Սարգիս Սարգսեան
Հայաստանի յարաբերութիւնները Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ այսօր փոխւում են հիմնականում արտաքին գործոնների ազդեցութեամբ: Այս առումով յատկապէս ազդեցիկ է ռուս-ուկրաինական դիմակայութիւնը: Ադրբեջանի կողմից Հայաստանի անվտանգութեանը մշտական սպառնալիքը աւանդական դաշնակցի հետ յարաբերութիւններում ճգնաժամի ֆոնին անվտանգութեան արտաքին նոր երաշխիքների որոնման շարժիչ ուժն է։ Անվտանգութեան խնդիրը Հայաստանի տեսանկիւնից աւանդաբար ասոցացուել է Ռուսաստանի հետ։ Հետեւաբար մինչեւ 2020 թուականը այս ուղղութեամբ դիւերսիֆիկացման իրական փորձեր չէն արուել եւ նոյնիսկ չէն դիտարկուել:
Սակայն Հայաստանի ղեկավարութեան տեսանկիւնից Ռուսաստանի կողմից պայմանագրի համաձայն զէնք մատակարարելու անկարողութիւնը, 2021 թուականի մայիսին եւ 2022 թուականի սեպտեմբերին Ադրբեջանի յարձակումներին կոշտ պատասխանի բացակայութիւնը չէզոքացրեցին Մոսկուայի դերը՝ որպէս Հայաստանի անվտանգութեան գլխաւոր երաշխաւորի։ Աւելին, Ռուսաստանը այս ճակատագրական պահին՝ 2022 թուականին, Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցութեան մասին հռչակագիր ստորագրեց, որը շատ բաներ ակնյայտ դարձրեց: Ստորագրման երեւոյթը ինքնին նշանակում էր «ինձ վրայ յոյս չդնեք»: Որքան էլ հետին թուով ռուսական ռազմաքաղաքական ղեկավարութիւնը փորձի իր տեսանկիւնից ներկայացնել իրավիճակը, փաստերը սրանք են: Ռուսաստանում խուսափում են խոստովանել, որ ուկրաինական խնդրի պարագայում միւս տարածաշրջանային խնդիրները դառնում են երկրորդական գործընթացներին ակտիւօրէն մասնակցելու Մոսկուայի անկարողութեան պատճառով։ Ուստի, օրինակ, 2008 թուականին վրացական զօրքերի կողմից ռուս խաղաղապահների սպանութիւնը յանգեցրեց լայնածաւալ պատերազմի, իսկ 2023 թուականին նոյն ռուս խաղաղապահների սպանութիւնը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից նոյնիսկ չդարձաւ դրդապատճառ յարաբերութիւնների դոյզն իսկ վերանայման համար։ Երկրորդ՝ Ռուսաստանի համար միջազգային հանրութեան ներկայացուցիչները բաժանւում են երեք կատէգորիայի՝ բարեկամների, չէզոքների եւ ոչ բարեկամների։ Հիմնական խնդիրը մի խմբից միւս խմբին անցնելու յստակ չափանիշների բացակայութիւնն է։
Օրինակ՝ Հայաստանի կողմից Ուկրաինային գաջեթներ մատակարարելը բուռն, անհարկի, ոչ ադեկուատ, նեարդային արձագանքների է արժանանում Ռուսաստանում, մինչդեռ Ադրբեջանի կողմից ականազերծման սարքաւորումների, գեներատորների եւ հրետանային արկերի տրամադրումը Ուկրաինային նման քննադատութեան չի արժանանում: Այսինքն՝ մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ ցանկացած գործողութիւններ Ռուսաստանի համար զգայուն են, միւս կողմից՝ կարմիր գծերը, որոնք որպէս սահման են ծառայում բարեկամ եւ ոչ բարեկամ երկրների միջեւ, խիստ հարափոփոխ են եւ ոչ առարկայական։ Նման իրավիճակում Հայաստանը ստիպուած էր եւ այժմ էլ ստիպուած է զբաղուել սեփական անվտանգութեան համակարգի պայմանական աութսորսինգով: Մի կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին ներգրաւելով ԵՄ առաքելութեանը, որը դիտարկւում է որպէս զսպող գործոն, միւս կողմից՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնը բարձրացնելով բոլորովին այլ մակարդակի։
Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի նախագահ Ալիեւը սովորականից աւելի բաց է խօսում իր ներկայ եւ ապագայ ծրագրերի մասին։ Հւուարի 10-ին նա շուրջ երեք ժամ հարցազրոյց է տուել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լաւ կազմակերպուած այդ հարցազրոյցը, ըստ էութեան, Ալիեւի նախընտրական քարոզարշաւի առաջին մեծ միջոցառումն էր։ Միանգամից նշէնք, որ ներկայացուածը փաստացի համապատասխանում էր այն տրամաբանութեանն ու կէտէրին, որոնք ընկած են, այսպէս կոչուած, «հայ-ադրբեջանական խաղաղութեան բանակցութիւնների» հիմքում։
Ակնյայտ է դառնում, որ Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից յետոյ գրաւած Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած տարածքը (առնուազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցուեց։ «Խաղաղութեան պայմանագիր» կոչուող թղթում, եթէ այն ստորագրուի, որեւէ կերպ չի նշուելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը եւ յստակ տարածքը, հետեւաբար Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկայ, չկայ նաեւ սահմանի խախտում»։ Ադրբեջանը պահանջում է միջանցք Սիւնիքի տարածքով։ Աեօ՛, հէնց միջանցք եւ ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անուան տակ։ Ընդ որում, շատ կոնկրէտ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ եւ ամենաարմար ճանապարհն է» դէպի Նախիջեւան։ Միաժամանակ Ալիեւը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զէնքով վերցնել այդ ճանապարհը։ Ադրբեջանը ելնում է այն դրոյթից, որ իբրեւ թէ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գիւղեր, որոնցից 4-ը՝ բուն սահմանին, միւս 4-ը՝ սահմանից ներս (անկլաւի տեսքով)։
Պարտուողական քաղաքականութեան հետեւանք այս շարքը կարելի է անվերջ լրացնել: 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնը թոյլ տուեց Ադրբեջանի ղեկավարութեանը օգտուելու բազմաթիւ սխալներից, եւ հնարաւոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կանխամտածուած ապակառուցողական գործողութիւններից՝ դուրս գալու նախկինում սկսուած բանակցային գործընթացից եւ լիարժէք մասշտաբային պատերազմ սկսելու համար։ Բոլորը գիտէն 2020 թուականի Արցախեան 2-րդ պատերազմի հետեւանքների մասին, դրանք հայկական կողմի համար մարդկային եւ տարածքային աննախադէպ կորուստներ են։ Սրանից յետոյ Ալիեւը Փաշինեանին համոզեց բանակցել միայն եւրոպական հարթակներում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցութիւնից համատեղ ազատուելու համար, ինչը խորացաւ 2020 թուականի նոյեմբերին Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմամբ։
2022 թուականի հոկտեմբերին Պրահայում ստորագրելով Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանութեան պաշտօնական ճանաչման մասին փաստաթուղթը՝ Փաշինեանը դէ ֆակտոյ եւ դէ իւրէ Ադրբեջանի իշխանութիւններին քարտ բլանշ տուեց՝ շրջափակելու, այնուհետեւ ռազմական գործողութիւններ իրականացնելու Արցախի դէմ։ Արդիւնքում աւելի քան 120 հազար հայ փախստական է դարձել եւ լքել հայրենի հողը։ Հիմա Ալիեւը առաջ է տանում «ռուսական պլատֆորմը», «3+3»-ի շրջանակներում բանակցութիւնների տարածաշրջանային ձեւաչափը, մինչդեռ 2018-ին իրեն իշխանութեան բերած արտաքին ուժերից կախման մէջ գտնուող Փաշինեանը չի կարող այդքան հմտօրէն մանեւրել արտաքին քաղաքական դաշտում, հետեւաբար շարունակում է բացառապէս ապաւինել ԵՄ-ԱՄՆ միջնորդութեանը: Այս իրավիճակում Ալիեւի դիրքորոշումը Մոսկուայում, Թեհրանում եւ Անկարայում կընկալուի որպէս կառուցողական մօտեցում, իսկ Փաշինեանինը՝ ապակառուցողական։ Կարծում եմ՝ չպէտք է որեւէ մէկին բացատրել, որ դրանից տուժելու են միայն Հայաստանի բնակիչները:
2021 թուականի մայիսին եւ 2022 թուականի սեպտեմբերին, Հայաստանի դէմ Ադրբեջանի ռազմական գործողութիւններից յետոյ Երեւանն արդարացիօրէն համարեց, որ ՀԱՊԿ-ն անբաւարար է արձագանքել Բաքուի ագրեսիային։ 2022 թուականի վերջից Հայաստանի իշխանութիւնները փաստացի «սառեցրել են» Հայաստանի մասնակցութիւնը ՀԱՊԿ գրեթէ բոլոր նախաձեռնութիւններին։ Ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ ՀԱՊԿ-ում կան խնդիրներ, ըստ էութեան, ինչպէս միւս միջազգային կազմակերպութիւններում, քանի որ իւրաքանչիւր երկիր փորձում է ապահովել իր շահերի առաւելագոյն առաջմղումը, ինչը յանգեցնում է շահերի բախման եւ գործողութիւնների արդիւնաւետութեան նուազման։ Սակայն փոխզիջում գտնելու եւ առկայ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է երկխօսութիւն վարել, այլ ոչ թէ խուսափել հանդիպումներից։ Ռազմավարական առումով ՀԱՊԿ-ին մասնակցութեան «սառեցումը» կամ նրանից դուրս գալը դրական ազդեցութիւն չի ունենայ Հայաստանի համար, այլ կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել ազգային անվտանգութեան ապահովման համատեքստում, որից թուրք-ադրբեջանական տանդէմը հմտօրէն կօգտուի։
Չպէտք է նաեւ սպասել դրսի օգնութեանը: Հայ ժողովուրդը պէտք է ապաւինի միայն սեփական ռեսուրսներին, որից յետոյ արտաքին խաղացողներն իրենք ձեռք կմեկնէն Հայաստանին, քանի որ այսօրուայ աշխարհում, ինչպէս եւ դարեր շարունակ, ընդունուած է յարգել միայն ուժեղներին: Անկեղծ լինենք. չնայած Երեւանի բացայայտ ոչ բարեացակամ վերաբերմունքին՝ ՀԱՊԿ-ն անում է հնարաւորը համագործակցութիւնը շարունակելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկուան ակնկալում է, որ Հայաստանը կը շարունակի աշխատանքը կազմակերպութիւնում եւ ցաւում է, որ հայկական կողմը բարձր մակարդակով ներկայացուած չէր Մինսկում կայացած գագաթնաժողւում:
Ռուսաստանի ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում, ինչպէս նաեւ Ադրբեջանում, պարզուեց կարող է լինել ոչ այնքան երկարաժամկէտ, որքան կարելի էր սպասել երեք տարի առաջ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից յետոյ։ Թղթի վրայ Ռուսաստանը պէտք է ստանար հնգամեայ, երկարաձգուող մանդատ եւ 1960 զինուոր տեղակայեր Արցախում: Խնդիր էր դրուել վերահսկել հրադադարի ռեժիմը, երաշխաւորել տեղի բնակչութեան անվտանգութիւնը եւ ապահովել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել երթեւեկը։ Մեր կարծիքով՝ կայ մի շատ կարեւոր դիտարկում: Ռուսապաշտութեան եւ ռուսատեացութեան իրար համարժէք մոլախոտերը յաղթահարելու համար պէտք է կարողանանք ճիշտ գնահատել Ռուսաստանի պահուածքը վերջին 6 տարում՝ առանց ծայրահեղ գնահատականների: Հայկական տարբեր շրջանակներում յաճախ է վիճարկւում այն վարկածը, թէ 2020 թուականի հայ-ադրբեջանական պատերազմը թոյլատրուել է Ռուսաստանի կողմից։ Փաստարկներից մէկն այն է, որ Հայաստանը, Ռուսաստանի հետ լինելով մի քանի ֆորմալ դաշինքների մէջ, թեքուել է դէպի Արեւմուտք, եւ Ռուսաստանը ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն կորցրել է Հարաւային Կովկասում առկայ անվտանգութեան հաւասարակշռութիւնը պահպանելու հետաքրքրութիւնը: Միւսները պնդում են, որ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմական ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղում, առաջ է քաշել իր աշխարհաքաղաքական յաւակնութիւնները, այդ թւում՝ եւ Ադրբեջանի դէմ: Խաղաղապահ ուժերը մի կողմից՝ համարւում էին Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգութեան ապահովման գործիք, իսկ միւս կողմից՝ ուժային գործառոյթ էին իրականացնում թէ՛ Բաքուի, թէ՛ Երեւանի դէմ։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից եւ ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումից յետոյ Մոսկուայի ազդեցութեան կենսական լծակները տարածաշրջանում թուլանալու են։ Ռուսաստանի՝ որպէս աշխարհաքաղաքական խաղացողի դիրքերը տարածաշրջանում այսօր աւելի թոյլ են, քան 2020 թուականի պատերազմից առաջ։ Ադրբեջանն, իր հերթին, փորձում է լրացնել վակւումը: Մինչ Ռուսաստանի յարաբերութիւնները Հայաստանի հետ գոնէ դիւանագիտական ոլորտում վատանում էին, Ադրբեջանի հետ դրանք անշեղօրէն բարելաււում էին։ Հաւանաբար նախագահ Իլհամ Ալիեւը շատ արագ հասկացաւ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից վերջին տարիներին ստեղծուած անվտանգային վակւումը Մոսկուայի համար կարող է լրացուել Ադրբեջանի կողմից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ պատերազմը սկսելուց անմիջապէս առաջ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Մոսկուայում՝ ստորագրելու դաշինքի 43 կէտից բաղկացած նոր համաձայնագիրը։ Մեզ համար առանձնայատուկ հետաքրքրութիւն են ներկայացնում ռազմական եւ էներգէտիկ համագործակցութեան խորացմանը վերաբերող հարցերը։ 2022 թուականի ամռան սկզբին կայացած հանդիպման ժամանակ երկրների ղեկավարներն ընդգծել են, որ համաձայնագիրը մնում է ուժի մէջ։ Մեկ տարի անց՝ 2023 թուականի մայիսին, Իլհամ Ալիեւը ուժեղացրեց իր հռետորաբանութիւնը՝ Ռուսաստանին անուանելով ոչ միայն ոչ պաշտօնական, այլեւ դէ իւրէ դաշնակից։ Դա տեղի ունեցաւ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դէմ վերջնական յարձակում սկսելուց ընդամէնը մի քանի ամիս առաջ: Այն, որ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը աւտօրիտար առաջնորդներ են, որոնց փոխըմբռնման մակարդակն անհասանելի է Նիկոլ Փաշինեանի համար, աւելի է բարդացնում իրավիճակը։ Կրկնենք, որ Ալիեւը Ռուսաստանին դաշնակից է անուանել Լեռնային Ղարաբաղի վրայ վերջնական յարձակումից մի քանի ամիս առաջ: Սրանք փաստէր են:
Յարձակումից քիչ առաջ
Արցախում էթնիկ զտմանը նախորդող շաբաթների ընթացքում հայ-ռուսական յարաբերութիւններն արագօրէն վատթարացան։ Ռուսական կողմը պնդում է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի գործողութիւնների պատճառով։ Արդեօ՞ք միայն Հայաստանի իշխանութիւններն են մեղաւոր: Այս համապատկերին կարելի է առանձնացնել երեք նշանակալից իրադարձութիւն: Ըստ շրջանառուող լուրերի՝ «Meduza»-ի («Meduza»-ն առցանց հրատարակութիւն է, որը ստեղծուել է ռուսական «Lenta.ru» լրատուական կայքի աշխատակիցների կողմից) տրամադրութեան տակ էր յայտնուել ուղեցոյց, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչութեանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին: Դրանում Կրեմլը խորհուրդ էր տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտութեան սրման մէջ մեղադրել Հայաստանին եւ արեւմտեան երկրներին։ Շեշտը պէտք է դրուեր այն փաստի վրայ, որ «Հայաստանի ղեկավարութիւնը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանութիւնը Ղարաբաղի նկատմամբ», եւ որպէս այս թեզի հաստատում՝ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մէջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի 2022 թուականի հոկտեմբերին Պրահայում արած յայտարարութիւնները։ Ամենայն հաւանականութեամբ Հայաստանի վարչապետին դրդել են անել այս յայտարարութիւնը արեւմտեան «գործընկերները», որոնք պէտք է հետեւանքների պատասխանատուութիւնը ամբողջութեամբ կիսէն նրա հետ։ «Հայաստանի ղեկավարութեան որոշումը, որն ինքնին արմատապէս փոխեց Արցախի կարգավիճակը, ազդանշան դարձաւ Ադրբեջանին՝ գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնն ընկալում է որպէս իր ներքին գործ»,—ասւում է ձեռնարկի տեքստում։ Կրեմլը խորհուրդ է տալիս իր քարոզչական ապարատին ռուս խաղաղապահներին բնութագրել որպէս դիտորդական առաքելութիւն իրականացնող ուժերի։ Բացի այդ՝ իշխանամէտ ԶԼՄ-ներին էլ յորդոր կայ պատմել այն մասին, թէ ինչպէս են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչութեան տարհանման հարցում»։ Մասնաւորապէս խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնւում է ռուսական խաղաղապահ զօրախմբի բազայում։ Սրանք եւս փաստէր են: Ո՞ւմ են փորձում մոլորեցնել:
Քաղաքացիներն՝ առանց Ռուսաստանի կողմից փաստաթղթով երաշխաւորուած պաշտպանութեան
Եկեք դիտարկէնք էթնիկ զտումների գործնական կողմը ռուսական քարոզչամեքենայի տեսանկիւնից։ Տողերիս հեղինակը ռուս քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչներից բազմիցս լսել է, որ Արցախում իրադարձութիւններն անսպասելիօրէն շատ արագ ծաւալուեցին, եւ հայերը անսպասելիօրէն չդիմադրեցին: Միւս կողմից՝ նոյն շրջանակները ասում էին, որ զարմացած են տասնամսեայ շրջափակման պայմաններում հայ բնակչութեան տոկունութիւնից:
Ընդ որում, Ադրբեջանի յարձակման մեկնարկից մի քանի շաբաթ առաջ նոյն, քիչ թէ շատ օբյեկտիւ եւ խիստ տեղեկացուած (չասեմ՝ հայամէտ, որովհետեւ Ռուսաստանի Դաշնութիւնում չգտնուեց գէթ մէկ հայամէտ ֆունցիոներ) շրջանակները խօսում էին այն մասին, որ եթէ ոչինչ չփոխուի, բնակչութիւնը սովի կմատնուի։ Այսօր էլ դժուար է հասկանալ, թէ ռուսների ուզածն ի՞նչ է:
Սահմանամերձ գիւղերից բազմաթիւ անկախ վկաներ փաստում են այն մասին, որ ռուսական զօրքերը, ադրբեջանական յարձակումների ֆոնին սկսել են նահանջել կամ լուռ դիտորդի պահուածք են դրսեւորել: Ականատեսներից մէկը՝ Մարտունի քաղաքում կռուած հայ զինուորը, պնդում է, որ ռուսական զօրքերը առաւօտեան արդէն լքել էին առաջնագիծը։ Վերջին հաշուով, դժուար է հասկանալ, թէ Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով ինչ օգուտ քաղեց Արցախում էթնիկ զտումներից։ Ակնյայտ է, որ ներկայ փուլում Ռուսաստանի լծակները երկու երկրների վրայ էլ նուազել են: Ադրբեջանը փորձում է ապացուցել, որ ինքը Ռուսաստանի համար աւելի վստահելի գործընկեր է, քան Հայաստանը՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում հասարակական կարծիքը երկար տարիներ արդէն ընդգծուած հակառուսական է։ Զուտ այն փաստը, որ Հայաստանի տարածքից Արցախ մտած խաղաղապահ ուժերի մի մասը տարածաշրջանը լքում է Ադրբեջանի տարածքով, ինքնին խօսուն է: Տեղին է ասել, որ սա խորհրդանշում է յարաբերութիւնների այն փոփոխութիւնը, որը տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում։ Ինքնախաբէութիւնը ոչ մի լաւ բանի չի բերում: Ակնյայտ է, որ եթէ Ռուսաստանը կատարեր 2020 թուականի նոյեմբերի հրադադարի պայմանագիրը, ապա սեպտեմբերին ոչ մի էթնիկ զտում էլ Արցախում տեղի չէր ունենայ։ Թեեւ ՌԴ ղեկավարութիւնը փորձում է հումանիտար աղէտի մեղքը բարդել Հայաստանի ղեկավարութեան վրայ, սակայն անվտանգութեան համար պատասխանատու է եղել ոչ թէ հայկական, այլ Լեռնային Ղարաբաղում տեղակայուած ռուսական զօրքը։ Կա՞ կասկած, որ քանի դեռ ադրբեջանական աւտօրիտար պետութիւնը հարիւր հազարից աւելի մարդկանց փախստական էր դարձնում, ռուս խաղաղապահները ունեցել են չմիջամտելու հրաման:
Ո՞վ կարող էր այդպիսի հրաման տալ՝ բացի Կրեմլից: Ոչ մի ցանկութիւն չունենալով արդարացնել Հայաստանի գործող, բոլոր ոլորտներում ապիկար իշխանութիւններին՝ ստիպուած ենք լինելու հետ գնալ 15-20 տարուայ կտրուածքով, որպէսզի պարզ ձեւով հասկանանք, թէ արդեօ՞ք մեր ռազմավարական դաշնակիցը իրեն նոյն ձեւով կը պահեր, ասենք 2003-ին, ինչպէս իրեն պահեց 2020-ին:
Իրավիճակ է փոխուել
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի գործողութիւնները մեծապէս ձեւաւորում են ուժերի նոր հաւասարակշռութիւն Հարաւային Կովկասում։ Տարածաշրջանում պատմականօրէն ներկայ երեք տէրութիւնների գործունէութիւնը եւ յարաբերութիւնները տեսականօրէն կարող են նպաստել ռուս-արեւմտեան առճակատման տրամաբանութիւնից դրանց դուրս գալուն։ Չնայած ակնյայտ է, որ այս պահին տարածաշրջանային երեք խաղացողների փոխազդեցութիւնը աւելի շուտ էսկալացիայի գործոն է, քան դեէսկալացիայի, ինչպէս եւ Սիրիայում, Լիբիայում եւ այլ տեղէրում, որտեղ երեք երկրների շահերի բախումը միշտ էլ լուրջ ռազմական բախումների վերածուելու ներուժ ունի: Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը Հարաւային Կովկասի տարածաշրջանում առաջատար խաղացողներն են։
Ռուսաստանի համար Հարաւային Կովկասը ամենապայթիւնաւտանգ տարածաշրջաններից մէկն է, որն ունի ընդհանուր սահման նրա հետ եւ մի քանի էթնիկ խմբերի, որոնք պատմական եւ մշակութային առումով ասոցացւում են Ռուսաստանի Դաշնութեան հետ, երկրորդ հայրենիքն է: Տարածաշրջանի բոլոր երկրների հետ հաւասարակշռուած եւ բարեկամական յարաբերութիւնները մնում են Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը: Ե՛վ հայերը, եւ՛ ադրբեջանցիները Ռուսաստանում ունեն ստուարաթիւ սփիւռք: Վրաստանը հիւրընկալում է ռուսաստանցի զգալի թուով արտագաղթողների, ինչը տնտեսական համագործակցութեան նոր հնարաւորութիւններ է բացում Մոսկուայի եւ Թբիլիսիի համար։ Կովկասը ռազմավարական կարեւոր ելք է ապահւում դէպի Կասպից ծով՝ Ռուսաստանը կապելով Իրանի եւ Պարսից ծոցի հետ։
Տարածաշրջանի համար առանձնայատուկ նշանակութիւն ունի ռուսական ռազմական օբյեկտների տեղակայման փաստը: Որքան էլ ռուսական կողմը փորձի նուազեցնել Գիւմրիում տեղակայուած 102-րդ ռազմաբազայի կարեւորութիւնը, անհերքելի է նրա դերը այլ դերակատարների ազդեցութեան ընդլայնումը հարաւային սահմանների վրայ նուազեցնելու առումով եւ միւս կողմից ՝ նրանց յետագայ ներթափանցումը Կենտրոնական Ասիայ կանխելու հարցում: Անկարայի աշխարհաքաղաքական հարթութեան մէջ Ադրբեջանը առանցքային էներգէտիկ գործընկեր է ինչպէս Թուրքիային էներգակիրների մատակարարման, այնպէս էլ այդ երկիրը Միջերկրական ծովի ամենամեծ էներգէտիկ հանգոյցի վերածելու համատեքստում: Բացի այդ՝ Ադրբեջանը կարեւոր շուկայ է թուրքական արտադրանքի, մասնաւորապէս՝ զէնքի համար։ Ստանձնելով Թուրքիայի ռազմաքաղաքական եւ տնտեսական աջակցութեան «ցուցափեղկի» դերը՝ Բաքուն Թուրքիային հնարաւորութիւն տուեց ընդլայնելու իր ազդեցութիւնը ինչպէս տարածաշրջանում, այնպէս էլ ամբողջ թիւրքական աշխարհում։ Վրաստանն իր հերթին ապահւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապը:
Թերեւս տեսանելի ապագայում Վրաստանը կը մնա թուրքական ռազմավարական պլանաւորման կենտրոնական տարրը, որը կապում է Անկարային իր եւրասիական գործընկերների հետ: Ընդ որում, չնայած Վրաստանը լռում է՝ այդ երկրում չէն կարող չգիտակցել, որ, այսպէս կոչուած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը իրենց տնտեսութեան համար մահացու կը լինի: Հարաւային Կովկասում Իրանի շահերը կապուած են երեք գործոնների հետ՝ անվտանգութիւն, էներգէտիկ ռեսուրսներ եւ մեկուսացումից դուրս գալու փորձեր։ Նախ՝ Իրանի սահմաններին արեւմտեան բլոկի տէրութիւնների, յատկապէս՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաքաղաքական ներկայութիւնը Թեհրանի կողմից ընկալւում է որպէս ազգային անվտանգութեան ամենալուրջ սպառնալիք, երկրորդ՝ Հարաւային Կովկասը Իրանի համար չափազանց կարեւոր է դէպի Կասպից ծով եւ նրա ռեսուրսներ, ինչպէս նաեւ կովկասեան տարածաշրջանով անցնող եւրասիական տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքների համար: Ըստ այդմ՝ Հարաւային Կովկասը ռազմավարական նշանակութիւն ունի բոլոր երեք դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար։ Սա էներգառեսուրսների կարեւոր աղբիւր է, վաճառքի շուկայ եւ լայն իմաստով կարեւոր տարանցիկ տարածք, որտեղ յենակէտ ձեռք բերելով՝ գերիշխող ուժը կը կարողանայ առանցքային դիրք զբաղեցնել եւրասիական տրանսպորտի եւ լոգիստիկ հոսքերում։ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ռազմաքաղաքական ներկայութիւնը Հարաւային Կովկասում բարդ է, միաժամանակ դինամիկ: Յուրաքանչիւր երկիր ձգտում է առաջ մղել սեփական շահերը, ապահովել իր սահմանների անվտանգութիւնը՝ միաժամանակ հաւասարակշռելով յարաբերութիւնները տարածաշրջանային այլ տէրութիւնների հետ։
Իրանի ռազմաքաղաքական ներկայութիւնը Հարաւային Կովկասում. մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ Ռուսաստանի համար
Իրանն այսօր ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցում է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հետ։ Իրանը Հայաստանի հետ ակտիւ միջգերատեսչական համագործակցութիւն է պահպանում: Չնայած մշակութային եւ կրօնական տարբերութիւններին՝ Իրանը Հայաստանին դիտարկում է որպէս վստահելի գործընկեր։ 2016 եւ 2022 թուականներին Երեւանի եւ Թեհրանի միջեւ ռազմաքաղաքական յարաբերութիւնները սկսեցին ինստիտուցիոնալ ձեւ ստանալ՝ փոխըմբռնման յուշագրերի եւ ականազերծման ոլորտում համագործակցութեան տեսքով։ Կողմերը մասնակցում են նաեւ բազմակողմ վարժանքներին (օրինակ՝ «Кавказ (Կովկաս) -2020»)։
