Գէորգ Ղուկասեան
Քաղաքագիտութեան և միջազգային յարաբերութիւններու փորձագէտ
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու
Ա. Մաս
Միջազգային ներկայ անորոշ յարաբերութիւններում, միգրացիոն անկառավարելի հոսքերի ու գլոբիլզացիայի աճի պայմաններում քաղաքական գործընթացներում շարունակապէս մեծանում է սփիւռքի քաղաքական դերակատարութիւնը: Այն յատկապէս ակնառու դրսեւորւում է հայրենիք-ընդունող պետութիւն փոխյարաբերութիւններում։ Միջազգային յարաբերութիւններում սփիւռքի դերի շարունակական բարձրացմանը նուիրուած բազմաթիւ հետազօտութիւններ կան։ Յընթացս յիշատակենք միայն ամերիկացի յայտնի քաղաքագէտ Սամուէլ Հանթինգթոնի այն միտքը, որ «հայրենի կառավարութիւնների հետ սփիւռքի մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից է»։ Այս առումով, խիստ կարեւոր է նաեւ, դեռեւս 2000 թ. Համաշխարհային բանկի կողմից կատարուած մի հետազօտութեան արդիւնքները, որոնք թոյլ են տուել եզրակացնել, որ որեւէ հակամարտութիւնից հինգ տարի յետոյ հակամարտութեան վերսկսման ռիսկը վեց անգամ աւելի մեծ է այն հասարակութիւններում, որոնք Ամերիկայում ունեն խոշոր սփիւռք։
Յայտնի հրեայ գիտնական, սփիւռքի հետազօտող Յոսսի Շէյնը, ով նաեւ խորութեամբ ուսումնասիրել է հայկական սփիւռքի գործունէութիւնը, միջազգային յարաբերութիւններում առանձնացնում է սփիւռքի գործունէութեան երեք տիպ՝ պասիւ դերակատար, ընդունող պետութեան արտաքին քաղաքականութեան վրայ ազդեցութիւն ունեցող սփիւռք եւ հայրենի պետութեան վրայ ազդեցութիւն ունեցող սփիւռք։
Մեր կողմից, հիմնականում ակադեմիական բնոյթի աշխատանքներում, հիմնաւորուել է այն տեսակէտը, որ սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողը էթնիկ լոպպինգն է, ինչին կ’անդրադառնանք քիչ անց։ Բայց էթնիկ լոպպինգն ինքնին, լոպպինգի առաւել լայն համակարգի բաղկացուցիչ մաս է, չնայած որ հասարակական-քաղաքական խօսոյթում այն յաճախ նոյնանում է լոպպինգի ամբողջական համակարգի հետ։ Ընդունուած է կարծել, որ լոպպինգի համակարգը բաղկացած է քաղաքական, սոցիալական, տնտեսական, տարածաշրջանային, էթնիկ եւ յատուկ տեսակներից։
Ըստ ամենայնի՝ «լոպպինգ» եզրոյթն առաջացել է լոպպի բառից, որը նշանակում է կուլուարներ, միջանցք: Ըստ Գալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի փրոֆեսոր Մայքլ Բերնստամի՝ «լոպպիզմ» եզրոյթն առաջին անգամ կիրառուել է 1820-ական թուականներին, երբ ամերիկեան սենատորները խորհրդակցութիւնների ընդմիջումներին հաւաքւում էին Ներկայացուցիչների պալատի լոպպիում՝ սպասասրահում, եւ քննարկում ու որոշումներ կայացնում այս կամ այն հիմնահարցի վերաբերեալ: Դրա մասին ամերիկեան մի թերթ գրել է 1820 թ․։ Ըստ մէկ այլ տեսակէտի՝ «լոպպինգ» եզրոյթն առաջին անգամ կիրառուել է ΧΙΧ դարի երկրորդ կէսին, ԱՄՆ 18-րդ նախագահ Ուլիս Սիմփսոն Գրանտի (1869-1870 թթ.) նախագահութեան ժամանակաշրջանում:
Էթնիկ լոպպիստական խմբերը ձեւաւորւում են ազգային, կրօնական, մշակութային համախմբման միջոցով՝ հիւրընկալող երկրի պետական իշխանութեան թեւերի, տարածքային եւ տեղական իշխանութիւնների, հասարակական կազմակերպութիւնների վրայ՝ ի շահ իրենց հայրենի պետութեան, ուղղակի կամ անուղղակի ճնշումներ գործադրելու, քաղաքական նպատակներ դնելու, դրանց հասնելու համար: Որպէս կանոն, էթնիկ լոպպիստական խմբերն իրենց հայրենի երկրների հետ ունեն միջնորդաւորուած կամ ուղղակի կապեր:
Որպէս կանոն էթնիկ լոպպիստական խմբերն ունեն գործունէութեան որոշ առանձնայատկութիւններ, այն է՝ հիմնահարցի ձեւակերպում, տեղեկատուութեան ապահովում, քաղաքականութեան մշտադիտարկում, իսկ գործունէութեան տեխնոլոգիաներն են հասարակական կարծիքի համախմբումը, ընտրարշաւային աջակցման գործիքակազմը, պաշտօնական հնարաւորութիւնների ու կապերի կիրառումը, ոչ պաշտօնական կապերի գործադրումը, պետական ու տեղական իշխանութեան թեւերի վրայ հոգեբանական ճնշման գործադրումը եւ այլն։
