ՀՀ կառավարութեան հաղորդման համաձայն Մայիսի 25, 2022ին Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 10.35-ին, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնուող Քէյփ Կանաւերըլի տիեզերակայանից Իլան Մասքին պատկանող Սփէյս-Էք ընկերութեան Ֆալկոն-9 հրթիռով երկիրից դուրս է բերուել Հայաստանի Հանրապետութեան առաջին տիեզերական արբանեակը:
Արբանեակի արձակումը հայկական պետական «Գեոկոսմոս» եւ իսպանական «Սանտլանտիս» ընկերութիւնների համագործակցութեան արդիւնք է: Ծրագրւում է մինչեւ գալիք տարուայ աւարտ Հայաստանում ստեղծել արբանեակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, որի գլխաւոր գործառոյթներից են արբանեակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը:
Նոյն հաղորման համաձայն արբանեակի կողմից արուած լուսանկարները Հայաստանում կօգտագործուէն սահմանների հսկողութեան, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ կառավարման, շրջակայ միջավայրի պահպանութեան, ներառեալ կլիմայական փոփոխութիւնների մոնիթորինգի, քաղաքաշինութեան, ճանապարհաշինութեան, երկրագիտութեան եւ այլ ոլորտներում։
Հայաստանի իշխանութիւնները տասը տարի առաջ՝ 2013թ. յունիսին յայտարարեցին, որ նախատեսւում է արձակել Armsat արբանեակը, եւ ծրագիրը պէտք է աժենար 250 միլիոն դոլար։
Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան փոխնախարար Դաւիթ Սահակեանի համաձայն գործակից ընկերութիւններն ընտրուել են առաջարկած ֆունկցիոնալ-տեխնիկական հնարաւորութիւնների եւ գնի պատճառով։ Դեռեւս հրապարակման ենթակայ չէ արբանեակի արժէքը, բայց ծրագրի իրականացման համար կառավարութիւնը «Գեոկոսմոսի» կապիտալը աւելացրել է մօտ 3 միլիարդ դրամով։
Ըստ Սահակեանի` դրամաշնորհ ստացած ընկերութիւններն արդէն որոշակի յաջողութիւններ ունեն, նաեւ մասնաւոր միջոցներ են ներգրաւել արտէրկրից։
Միաժամանակ պէտք է աւելացնել, որ պաշտօնական յայտարարութիւնների կողքին կան նաև հակասական լուրեր նշեալ արբանեակի մասին: Այս մասին փորձագէտ, լրագրողՆաիրի Հոխիկեանը գրում է՝
1. Ներքաղաքական ճգնաժամէրի ժամանակ առաջին դէմքերն անում են սենսացիոն յայտարարութիւններ, որպէսզի մարդկանց ուշադրութիւնը շեղէն։ 2003-ին այդպիսի փորձ արեց Սերժ Սարգսեանը, երբ հետընտրական շրջանում յայտարարեց, թէ իրենք գտել են ՁԻԱՀ-ը բուժող “Արմենիկում” դեղը։
2. Արբանեակ ստեղծելը տեւում է առնուազն մէկ տարի։ Եթէ Նիկոլ Փաշինեանի ասածը ճիշտ է, ապա հայկական արբանեակը պէտք է սկսեին ստեղծել 2021-ի գարնանից, այսինքն պատերազմից անմիջապէս յետոյ, ինչը անհաւատալի է այն ժամանակուայ քաոսային իրավիճակի պայմաններում։
3. Սեփական մէկ արբանեակի ստեղծումը արժենում է 100-200 մլն դոլար։ Հետպատերազմեան Հայաստանը, որը յայտարարում է, թէ փող չունի նորագոյն կամ գոնէ անհրաժեշտ հին զէնք գնելու համար, որտեղի՞ց է հայթայթել ասենք 100 մլն դոլարը։