Ադրբեջանի դէպքում Իրանի ռազմաքաղաքական փոխգործակցութեան ինտենսիւութիւնն աւելի թոյլ է, սակայն կողմերը կապեր են պահպանում եւ պարբերաբար վարժանքներ են անցկացնում Կասպից ծւում։ Կասպից ծովի աւազանում անվտանգութեան պահպանման ոլորտում համագործակցութիւնը կառուցուած է մի շարք համաձայնագրերի հիման վրայ, որոնք ստորագրել են նաեւ Ղազախստանը, Ռուսաստանը եւ Թուրքմենստանը: Կարեւորւում են «Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանութեան շրջանակային կոնուենցիան», 2006, 2010 թուականներին կնքուած «Կասպից ծովի անվտանգութեան ոլորտում համագործակցութեան համաձայնագրերը», 2018 թուականի՝ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնուենցիան։ Իրանի եւ Ադրբեջանի երկկողմ յարաբերութիւններում կարեւոր դեր է յատկացւում եւրասիական լայնածաւալ նախագծերի նախաձեռնութիւնների իրականացմանը, որը ներառում է բնական գազի տարանցումը Թուրքմենստանից Ադրբեջան Իսլամական Հանրապետութեան տարածքով եւ «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքը:
Իրանը չէզոք դիրք է գրաւում հայ-ադրբեջանական հակամարտութիւնում, սակայն մտահոգութիւն է յայտնում Իսրայելի եւ Թուրքիայի հետ Բաքուի սերտ կապերի պատճառով։ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Թեհրանի վերաբերմունքը Բաքուի նկատմամբ դարձաւ աւելի զգուշաւոր, քանի որ Ադրբեջանի յաղթանակը նշանաւորեց տարածաշրջանում Իրանի նկատմամբ թշնամական մտադրութիւններ ունեցող ուժերի ներկայութեան եւ ազդեցութեան աճ։ Հաշուի առնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Իրանի համար տարածաշրջանային մրցակից է, իսկ Իսրայելը՝ անմիջական հակառակորդ, Բաքուի սերտ շփումները նրանց հետ այսպէս, թէ այնպէս բացասական հետք են թողնում իրանայ-ադրբեջանական յարաբերութիւնների վրայ։ Ի թիւս այլ հարցերի՝ հայ-ադրբեջանական դիմակայութեան համատեքստում Իրանն ունի անվտանգութեան ռազմավարական կարեւոր խնդիր՝ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը։ Ադրբեջան-Թուրքիայ տանդէմը յայտարարում է հայ-իրանական սահմանի երկայնքով «Զանգեզուրի միջանցք» բացելու մտադրութեան մասին, ինչը կարող է յանգեցնել Հայաստանի հետ Իրանի ուղիղ կապի փակմանը, ինչպէս նաեւ Բաքուին թոյլ կը տայ կապ հաստատել իր էքսկլաւ Նախիջեւանի հետ: Դրանով նաեւ Ադրբեջանը Թուրքիայի հետ կարող է հաստատել ուղիղ կապ՝ Հարաւային Կովկասում ստեղծելով «թիւրքական գօտի»։ Այս դէպքում Իրանը հանդէս է գալիս որպէս Ռուսաստանի իրավիճակային դաշնակից՝ յատկապէս հաշուի առնելով այն փաստը, որ Մոսկուան եւ Թեհրանը խթանում են տրանսպորտային եւ լոգիստիկ նախագիծը՝ «Հիւսիս-Հարաւ» ՄՏԿ-ն: Կարեւոր է նշել, որ Ռուսաստանը դէմ չէ Զանգեզուրի միջանցքի բացմանը, սակայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմաններով, որը տրանսպորտային միջանցքների վերահսկողութիւնը տալիս է ՌԴ ԱԴԾ-ին։
Ընդհանրապէս, Իրանին Հարաւային Կովկասում կարելի է բնութագրել որպէս «սպասող տէրութիւն», որը կարող է տիրանալ այլ պետութիւնների կողմից զբաղեցրած ռազմաքաղաքական խորշերին։ Այսպիսով՝ Ուկրաինայում յատուկ ռազմական գործողութեան լոյսի ներքոյ ռուսական ռեսուրսների սահմանափակութեան, ինչպէս նաեւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ բանակի կատարելագործման համար Հայաստանի լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտութեան պատճառով իրանական զէնքի (մասնաւորապէս՝ անօդաչու թռչող սարքերի, OTRK) աճող հեղինակութիւնը թոյլ է տալիս, որպէսզի Թեհրանը ապագայում դուրս գայ զէնքի տարածաշրջանային շուկայ: Սակայն այսօր Թեհրանն իր արտաքին քաղաքականութեան մէջ հաւատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերի միջեւ հաւասարութեան պահպանմանը եւ զերծ է մնում ինչպէս Հայաստանին, այնպէս էլ Ադրբեջանին զէնք մատակարարելուց։
Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայութիւնը Հարաւային Կովկասում
Ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանի եւ Հարաւային Կովկասի երկրների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցութիւնը՝ բացառութեամբ Վրաստանի, լայն է եւ խոր։ Առաջին հարաւկովկասեան երկիրը, որի հետ Ռուսաստանը կապեր հաստատեց անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում, Հայաստանն էր։ Այսպէս՝ «Հայաստանում Ռուսաստանի Դաշնութեան սահմանապահ զօրքերի կարգավիճակի եւ դրանց գործունէութեան պայմանների մասին» համաձայնագրի համաձայն՝ Երեւանն իր տարածքում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պաշտպանութեան հարցերը պատուիրակել է սահմանապահ զօրքերին։ Աւելին, երկու երկրների պայմանագրային բազան շատ աւելի լայն է, քան Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցութեան ոլորտում ստորագրուեցին նոր պայմանագրեր: 2022 թուականի առաջին կիսամեակում ստորագրուեց երկու ռազմավարական փաստաթուղթ (Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցութեան մասին հռչակագիրը եւ երկու երկրների արտաքին հետախուզական ծառայութիւնների միջեւ համագործակցութեան համաձայնագիրը), ինչը վկայում է փոխգործակցութեան խորացման մասին։ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի դէպքում տեսանելի է հանրապետութիւնների անվտանգութեան ոլորտի՝ ռուսական կառոյցներին առաւելագոյն ինտեգրման միտում։ Ռազմական համագործակցութեան ոլորտում մասամբ ճանաչուած հանրապետութիւնների հետ պայմանագրերի կնքումը աստիճանական եւ առաջադէմ բնոյթ է կրում եւ նրանց անվտանգութեան երաշխիքն է։
Հայաստանի, Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հետ ստորագրուած պայմանագրերի մեծ մասը դրոյթներ է պարունակում սահմանների պաշտպանութեան ապահովման, ռուսական ռազմակայանների տեղակայման, կողմերից մէկի վրայ յարձակման դէպքում օգնութիւն տրամադրելու եւ ռազմատեխնիկական համագործակցութեան մասին, մինչդեռ ադրբեջանական կողմի հիմնական փոխգործակցութիւնը տեղի է ունենում ռազմատեխնիկական համագործակցութեան միջոցով, իսկ վերջերս փոխգործակցութիւն է հաստատուել Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայութիւնների միջեւ։ Հարաւային Կովկասում Ռուսաստանի ժամանակակից արտաքին քաղաքականութեան բոլորովին նոր պրակտիկայ է դարձել կենսաբանական անվտանգութեան ոլորտում յուշագրերի կնքումը, օրինակ՝ այն ստորագրուել է 2021 թուականին Հայաստանի հետ։ Ռուսաստանն ունի ռազմակայանների ցանց, ինչը թոյլ է տալիս արագ արձագանքել իր հարաւային սահմաններին նետուած մարտահրաւէրներին:
Վերջին տասնամեակի ընթացքում այդ օբյեկտները ենթարկուել են արդիականացման եւ հզօրացման գործընթացին, յատկապէս Հայաստանի եւ Աբխազիայի բազաները: Ընդ որում, Ռուսաստանը բացարձակապէս բոլոր ռազմական օբյեկտները վարձակալում է անվճար: Յենակէտէրի նիւթատեխնիկական ապահւումը մեծապէս կրում է ընդունող կողմը: Ռուսական ռազմական ներկայութեան առաջատարը Հայաստանն է, որի տարածքում տեղակայուած է 102-րդ բազան՝ յագեցած արդիականացուած զինատեսակներով եւ ունի 3,5-ից մինչեւ 5 հազար զինուորական։ 102-րդ բազայի աւիացիոն բաղադրիչը գտնւում է Երեւանի մերձակայքում գտնուող Էրեբունի ռազմական օդանաւակայանում։ Օդանաւակայանը շահագործում են Հայաստանի ռազմաօդային ուժերը եւ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, որտեղ տեղակայուած է ռուսական 3624-րդ աւիաբազան։ Ղարաբաղեան 2-րդ պատերազմից յետոյ ՌԴ զինուած ուժերը զգալիօրէն աւելացան եւ ընդլայնեցին իրենց ներկայութիւնը հանրապետութիւնում՝ նոր դիրքեր գրաւելով Սիւնիքի մարզում։
Եթէ դիտարկէնք Լեռնային Ղարաբաղը, ինչպէս պահանջում է միջազգային իրաւունքը, այն է՝ որպէս Ադրբեջանի մաս, ապա կարելի է պնդել, որ հարաւկովկասեան այս հանրապետութեան տարածքում ռուսական զօրքերը ներկայ են 1960 հոգանոց խաղաղապահ կոնտինգենտի տեսքով։ Լեռնային Ղարաբաղում գտնուելու ընդամէնը երկու տարուայ ընթացքում Ռուսաստանին յաջողուեց Ստեփանակերտի մօտ կառուցել լիարժէք ռազմական ճամբար եւ ամրացնել անցակէտէրը խրամատներով ու բետօնէ բլոկներով։ Ռուսաստանի զինուած ուժերն ունեն նաեւ իրենց ռազմավարական օբյեկտները Աբխազիայում եւ Հարաւային Օսիայում։ Այսպէս՝ Աբխազիայում այսօր գործում է 7-րդ ռազմաբազան, որը ներառում է 17 ռազմական օբյեկտ, ինչպէս նաեւ օդանաւակայան եւ նաւահանգիստ Սեւ ծովի ափին, իսկ Հարաւային Օսիայում տեղակայուած է 4-րդ գուարդիական ռազմակայանը՝ թուով 7 ռազմական օբյեկտ։ Նշուած բազաներից իւրաքանչիւրն ունի մօտ 4 հազար զինուորական։ Հարաւային Կովկասը շարունակում է մնալ մի տարածաշրջան, որտեղ հակամարտութիւնները լուծւում են խորհրդային կամ ռուսական արտադրութեան զէնքերով։