Այս հակիրճ ներածականից յետոյ, մեր ընթերցողի ուշադրութիւնն ենք ցանկանում հրաւիրել Եւրոպայում հայկական էթնիկ լոպպինգի վրայ, խոստանալով յաջորդ յօդուածում, այլեւս առանց ներածականի, անդրադառնալ հայկական լոպպինգին Ամերիկայի Միացեալ Նահանգներում։
Այսպիսով, Եւրոպայում հայերը սկսել են հաստատուել դեռեւս վաղնջական ժամանակներից՝ պայմանաւորուած հիմնականում առեւտրական գործունէութեամբ, իսկ միջնադարում՝ հայկական թագաւորութիւնների ու իշխանութիւնների անկմամբ պայմանաւորուած՝ հայ ազնուականութեան արտագաղթով։
Համաձայն նախկինում ՀՀ կառավարութեան կառուցուածքում գործող սփիւռքի նախարարութեան տուեալների՝ Եւրոպական աշխարհամասում ապրող հայերի ընդհանուր թիւը գերազանցում է 1․670․000-ը։ Եւրոպայում հայութիւնն առաւել խիտ է բնակւում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանտայում, Մեծ Բրիտանիայում, Պելճիքայում եւ այլուր։ Ինչ վերաբերում է համայնքային կազմակերպութիւններին, ապա Արեւմտեան Եւրոպայում դրանց ընդհանուր թիւը 153 է, Հիւսիսային Եւրոպայի եւ Մերձպալթեան երկրների հայկական համայնքներում՝ 31, Արլ․ Եւրոպայի եւ Պալքանեան երկրներում՝ 1103։
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփիւռքի գործերով գլխաւոր յանձնակատարի գրասենեակի տուեալներով, ներկայումս Եւրոպական աշխարհամասում ապրող հայերի ընդհանուր թիւը գերազանցում է 1.505.000-ը։
Առհասարակ երբ խօսում ենք Եւրոպայում հայկական լոպպինգի մասին, անհրաժեշտ է այն դիտել երեք հիմնականհարթութիւնների վրայ՝ համաԵւրոպական (միջազգային եւ ինտեգրացիոն կազմակերպութիւնների հետ աշխատանք), առանձին պետութիւնների հետ աշխատանք եւ համայնքային զօրեղացմանը միտուած աշխատանքներ:
Ինչ վերաբերում է համաԵւրոպական մակարդակին, ապա ցաւօք այստեղ մենք չունենք հայկական լոպպիստական կազմակերպոութիւնների մեծ ցանկ եւ հիմնական դերակատարը ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի յանձնախումբն է՝ իր Պրուքսէլի կենտրոնական գրասենեակով։
Հայ դատի Եւրոպայի գրասենեակը հիմնուել է 2001 թուականին: Այն նախ տեղակայուած էր Փարիզում, սակայն յետոյ, հաշուի առնելով այն, որ ներԵւրոպական քաղաքական գործընթացներն ու ԵՄ վարչական ապարատը կենտրոնացած էին Պրուքսէլում, տեղափոխուեց այնտեղ։ Ներկայումս Հայ դատի Եւրոպայի գրասենեակը համակարգում է Եւրոպական 14 երկրներում (ԵՄ անդամ 13 երկրներում) գործող Հայ դատի յանձնախմբերի աշխատանքը, սակայն առաւելապէս ինքն է նախաձեռնում եւ իրականացնում տարաբնոյթ աշխատանքներ։
Կազմակերպութեան նպատակներն են՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը, Արցախի ժողովրդի հիմնական իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի հարցի միջազգայնացումը, ինչպէս նաեւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների զարգացմանը նպաստելը ամենատարբեր հարթութիւններում՝ սկսած խորհրդարանական դիւանագիտութեանն օժանդակելուց մինչեւ տնտեսական ներդրումների ներգրաւում ։
Գրասենեակի գործունէութիւնը հիմնականում կենտրոնացած է ղարաբաղեան հիմնախնդրի վրայ։ Այս առումով գործունէութեան նպատակն է բարձրաձայնել Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան տնօրինելու, ինչպէս նաեւ խաղաղութեան ու արժանապատուութեան մէջ ապրելու իրաւունքները, ինչպէս նաեւ ճեղքել Արցախի քաղաքական մեկուսացման Ատրպէյճանական պարտադրանքը, նպաստել Արցախի տնտեսական զարգացմանն ու մարդու իրաւունքների պաշտպանուածութեան մակարդակի բարձրացմանը ։
Այս նպատակների իրականացման համար գրասենեակի գործիքակազմն ընդգրկում է տարբեր միջոցառումների կազմակերպում՝ Արցախի բարձրաստիճան ղեկավարութեան Եւրոպական այցեր, Եւրոպական պատգամաւորների այցելութիւններ Արցախ (մինչեւ 2020 թ. պատերազմը), տարբեր սեմինարներ, խորհրդաժողովներ, ցուցահանդէսներ, մշակութային միջոցառումներ, շնորհանդէսներ եւ այլն: Գրասենեակի գործունէութեան միւս ուղղութիւնները Եւրոպական միութեան իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր թեւերի հետ մշտական հանդիպումներն են եւ նրանց վրայ համայնքային ճնշումների գործադրման արշաւների իրականացումը։
ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ԵՄ ղեկավար կառոյցներից հիմնականում աշխատում է Եւրոպական խորհրդարանի հետ՝ հաշուի առնելով լոպպիստական խմբերի նկատմամբ Եւրոպական խորհրդարանի համեմատաբար աւելի բաց լինելը, ինստիտուցիոնալ հնարաւորութիւնները եւ առհասարակ Խորհրդարանի ներկայացուցչական բնոյթը։ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի գործունէութեան ուղղութիւններից էլ պարզ է դառնում, որ այս կառոյցի աշխատանքները յատուկ խորհրդարանական ուղղուածութիւն ունեն։ Մասնաւորապէս իբրեւ գործունէութեան ուղղութիւն է նշւում օժանդակութիւնը հայկական խորհրդարանական դիւանագիտութեանը՝ Եւրոպական խորհրդարանի, Եւրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցութեան կոմիտէի, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ միջխորհրդարանական յարաբերութիւններում ։
Եւրոպական խորհրդարանում Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքային ուղղութիւններն են՝
1) Խորհրդարանի կողմից հայանպաստ բանաձեւերի առաջմղում նախորդ ենթակէտում ներկայացուած ողջ օրէնսդրական գործընթացում՝ նախագծումից մինչեւ քուէարկում
2) Օրէնսդրական բարելաւումների (amendments) ներկայացում
3) Հայաստանին ու Արցախին առնչուող օրէնսդրական գործընթացի մշտադիտարկում
4) Ատրպէյճանա-թուրքական լոպպիստական կառոյցներին հակազդում
5) Օրէնսդրական այնպիսի փոփոխութիւնների կանխարգելում, որոնց յետեւում կանգնած է ատրպէյճանական լոպպին
6) Եւրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացում Համագործակցութեան կոմիտէի շրջանակներում
7) Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից ԵՄ գործադիր իշխանութեան ղեկավարութեանը պատգամաւորական հարցումներով ապահովում
8) Հայաստանի համար հետաքրքրութիւն ունեցող հարցերում պատգամաւորական ստորագրահաւաքների ապահովում
9) Եւրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամութեան խմբի ձեւաւորում եւ ընդլայնում
10) Եւրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամութեան խմբի ձեւաւորում եւ ընդլայնում
11) Խորհրդարանական պատուիրակութիւնների եւ փաստահաւաք առաքելութիւնների այցելութիւններ Հայաստան եւ Արցախ
12) Պարբերաբար հանդիպումներ խորհրդարանականների հետ՝ բարեկամների շրջանակն ընդլայնելու համար
13) Խորհրդարանում հանրային լսումների կազմակերպում հայութեանը հետաքրքրող թեմաներով
14) Հայաստանի ու Արցախի մասին, առկայ մարտահրաւէրների մասին խորհրդարանականների իրազեկուածութեան մեծացում
15) Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան քաղաքների եւ Եւրոպական քաղաքների միջեւ ապակենտրոն տարածքային համագործակցութիւնների հաստատում եւ զարգացում (քոյր քաղաքներ) ։
Հայ դատի Եւրոպայի յանձնախմբի քաղաքական համակարգմամբ գործում են Հայ դատի Ֆրանսիայի, Գերմանիայի, Աւստրիայի, Պելճիքայի, Հոլանտայի, Շուէտիայի, Իսպանիայի, Աւստրիայի, Յունաստանի, Կիպրոսի, Լեհաստանի, Պուլկարիայի, Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի յանձնախմբերը, իսկ 2022 թուականից յանձնախումբ է գործում նաեւ Իտալիայում։
Ֆրանսիայի հայկական համայնքը սփիւռքի ամենակազմակերպուած համայնքներից է, ինչն ի թիւս այլնի՝ պայմանաւորուած է Ֆրանսիայում հայկական ներկայութեան պատմական առկայութեամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ղեկավարների՝ Ֆրանսիայում հաստատմամբ: Հայերը Ֆրանսիայում հաստատուել են դեռեւս VI դ. սկսած, համայնքի ընդհանուր թիւը ներկայումս շուրջ 700 հազար է, գործում են հայկական հարիւրաւոր կազմակերպութիւններ:
Շուրջ 500 հայկական կազմակերպութիւններ միաւորում է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդը (Co-ordination Council of Armenian organisations of France (CCAF)), որը նաեւ ակտիւ լոպպիստական գործունէութիւն է իրականացնում:
Իր հերթին, Ֆրանսիայի Հայ դատի յանձնախումբը, որն ըստ էութեան գործում է CCAF-ի կազմում, ֆրանս-հայկական մեծագոյն քաղաքական կազմակերպութիւնն է, որի նպատակներն են.
