ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի պատրաստւում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Երկիրը շատ սերտօրէն եւ թափանցիկ կերպով աշխատում է ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլեւ ԱՄՆ-ի եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից, այս մասին յայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը՝ Վիեննայում Աւստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից յետոյ կայացած ասուլիսում։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի կառավարութիւնը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցուել պատժամիջոցները:
Նախարար Արարատ Միրզոյեանին ուղղուած իր հարցում լրագրողն անդրադարձաւ առեւտրային յարաբերութիւններին, մասնաւորապէս “Financial times”-ի կողմից արուած հրապարակմանն այն մասին, որ որոշակի քանակութեամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնութիւն. «Ձեր կարծիքով սա կարո՞ղ է դիտուել որպէս պատժամիջոցների հնարաւոր շրջանցում եւ անհանգստացած չեք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարաւոր պատժամիջոցներով»։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյեանը նշել է․ «Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաեւ Հայաստանի տնտեսութեան վրայ թէ՛ դրական, թէ՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խօսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ եւս մէկ անգամ հրապարակայնօրէն եւ բարձրաձայն հաւաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրուած են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստւում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտօրէն եւ թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլեւ ԱՄՆ-ի եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարութիւնը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցուել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում եւ թափանցիկ: Եթէ կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկայ են ամէնուր, դրանք արագօրէն ի յայտ են բերւում, եւ դրանց պատշաճ լուծումներ են տրւում»: