանց դասակարգային ու տեղային (ըստ բնակավայրի կամ ծննդավայրի) տարբերակման,
– պահանջատիրութիւնը (Հայոց ցեղասպանութեան համար ցեղասպան Թուրքիայի հատուցումը՝ հայրենազրկուած հայ ժողովրդին վերադարձնելով նրա հայրենիքը),
– կորուսեալ հայրենիքի ազատագրումը (զինուած կամ այլ միջոցներով),
– Միացեալ եւ Անկախ Հայաստանի ստեղծումը հայ ժողովրդի պատմական հայրենիքում:

Ազգային այս նպատակների իրագործման գլխաւոր խթանիչ ուժը ազգային գաղափարախօսութիւնն է, քանի որ, ինչպէս ցոյց է տուել պատմութիւնը, «Բոլոր այն ժողովուրդները, որոնք ունեցել են ազգային գաղափարախօսութիւն եւ ղեկավարուել են այդ գաղափարախօսութեան հիմնադրոյթներով, բռնել են պատմութեան քննութիւնը»7, մինչդեռ այն ժողովուրդները, որոնք չէն ունեցել կամ չէն առաջնորդուել ազգային գաղափարախօսութեամբ, ի վերջոյ հեռացել են պատմութեան թատերաբեմից, որովհետեւ կորցրել են որպէս առանձին էթնոս իրենց գոյութեան նպատակն ու իմաստը…
Ո՞րն է մէ՛ր՝ հայերիս ընտրութիւնը…

——————————————————————————————————
Յղումներ

1. Խուրշուդեան Լ., Հաեոց ազգային գաղափարախօսութիւն, Եր., 1999, էջ 14։
2. Նոյն տեղում, էջ 11-12։
3. Տասնապետեան Հր., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988, էջ 21։
4. Յակոբեան Ա., Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմութեան հոլովոյթում, Եր., 2020, էջ 41։
5. Столыпин П. А., Нам нужна великая Россия, М., 1991, с. 149.
6. Խուրշուդեան Լ., նշվ. աշխ., էջ 15։
7. Նոյն տեղում, էջ 5։

Օգտագործուած գրականութեան ցանկ

1. Խուրշուդեան Լ., Հաեոց ազգային գաղափարախօսութիւն, Եր., 1999։
2. Յակոբեան Ա., Միացեալ եւ Անկախ Հայաստանի գաղափարը հայոց պատմութեան հոլովոյթում, Եր., 2020։
3. Տասնապետեան Հր., Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութենէն մինչեւ Ժ. Ընդհ. Ժողով (1890-1924), Աթէնք, 1988։
4. Столыпин П. А., Нам нужна великая Россия, М, 1991.

«Դրօշակ»

Share