1. Ի պաշտպանութիւն ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի՝ նպաստել հասարակական իրազեկուածութեան բարձրացմանը,
2. հայկական համայնքին յուզող հարցերում ազդել Ֆրանսիայի եւ ԵՄ-ի քաղաքականութեան վրայ,
3. ներկայացնել հայութեան միասնական տեսակէտները պետական քաղաքական տարբեր հարցերի վերաբերեալ՝ ծառայելով իբրեւ կապ համայնքի եւ նրա ընտրած պաշտօնեաների միջեւ:
Ֆրանսիայի Հայ դատի յանձնախումբը ամենաակտիւներից է այդպիսի յանձնախմբերի մէջ, ընդ որում, ակտիւութիւնը չի սահմանափակւում միայն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններին համակցուած գործելով, այլ շօշափում է հայութեանն առնչուող հասարակաքաղաքական եւ սոցիալական կեանքի ամենատարբեր ոլորտներ:
Հայկական շահերի սպասարկում հետապնդող լոպպիստական կառոյց է նաեւ «Հայաստանի Եւրոպացի ընկերներ» (European Friends of Armenia/EuFoA/) կազմակերպութիւնը, որը հիմնադրուել է 2009 թ., գործում է Պրուքսէլում եւ գրանցուած է համաձայն պելճիքական եւ ԵՄ օրէնսդրութեան։ Կառոյցի գործունէութեան հիմնական նպատակներն են՝
-ամրապնդել ԵՄ-Հայաստան յարաբերութիւնները,
-խորհրդակցութիւնների եւ բանավէճերի միջոցով հասկանալ Հայաստանում առկայ իրավիճակը,
-միմիանց կապել երկու կողմերի որոշումներ կայացնողներին եւ տեղեկացնել Եւրոպա-Հայաստան յարաբերութիւններում առկայ մարտահրաւէրների եւ յաջողութիւնների մասին,
-խթանել շփումները քաղաքացիական հասարակութեան հիմնական անդամների միջեւ,
-բարձրացնել Հայաստանի մասին իրազեկուածութիւնը,
-որոշումներ կայացնողներին եւ հասարակական կարծիքի վրայ ազդողներին տրամադրել տեղեկատուութիւն հայ իրականութեան մասին,
-«հաւաքել» Եւրոպայի հայ ընկերներին եւ կապ հաստատել նրանց միջեւ։
Ինչպէս նշուեց՝ Եւրոպական միութեան 13 անդամ-պետութիւններում, առաւել՝ Մեծ Բրիտանիայում գործում են Հայ դատի յանձնախմբեր, որոնք այսօր Եւրոպայում հայկական էթնիկ լոպպինգի հիմնական կրողներն են։ Ի հարկէ, ամբողջ Եւրոպայում գործում են հարիւրաւոր հայկական կազմակերպութիւններ, տեղական բնոյթի համայնքային կազմակերպութիւններ, քաղաքական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ եկեղեցական, բարեգործական, մշակութային, կրթական, լրատուական, մարմնակրթական, մասնագիտական ընկերակցութիւններ եւ այլ կազմակերպութիւններ, օրինակ յիշատակենք «Թեքէեան» մշակութային միութիւնը, Հայ օգնութեան միութիւնը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը, Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը, Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը, «Պօղոսեան» հիմնադրամը եւ այլն։ Այս կազմակերպութիւնները իրենց կանոնադրական նպատակներով լոպպիստական չեն եւ հետեւաբար չեն էլ կարող ուղղակի լոպպիստական գործունէութիւն ծաւալել, քանի որ Արեւմտեան աշխարհում լոպպիստական կազմակերպութիւնները պարտաւոր են բաւարարել որոշակի օրէնսդրաիրաւական պայմանների։ Այնուամենայնիւ հայկական ամենատարբեր կազմակերպութիւնների գործունէութիւնը Եւրոպայում, որոշակիօրէն նպաստում է հայկական զոյգ պետականութիւնների շահերի պաշտպանութեանը։
Բ. Մաս
«Հորիզոնում» հրապարակուած մեր նախորդ յօդուածում անդրադարձ ունեցանք արդի միջազգային յարաբերութիւններում սփիւռքի աճող քաղաքական դերակատարութեանը, լոպպինգի էութեանն ու տարատեսակներին, էթնիկ լոպպինգի բնոյթին, իբրեւ սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնող։ Քննարկեցինք Եւրոպայի հայկական էթնիկ լոպպինգի էութիւնը, քաղաքական հիմնական առաջնահերթութիւններն ու գործունէութեան ուղղութիւնները, յատկորոշեցինք կարեւոր լոպպիստական կառոյցները։
Սոյն յօդուածում նպատակ ունենք ընթերցողի դատին յանձնել մեր տեսակէտները Միացեալ Նահանգներում հայկական էթնիկ լոպպինգի սկզբնաւորման, առաջին դրսեւորումների զարգացման փուլերի, քաղաքական առաջնահերթութիւնների․ գործունէութեան ոլորտների եւ աշխատելաոճի վերաբերեալ՝ յընթացս անդրադառնալով էթնիկ լոպպինգի ընկալման վերաբերեալ եւրոպական եւ ամերիկեան քաղաքական մշակոյթների տարբերութեանը։ Ի հարկէ հաշուի առնելով այդ ամէնի ծաւալը, ցաւօք սրտի պէտք է իւրաքանչիւր դրուագի թռուցիկ անդրադարձ կատարենք եւ անդրադառնանք միայն խիստ կարեւոր իրադարձութիւններին, կազմակերպութիւններին եւ քաղաքական առաջնահերթութիւններին՝ նպատակ ունենալով ընթերցողին փոխանցել հիմնարար տեղեկութիւններ եւ խթանել նրա հետաքրքրութիւնը։
Ամերիկայում հայկական հետքի վերաբերեալ առաջին վկայոյթյունները հասնում են մինչեւ 17-րդ դարի առաջին կէս, սակայն հայ համայնքը որպէս այդպիսին, փուլ առ փուլ ձեւաւորուել է Արեւմտեան Հայաստանում հայութեան դէմ իրականացուած ցեղասպան գործողութիւնների արդիւնքում՝ սկսած 19-րդ դարավերջի համիտեան ջարդերից։ Այդպիսով, առաջին աշխարհամարտի նախօրեակին արդէն Ամերիկայի Միացեալ Նահանգներում կար շուրջ 60․000-անոց հայ համայնք, ինչի թիւը շեշտակիօրէն մեծացաւ Հայոց ցեղասպանութեան արդիւնքում ԱՄՆ գաղթած աւելի քան 20.000 հայութեան, ապա Երկրորդ աշխարհամարտից ու դրանից յետոյ միջազգային միգրացիոն ակտիւացած շարժերի արդիւնքում ԱՄՆ-ում հաստատուած հայութեան շնորհիւ։ ԱՄՆ-ում հայութեան հաստատման բոլորովին այլ գործընթաց սկսեց 1990-ականների կէսերից, որը տարբեր ինտենսիւութեամբ շարունակւում է։
Արդիւնքում, Ամերիկայում ձեւաւորուել է հայկական կուռ եւ համեմատականօրէն կազմակերպուած սփիւռք, որի քաղաքական գործունէութեան հիմնական գործառնողի՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեանը կ’անդրադառնանք սոյն յօդուածում։
Առհասարակ, Ամերիկայի Միացեալ նահանգներում, ի տարբերութիւն եւրոպական երկրների, լոպպինգը քաղաքական մշակոյթի ուրոյն մաս է եւ քաղաքական գործընթացում ընդունուած երեւոյթ։ Եւրոպայում բոլորովին այլ իրականութիւն է, երբ լոպպիստական գործունէութիւնը կապւում է ստուերային գործարքների, կոռուպցիայի, ազդեցութեան չարաշահման եւ բացասական այլ երեւոյթների հետ, ինչն ի հարկէ որոշակիօրէն դժուարեցնում է Եւրոպայում էթնիկ լոպպիստական կառոյցների գործունէութիւնը։ Պատահական չէ, որ օրինակ Եւրոպայում լոպպիստական կառոյցները, իրենց գործունէութիւնը բնորոշելու համար առաւել յաճախ օգտագործում են “advocacy” եզրոյթը, քան “lobby”-ն։ Ամերիկայում լոպպինգի գործընթացի համար օրէնսդրաիրաւական ապահովման հիմքերը գալիս են դեռեւս 18-րդ դարավերջից, Ամերիկեան Սահմանադրութեան առաջին լրացումից, որով նախատեսուած՝ քաղաքացիների բողոքներ ներկայացնելու եւ յարակից այլ իրաւունքները հող նախապատրաստեցին Ամերիկայում լոպպիստական գործունէութեան սկզբնաւորման համար։ Աւելին, ինչպէս մեր նախորդ յօդուածում քննարկեցինք, հենց լոպպինգ բառն ինքնին ամերիկեան քաղաքական միջավայրի ծնունդ է։ լոպպինգի վերաբերեալ ամերիկեան օրէնսդրութիւնը պատմութեան ընթացքում շարունակապէս կատարելագործուել է՝ յատուկ ուշադրութիւն դարձնելով լոպպիստական խմբերի գործունէութեան կանոնակարգմանը, վերահսկողութեանը եւ հաշուետուողականութեան ապահովմանը։ Յատկապէս յիշատակման են արժանի նախ 1876թ․ օրէնքը, որը ենթադրում էր Կոնգրեսում լոպպիստական գործունէութեամբ զբաղուողների գրանցում, ապա 1938թ․ ընդունուած «Օտարերկրեայ գործակալների գրանցման մասին» (Foreign Agents Registration Act – FARA) օրէնքը, 1946թ․ ընդունուած լոպպիստական գործունէութեան կարգաւորման մասին (Federal Regulation of Lobbying Act – FRLA) օրէնքը։ լոպպիստական խմբերի գործունէութեան կարգաւորմանը վերաբերող բազմամակարդակ օրէնսդրական ակտեր ընդունուել են նաեւ բոլորովին վերջերս․ ինչպէս ասացինք՝ դա շարունակական գործընթաց է։