4. Ի վերջոյ, եթէ մէկ տարի կամ թեկուզ 10 ամիս արբանեակ էր ստեղծւում Հայաստանի համար, ապա պոպուլիստ ու գլուխգովան կառավարութիւնը’ թիւ մէկ պոպուլիստ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ արդէն հազար անգամ աղաղակել էր այդ մասին։
5. Չեմ բացառում, որ շաբաթներ անց կը պարզուի, որ տիեզերք թռածը ոչ թէ հայկական արբանեակ է, այլ որեւէ արբանեակի մէջ Հայաստանի համար նախատեսուած ծառայութիւն։6. Եթէ ամէն դէպքում հայկական արբանեակի լուրը ճիշտ է, չի բացառւում, որ այն ոչ թէ գնուած է, այլ վարձակալուած, որը մէզ չի պատկանում, եւ դրա վարձը շատ աւելի քիչ է, քան գնման դէպքում։Բոլոր դէպքերում երեւի ամենաշատը ես եմ ուզում, որ մենք իրօք ունենանք հայկական արբանեակ, ինչը մէզ կապահովի ինչպէս տեղեկատուական, այնպէս էլ ռազմական անվտանգային պաշտպանութիւն։ 2011-ից հէնց դրա համար եմ պայքար մղում։
Միւս կողմից Բիւրականի աստղադիտարանի տնօրէն Արեգ Միքայելեանի կարծիքով Առաջին հայկական տիեզերական արբանեակի մասին տեղեկատուութիւնն ամբողջական չէ` ոգեւորուելու համար, ։ Շատ կարեւոր է հասկանալ, թէ արդեօք ամբողջութեամբ հասանելի են լինելու այդ արբանեակի տուեալները, նշելէ նա «Ազատութեան» հետ զրոյցում:
«Մի կողմից՝ ասում են հայկական արբանեակ, բայց հայկական կոչելու համար, ես նախ եւ առաջ կ’ուզէի իմանալ՝ արդյօք մենք ամբողջ կառավարումը եւ տուեալների հասանելիութիւնը ունենք: Մեծ հաւանականութեամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ յայտարարութիւն է… Հաւանաբար, ես, իհարկէ, դեռ չպնդէմ, եկեք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպէս յանկարծ, մէկ էլ միանգամից պարզուի՝ Հայաստանը արբանեակ ունի», — ասաց Միքայելեանը:
Միքայելեանը շեշտում է՝ կարեւոր է հասկանալ, թէ ով է վճարել արբանեակի համար, որպէս պարզ լինի նաեւ, թէ ումն են արբանեակն էլ, դրա տուեալներն էլ: Իսկ տուեալները, ըստ գիտնականի, շատ կարեւոր են՝ աշխարհը վաղուց շատ բան տիեզերքից է անում՝ ամպերի ընթացքից մինչեւ զրահատեխնիկայի տեղաշարժ:
«Յետախուզութիւնը թեկուզ ռազմական, եւ պատերազմի ժամանակ, պարզ է, որ մենք եթէ դա ունենայինք, շատ աւելի մէզ համար ձեռնտու իրավիճակ կստեղծուեր: Երբ որ մենք ամենօրեայ, ամենժամեայ ռեժիմով հետեւեինք, ասենք, թշնամու զինուորների, զրահատեխնիկայի տեղաշարժին, պարզ է՝ աւելի լաւ պատկերացում կ’ունենայինք», — ընդգծեց Բիւրականի աստղադիտարանի տնօրէնը:
Պաշտպանական ոլորտից բացի, օդերեւութաբանութիւն, քարտէզագրութիւն, գիւղոլորտ՝ տիեզերքից երկրի դիտարկումն անհրաժեշտ է բազմաթիւ ոլորտներում, ասաց Միքայելեանը: Օրինակ՝ Ռուսաստանը սիբիրեան հրդեհների դէմ 100 ինքնաթիռով էլ չի հասցնում պայքարել, օգնութեան են հասնում արբանեակները:
«Օրինակ, Ադրբեջանը երեք հատ ունի, եւ փաստօրէն իրենք ինչ-որ առումով նաեւ առաւելութիւն ունէին: Իհարկէ, ես չէի ասի, որ իրենց մօտ շատ բարձր կարգի, բարձր որակի արբանեակներ են, նորերը շատ աւելի լաւն են», — շեշտեց Բիւրականի աստղադիտարանի տնօրէնը: