Ռուսական «Ազատ մամուլ» կայքում հտապարակուած քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը, անդրադառցել է Իրանի Իսլամական Հանրապետութեան (ԻԻՀ) Ազգային Անվտանգութեան Խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Ահմադեանի օրերս կատարած այցին Երեւան։
Վերլուծաբանը գրում է, որ մերձաւորարեւելեան մեծ ճգնաժամի ցունամիի ալիքները հասնում են Անդրկովկաս։
«ԻԻՀ ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադեանն այցելեց Բաքու եւ Երեւան։ Նա բանակցութիւններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան հետ։ Այցն ուղղակիօրէն կապուած էր Մերձաւոր Արեւելքում եւ, մասնաւորապէս, Սիրիայում տեղի ունեցող բուռն իրադարձութիւնների հետ։
Թեհրանին սկսեց անհանգստացնել Բաքուի սուր հռետորաբանութիւնը Երեւանի հասցէին, այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի վերաբերեալ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ»,- գրում է նա՝ յաւելելով, թէ Իրանը կասկածում է, որ հայկական Մեղրիի շրջանը կարող է գրաւուել Ադրբեջանի կողմից, ինչն Իրանը դիտարկում է՝ որպէս իր անվտանգութեան սպառնալիք։
Ըստ Տարասովի, Թեհրանն ունի Բաքուի նկատմամբ զսպող ազդեցութիւն գործադրելու աւելի մեծ հնարաւորութիւն, թեկուզ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Հիւսիս-Հարաւ գլոբալ աշխարհատնտեսական նախագծի մասնակից եւ շահագրգռուած է աշխարհաքաղաքական կայունութեամբ Կովկասում։
«Բացի այդ, Բաքուն հանդէս է գալիս տարածաշրջանային հարցերը տարածաշրջանի պետութիւնների կողմից լուծելու օգտին եւ աջակցում է 3+3 ձեւաչափին (Ռուսաստան, Իրան, Թուրքիայ, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան) վիճելի հարցերի լուծման համար: Այստեղ Թեհրանի եւ Բաքուի շահերը համընկնում են, քանի որ դա ամրապնդում է նրանց երկրների ռազմավարական խորութիւնը։
Այլ հարց է Հայաստանը։ Այսպիսով, Caliber․az-ի բացառիկ տեղեկութիւններով, Ահմադեանը Երեւան կատարած այցի ժամանակ Հայաստանին առաջարկել է հրաժարուել սահմանամերձ շրջաններում ԵՄ դիտորդական առաքելութիւնից։
Հասկանալով, որ Երեւանն այս կերպ փորձում է Բրիւսելից «իր անվտանգութեան երաշխիքներ» ստանալ՝ Ահմադեանն առաջարկել է Հայաստանին ռազմական պայմանագիր կնքել՝ ՀՀ տարածք իրանական զօրքեր մտցնելու հնարաւորութեամբ։ Սա, ըստ Թեհրանի, չի համարուի «դրսի ռազմական ուժերի առկայութիւն Հայաստանում եւ միայն կը կայունացնի իրավիճակը»։ Այսպիսով, Հայաստանը յայտնուել է պատրաստի լուծումներով աշխարհաքաղաքական երկու կենտրոնների արանքում եւ ստիպուած է լինելու իր համար դժուար քայլեր նախաձեռնել»,- նշում է Տարասովը։
Նրա դիտարկումների համաձայն, իրավիճակից երկու ելք կայ. առաջին՝ հաշտութիւն կնքել Ադրբեջանի հետ, վերականգնել յարաբերութիւնները Թուրքիայի հետ եւ դրանով իսկ պաշտպանուել յետագայ բացասական զարգացումներից, եւ երկրորդ՝ կրճատել ԵՄ առաքելութեան գործունէութիւնը, թէեւ Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել Եւրամիութեանը Հայաստանի միանալու մասին օրէնքի նախագծին։
«Հարցն այն է, որ այս առաքելութիւնը երբեք չի կատարել ռիսկերը նուազեցնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կայունութիւն հաստատելու պաշտօնապէս յայտարարուած իր գործառոյթները։ Եղել են կրակոցներ եւ փոխհրաձգութիւն, սակայն առաքելութիւնը երբեք չի արձանագրել այդ փաստերը»,- արձանագրում է Տարասովը։
Նրա կարծիքով, քչերն էին պատկերացնում Մերձաւոր Արեւելքի եւ Անդրկովկասի զարգացումների միջեւ սերտ փոխկապակցուածութիւնը, սակայն այժմ Իրանն առաջինն է, որ շտապում է բեկում մտցնել։
«Հայաստանն իսկապէս ստիպուած է լինելու լուրջ պատմական ընտրութիւն կատարել։ Որքան շուտ նա հասկանայ դա, այնքան լաւ կը լինի իր եւ միւսների համար»,- եզրափակել է ռուս արեւելագէտ, կովկասագէտ Տարասովը։
Ի դէպ, օրեր առաջ այդ մասին տեղեկութիւն էր հրապարակել ադրբեջանական լրատուամիջոցը:
Դիւանագիտական աղբիւրներից Caliber.Az-ին հասած տեղեկութիւնների համաձայն՝ Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադեանը Երեւանում ՀՀ իշխանութիւններին կոչ է արել հրաժարուել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներից։ Նա իր հայ գործընկերներին զգուշացրել է, որ այս կուրսը լաւ բան չի խոստանում Երեւանին։ Ահմադեանը նաեւ ընդգծել է, որ Իրանն ակնկալում է, որ Հայաստանը կը դադարեցնի ԵՄ առաքելութիւնը։ Եթէ Երեւանը համաձայնի կատարել Թեհրանի պայմանները, ապա դրա դիմաց իրանցի պաշտօնեան առաջարկել է երկու երկրների միջեւ պաշտպանական պայմանագիր կնքել, որը ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսին է Իրանի զինուած ուժերի մուտքը Հայաստանի տարածք։
Թարգմանութիւն՝ Գ. Մանուկեան