Ամենեւին պատահական չէ, որ հենց Ամերիկայի Միացեալ Նահանգները դարձաւ Հայ դատի շարժման սկզբնաւորման օճախը՝ ինչը պայմանաւորուած էր նաեւ 20-րդ դարի կէսերին միջազգային յարաբերութիւնների տրամաբանութեամբ, Ամերիկայի հայկական սփիւռքի բնոյթով ու կարողականութեամբ, ինչպէս նաեւ միջազգային քաղաքական գործընթացներում Ամերիկայի Միացեալ Նահանգների ժամանակի դերակատարութեամբ։
Հաշուի առնելով հայկական հարցը միջազգային քաղաքական օրակարգում վերակենդանացնելու եւ դրա լուծման հնարաւորութիւնները, ինչը պայմանաւորուած էր Երկրորդ աշխարհամարտի արդիւնքում միջազգային յարաբերութիւնների բնոյթով՝ մասնաւորապէս աշխարհի քաղաքական քարտէզի վերաձեւութեամբ եւ պատերազմի ընթացքում Թուրքիայի կրաւորական կեցուածքի համար վերջինիս պատասխանատուութեան ենթարկելու հաւանականութեամբ՝ ՀՅ Դաշնակցութիւնը 1944թ․ից սկսեց Հայ դատի հիմնադրութեան գործը։
Ամերիկայում Հայ դատի հիմնադրութեան պատմութիւնը կարօտ է մասնագիտական խորն ուսումնասիրութիւնների` արխիւագիտական նիւթի եւ ժամանակի միջազգային յարաբերութիւնների խորքային գործընթացների համադրութեամբ, ինչին Հայ դատի կենտրոնական գրասենեակն արդէն իսկ ձեռնմուխ է եղել։
Ամէն դէպքում Պոսթոնում, Սիմոն Վրացեանի խմբագրութեամբ լոյս տեսնող «Հայրենիք տարեգիրք-տօնացոյց»ի 1947թ․ համարում զետեղուած է մի հետաքրքիր յօդուած՝ Հայ դատի հիմնադրութեան վերաբերեալ։ Այն ներկայացնում է ժամանակի ազգային-քաղաքական առաջադրանքներն ու Հայ դատի հիմնադրութեան եւ հետագայ գործունէութեան նպատակներրը։ Բանը նրանում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ դրանից յետոյ էլ հայ հանրոյթի մօտ քաղաքականապէս դեռեւս բիւրեղացած չէր հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան խնդիրը, ինչի արդիւնքում առաջ էին եկել երկու իրարամերժ քաղաքական ուղղութիւններ՝ առաջինը յանգում էր նրան, որ արտասահմանի հայութիւնը անելիք չունի հայ ժողովրդի իրաւունքների միջազգային պաշտպանութեան գործում եւ դրա իրականացումը կը նշանակի ուղղակի միջամտութիւն Խորհրդային Հայաստանի գործերին։ Այս ուղղութեան հետեւորդները նոյնիսկ մերժում էին առհասարակ Հայկական հարցի գոյութիւնը։ Սփիւռքի հայութեան միւս թեւը այն դիրքորոշմանն էր, որ պատերազմի աւարտը, Միաւորուած ազգերի կազմակերպութեան ստեղծումն ու աշխարհի քաղաքական վերաբաժանումն ու նոր սահմանազատումները պատեհ առիթ են վերստին արծարծելու Հայկական հարցը։
Այս ամէնի ետնապատկերի վրայ ՀՅ Դաշնակցութիւնը ձեռնարկեց Հայ դատի հիմնադրութեան գործը։ Հայ դատի յանձնախումբն իր գործունէութիւնը սկսեց 1944թ․ Դեկտեմբերին, 1945 թ․ գրասենեակ ունեցաւ Նիւ Եորքում, հայերէն՝ «Հայ դատի յանձնախումբ», անգլերէն՝ “Armenian National Committee” անունով։ Ի սկզբանէ Հայ դատը ընդհանրական առումով ձեւակերպուեց որպէս «թրքահայ հողերի կցում Հայաստանի Հանրապետութեանը եւ տարագիր հայութեան վերադարձ հայրենիք»։ Դաշնակցութեան կողմից ձեռնարկուած՝ Հայ դատի պաշտպանութեան ֆոնդի հանգանակութեան ընթացքում ժողովրդական մեծ խանդավառութեամբ գոյացաւ 165 000 ԱՄՆ տոլար։ Հայ դատի յանձնախմբի առաջին գրասենեակը տեղակայուած էր Նիւ Եորքում։ Իր առաջին իսկ նիստում Հայ դատի յանձնախումբը որոշակիացրեց իր գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ քաղաքական հաստատումները՝ մասնաւորապէս․
- Հայ դատ ասելով յանձնախումբը հասկանում է նախագահ Ուիլսոնի սահմանագծած հայկական հողերի կցումը Խորհրդային Հայաստանին եւ տարագիր հայութեան վերաբնակումը հայկական հողերում
- Օգտակար եւ բաղձալի նկատել ազգային բոլոր ուժերի գործակցութիւնը Հայ դատի հետապնդման շուրջ
- Եթէ խորհրդային Հայաստանի իշխանութիւնն ինքն ստանձնի Հայ դատի հետապնդումը, Հայ դատի յանձնախումբի գործը պէտք է լինի աջակցել դրան
- Հայ դատի յանձնախումբը պէտք է Հայ դատը ներկայացնի ԱՄՆ կառավարութեանը եւ հասարակութեանը, ինչպէս նաեւ միջազգային յարաբերութիւններում՝ պետութիւններին, քաղաքական ուժերին ու կազմակերպութիւններին, որոնք կարող են դերակատարում ունենալ Հայ դատի լուծման գործում։
- Իր նպատակներին հասնելու համար Հայ դատի յանձնախումբը դիմումներ է ներկայացնում ԱՄՆ կառավարութեանը, միջազգային խորհրդաժողովներին, նիւթեր է հրատարակում Հայ դատի վերաբերեալ, տպագիր մամուլով եւ ռադիոյով արծարծում է Հայ դատի խնդիրները։
Հայ դատի յանձնախմբի առաջին գործողութիւնը եղաւ յիշեցնել պետութիւնների ղեկավարներին Հայ դատի գոյութեան եւ դրա լուծման անհրաժեշտութեան վերաբերեալ։ Այդ նպատակով 1944թ․ գարնանը յարաբերական բնոյթի աշխատանքներ են իրականացուել ամերիկեան, անգլիական եւ խորհրդային կառավարութիւնների ներկայացուցիչների հետ, ներկայացուել են Հայ դատի հետապնդած նպատակներն ու դրանց պատմաքաղաքական հիմնաւորուածութիւնը։
Հայ դատի նորակազմ յանձնախմբի երկրորդ կարեւոր քայլը Միացեալ Ազգերի Կազմակերպութեան՝ Սան Ֆրանսիսկոյի խորհրդաժողովին պատուիրակութիւն գործուղելն էր։ Վերջինս խորհրդաժողովի ներկայացուցիչներին է ներկայացրել հանգամանօրէն պատրաստուած եւ հիմնաւորուած թղթածրար՝ հայկական պահանջների վերաբերեալ, ինչը լայնօրէն լուսաբանուել է ժամանակի ամերիկեան մամուլում։ Հայ դատի յանձնախումբը հիմնադրումից անմիջապէս յետոյ ակտիւօրէն օգտագործել է մամուլի հնարաւորութիւնները՝ հանրային կարծիքի վրայ ազդելու եւ համակիր շրջանակներն ընդլայնելու ուղղութեամբ, եւ պատահական չէ, որ Սան Ֆրանսիսկոյի խորհրդաժողովի օրերին Հայ դատի յանձնախումբը հանդէս էր գալիս տեղական ռադիոյի եթերում։ Այդ կարճ ժամանակահատուածում բիւրեղացած մտքերն ու քաղաքական առաջնահերթութիւնները հետագայում որդեգրուեցին հայկական սփիւռքի այլ գաղթօճախների կողմից։ Արդէն 1960-ական թթ․ Հայոց Ցեղասպանութեան յիսունամեակի առիթով սփիւռքի բոլոր համայնքներում Դաշնակցութիւնը կազմեց յատուկ հանձնախմբեր, որոնք էլ այնուհետեւ կոչուեցին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբեր եւ առ այսօր գործում են աշխարհի առաւել քան երեսուն երկրներում:
Միջանկեալ նկատենք, որ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ակունքներն աւելի վաղ ժամանակներից են գալիս: Առաջին աշխարհամարտի աւարտին Ամերիկայի Միացեալ Նահանգներում կազմուած «Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէն», իսկ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ` նաեւ «Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը» եղել են այն կառոյցները, որոնց միջոցով Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միջազգային մակարդակով վարում էր քաղաքական, յարաբերական եւ քարոզչական աշխատանքներ՝ յանուն հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչման եւ Հայաստանի անկախութեան:
