«Վրաստանի հայ համայնք». Արցախը կանգուն է մնալու, արցախցու ոգին՝ անկոտրում

«Վրաստանի հայ համայնք». Արցախը կանգուն է մնալու, արցախցու ոգին՝ անկոտրում

Յունիսի 6-ին, Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց կայացաւ հաւաք` հաջակցութիւն Արցախի։

Դեսպանութեանը փոխանցուեց նամակ, որի մէջ ասւում է.

Վրաստանում Հայաստանի դեսպանատան մօտ մեր վերջին հաւաքը 2020թ. Արցախի 44-օրեայ պատերազմի ժամանակ էր, երբ թիֆլիսահայութեան հարիւրաւոր ներկայացուցիչներ Արցախի կողքին էին՝ աջակցող տարբեր միջոցառումներ անցկացնելով: Մենք բոլորս մինչեւ վերջ հաւատում էինք յաղթանակին, սակայն պարզուեց, մէզ յիմարացնում էին, ասելով, որ «յաղթելու ենք», եւ 2020 թուականի նոյեմբերի 9-ին հայութեան մէջքի հետեւում ստորագրուեց խայտառակ կապիտուլեացիոն պայմանագիր, ըստ որի Արցախի Հանրապետութեան տարածքի մեծ մասը յանձնուեց Ադրբեջանին։ Սկսելով արշաւ ազգային եւ հոգեւոր կառոյցների, այդ թւում՝ Հայ Առաքելական եկեղեցու, բանակի, ինչպէս նաեւ Արցախի եւ արցախցիների դէմ՝ ակտիւ աշխատանք իրականացուեց ամբողջ աշխարհում հայութեանը իրար դէմ տրամադրելու համար:

Մարդկանց համոզում էին, որ Արցախը բեռ էր, եւ ազատուելով նրանից, մենք ձեռք ենք բերում խաղաղութիւն։ Այդ ամէնից յետոյ սկսուեց խայտառակ յայտարարութիւնների շարքը՝ Արցախի ամբողջական յանձնման համար հայութեանը նախապատրաստելու ուղղութեամբ: Իսկ միեւնոյն ժամանակ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչում էին սպառնալիքներ Հայաստանի եւ համայն հայութեան հասցէին, թէ բանաւոր, եւ թէ փաստացի ձեւով։ Բայց մենք բոլորս քաջ ծանօթ ենք, թէ ինչ անմարդկային կերպով են նրանք վերաբերուել գերեւարուած զինուորներին եւ խաղաղ բնակչութեանը, թէ ինչպէս են նրանց հանրային կերպով ծաղրել, խոշտանգել եւ սպանել՝ այդ ամէնը նկարահանելով եւ տարածելով իրենց ժողովրդի մէջ եւ ոգեւորելով նրանց։ Նաեւ ցանկանում ենք նշել Հայաստանի սւուերէն տարածքների վրայ յարձակումների փաստը եւ այն, որ արդէն Սիւնիքի մարզն է վտանգուած: Օգտուելով ՀՀ իշխանութիւնների զիջողական դիրքից՝ լկտիացած թշնամին այլեւս չի թաքցնում իր ախորժակը եւ ցանկութիւնը՝ իրականացնելու պանթուրքական գաղափարը այս տարածաշրջանում։ Այսպիսով, ՀՀ իշխանութիւնները պատրաստւում են թշնամու երախը յանձնել 120 000 ՀՀ քաղաքացու:

2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այսօր Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետութիւնը աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրուակներին՝ վերջինիս ռազմավարական նպատակը մէկն է՝ հարկադրել Արցախի Հանրապետութեան բնակչութեանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդւում է Արցախն աստիճանաբար Նախիջեւանի վերածելու ծրագրով — չկան հայեր՝ չկան խնդիրներ: Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանն ակնյայտօրէն չի բաւարարուելու Արցախի հայաթափմամբ:

Վերջին շրջանում, Արցախն Ադրբեջանի մաս կազմելու վերաբերեալ հնչող յայտարարութիւնները դաւաճանութիւն է, դա չի կարող լինել ընդունելի գիտակից հայի համար, որովհետեւ առանց Արցախ չի լինի նաեւ Հայաստան։ Մենք չենք ցանկանում, որ Արցախը դառնայ Նախիջեւան, նոր Մուշ, նոր Սասուն, Արարատ եւ հեռաւոր մի իդէալ, մենք պէտք է մեր ազգային շահերին առնչուած խնդիրները դարձնենք մեր ամենօրեայ պայքարի մի մաս եւ հասնենք մեր ազգային իդէալին։

Մինչ այսօր մեր կազմակերպութիւնը իր բոլոր ուժերով հանդերձ աջակցել եւ աջակցելու է Արցախին եւ ճիշտ է, Շուշին այսօր դժբախտ է ու դժգոյն, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ համոզուած ենք, այն դեռ ծաղկունք է ապրելու եւ վերադառնալու է իր օրինական եւ պատմական սեփականատիրոջը: Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ արցախցու ոգին անկոտրում է, իսկ հայութեան գիտակից հատուածի միտքն ու հաւատքը՝ անսասան։

«Վրաստանի հայ համայնք»

Share