Անդրադառնալով Հայ դատի Ամերիկայի յանձնախմբին, նշենք, որ այն հայկական ամենախոշոր եւ ամենաազդեցիկ համայնքային կազմակերպութիւնն է Ամերիկայի Միացեալ Նահանգներում։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ակտիւօրէն առաջ է մղում ամերիկահայութեան մտահոգութիւններն ու քաղաքական պահանջները՝ այդ գործում համագործակցելով ինչպէս համայնքային, այնպէս էլ այլ ժողովուրդների համայնքային կազմակերպութիւնների հետ։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի կենտրոնական գրասենեակը տեղակայուած է Ուաշինկթոնում եւ գործում է Armenian National Committee of America անունով։ Հայ դատի ներկայ գրասենեակը հաստատուել է 1984թ․։ Յատկանշական է, որ 1944թ․, որբ սկսւում էր Հայ դատի գործը, յանձնախմբի համար ընտրուեց “Armenian National Committee” անուանումը, որը սակայն 1950-ականների սկզբին փոխուեց եւ յանձնախմբի համար վերցուեց դարասկզբին գործող “The American Committee for the Independence of Armenia” (Հայաստանի անկախութեան ամերիկեան կոմիտէ) կազմակերպութեան անուանումը։
Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի հիմնական նպատակներն են․
- Ի նպաստ ազատ, անկախ եւ Միացեալ Հայաստանի՝ խթանել հասարակական իրազեկուածութիւնը,
- Ամերիկահայ համայնքի հետաքրքրութիւնների շրջանակում ազդել եւ ուղղորդել ամերիկեան քաղաքականութիւնը,
- Հանրային քաղաքականութեան վերաբերեալ ներկայացնել Ամերիկայի հայ համայնքի հաւաքական տեսակէտը, միաժամանակ կապ հանդիսանալ համայնքի եւ վերջինիս կողմից ընտրուած պաշտօնեաների միջեւ,
- Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ակտիւութիւն է դրսեւորում նաեւ մի շարք այլ բնագաւառներում՝ ներգրաւուած լինելով քաղաքական եւ կրթական գործունէութեան բազմաթիւ ոլորտներում, ներառեալ.
- Ամերիկահայ համայնքին յուզող հարցերի վերաբերեալ օրէնսդրական գործընթացների նախաձեռնում, որոնք նպաստում են Հայաստանի, որպէս անվտանգ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական պետութեան ամրապնդմանը,
- Օժանդակութիւն Լեռնային Ղարաբաղի ազատ ինքնորոշմանն ու ապահով սահմաններով անկախութեանը,
- Հայաստանում ամերիկեան օժանդակութեան մակարդակի բարձրացում՝ խթանելու համար Հայաստանի տնտեսական եւ ժողովրդավարական զարգացումը,
- Լեռնային Ղարաբաղին ամերիկեան ուղղակի աջակցութեան ապահովում,
- Հայոց ցեղասպանութեան պատշաճ ոգեկոչում եւ ցեղասպանութեան հետեւանքների վերացմանը նպաստում,
- Թուրքիայի եւ Ատրպէյճանի կողմից Հայաստանի շրջափակման վերացման շուրջ աշխատանքներ։
Յանձնախումբը մասնակցում է համապետական, նահանգային եւ տարածքային մակարդակներում ամերիկեան ընտրութիւններին՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վերաբերեալ լաւատեղեակ պաշտօնեաների միջոցով հայութեանը ներկայացնելով թեկնածուների դիրքորոշումները հայկական խնդիրների վերաբերեալ։ Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ընտրական գործիքների կիրառմամբ նաեւ հանրային օժանդակութիւն է տրամադրում ընտրապայքարի ելած թեկնածուներին1։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումը յատուկ ուշադրութիւն է դարձնում հայ համայնքի հետ օրկանական կապի ու փոխգործակցութեան ապահովմանը, ինչի համար Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն օգտագործում է համացանցային մի շարք գործիքներ՝ փոստային դասիչի միջոցով օրէնսդիրներին գտնելու եւ նրանց նամակներ գրելու հնարաւորութիւն, օնլայն հանգանակութիւնների ապահովում եւ քաջալերում, բաժանորդագրում Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի էլեկտրոնային նամակագրութեան համակարգին, կամաւորագրում Հայ դատի աշխատանքներին, նուիրատուների հետ ինչպէս առցանց, այնպէս էլ ֆիզիքական նամակագրութեան եւ հաշուետուողականութեան ապահովում։ Այս գործողութիւնները լոպպիստական կազմակերպութեանը թոյլ են տալիս հանդէս գալ իբրեւ համայնքային լոպպիստական կազմակերպութիւն, ընդունող երկրի իշխանութիւններին առաւել հիմնաւոր ներկայացնել սեփական քաղաքական դիրքորոշումները, քաղաքականապէս ուղղորդել համայնքը, ինչպէս նաեւ օգտուել վերջիններիս հնարաւորութիւններից։