Միայն Վրաստանը կարողացաւ մասամբ հրաժարուել ռուսական մատակարարումներից՝ զէնք եւ պահեստամասէր ձեռք բերելով հետխորհրդային այլ երկրներից եւ համայնավարական բլոկի նախկին երկրներից։ Ռուսական սպառազինութեան հիմնական գնորդը Ադրբեջանն էր: Ռուսաստանից Ադրբեջան մատակարարւում էին ժամանակակից ծանր սպառազինութեան համակարգեր՝ Տ-90С տանկեր, ԲՄՊ-3, «Սմերչ» հրթիռային համակարգ, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր կրականետ եւ այլն։ 2011-2014 թթ․ Բաքուն Ռուսաստանից գնել է թուով 24 «Մի-35Մ» տրանսպորտային եւ մարտական ուղղաթիռ եւ թուով 71 «Մի-17-1Վ» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։ Մինչեւ 2018 թուականը Ադրբեջանը Ռուսաստանից գնել է աւելի քան 5 միլիարդ դոլար արժողութեամբ ռազմական արտադրանք, ինչը հանրապետութեան զինուած ուժերի արդիականացման կարեւոր բաղադրիչ է։ Սակայն մօտաւորապէս 2018 թուականից սկսուած՝ Ռուսաստանից Ադրբեջան մատակարարումները սկսեցին նուազել Բաքուի վարած դիւերսիֆիկացման քաղաքականութեան պատճառով: Ռուսները դուրս են մղուել Իսրայելի եւ Թուրքիայի կողմից։ Եթէ 2011–2020 թթ․ Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է Հարաւային Կովկասի հանրապետութեան կողմից ներկրուած ողջ սպառազինութեան 60 տոկոսը, ապա 2015-2019 թթ. նրա մասնաբաժինը 31 տոկոս էր, իսկ Իսրայելինը` 60 տոկոս։ Սրա հետ Ռուսաստանը մնում էր Հայաստանին զէնքի հիմնական մատակարարը 2011-ից 2020 թուականներին։ Ռուսաստանի Դաշնութեանը բաժին է ընկել հանրապետութեան կողմից ներկրուած սպառազինութիւնների 94 տոկոսը՝ առաքումներ կատարելով կայ՛մ ապառիկով՝ փոքր տոկոսադրոյքով, կայ՛մ ռուսական ներքին գներով:
Այս ժամանակահատուածում Հայաստան մատակարարուել են զրահափոխադրիչներ, հակաօդային պաշտպանութեան համակարգեր, համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր (MLRS) եւ տանկեր: 2016 թուականին Հայաստանը ձեռք էր բերել չորս «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համալիր եւ դրանց համար նախատեսուած 25 հրթիռ։ 2018 թուականից Հայաստանը սկսել է գնել աւելի ժամանակակից սպառազինութիւն։ Վերջապէս, աբխազական եւ հարաւօսական բանակները՝ ինտեգրուած ռուսական ռազմական պլանաւորմանը, լիովին կախուած են Ռուսաստանի ֆինանսական եւ ռազմական օգնութիւնից, ինչը Մոսկուային դարձնում է հանրապետութիւնների հիմնական եւ միակ ռազմավարական դաշնակիցը: Տարածաշրջանի պետութիւնների հետ Ռուսաստանի կադրային կապերը լայն տարածում ունեն։ Մոսկուան ակտիւ քաղաքականութիւն է իրականացնում ռուսական ռազմաուսումնական հաստատութիւններում Հարաւային Կովկասի երկրների զինուորականներին ներգրաւելու, համատեղ վարժանքներ կազմակերպելու, մարտավարական գործողութիւններ վարելու եւ այլ հարցերում։ Եթէ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հետ նման միջոցառումներ սկսել են անցկացուել ոչ վաղ անցեալում, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի հետ փոխգործակցութեան մեծ փորձ կայ, եւ զօրավարժութիւնները պարբերական բնոյթ են կրել։
Յայտնի է, որ 2018 թուականին Ռուսաստանում վերապատրաստում է անցել 132 ադրբեջանցի զինուորական, իսկ 2019 թուականին նրանց են միացել եւս 74-ը։ Այնուամենանիւ, Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը, որտեղից 2018 թուականին վերապատրաստման եւ ռազմական կրթութեան համար ժամանել են 215 սպայ եւ կուրսանտ։ Այս ոլորտը օտարերկրեայ պետութիւնների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցութեան կարեւոր բաղադրիչն է, քանի որ այդ կերպ նրանցից է ձեւաւորւում ապագայ ռազմական էլիտան։ Այս ամէնը մշակւում է համատեղ զօրավարժութիւնների հետ, որոնք ամէն տարի տեղի են ունենում ինչպէս Ռուսաստանի Դաշնութեան, այնպէս էլ Հարաւային Կովկասի հանրապետութիւնների տարածքներում։ Աւելին, Հարաւային Կովկասի երկրները՝ բացառութեամբ Վրաստանի, ամէն տարի մասնակցում են միջազգային բանակային խաղերին, ինչը իւրատեսակ միաւորող գործոն է ծառայում։ Այսպիսով՝ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայութիւնը Հարաւային Կովկասում շատ ընդգրկուն է եւ զարգացած։ Միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը ռազմաքաղաքական ոլորտում յարաբերութիւններ չունի, Վրաստանն է։ Չնայած Ադրբեջանը լայն կապեր է պահպանում ՆԱՏՕ-ի երկրների, յատկապէս՝ Թուրքիայի հետ, սակայն նա ռուսական զէնքի գնորդ է եւ պահպանում է «բարեկամական չէզոքութիւն» Ռուսաստանի նկատմամբ։
Չնայած յարաբերութիւնների սառեցմանը՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը եւ ռազմատեխնիկական ոլորտում մեծապէս կախուած է Մոսկուայից։ Աբխազիան եւ Հարաւային Օսիան դէ ֆակտոյ տարածաշրջանում Ռուսաստանի պաշտօնական ռազմական ներկայութեան շարունակութիւնն են։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն աւելի շատ է ներգրաւուած Հարաւային Կովկասի հակամարտութիւնների մէջ, քան միւս դերակատարները: Ռուսաստանի Դաշնութիւնը փորձում է պահպանել ազդեցութիւնը հայ-ադրբեջանական հակամարտութեան երկու կողմերի վրայ՝ այսօր էլ առաջ քաշելով ուժերի հաւասարակշռութիւնը պահպանելու չափազանց բարդ խնդիր, որը միւս երկրները, յատկապէս՝ Թուրքիան, ակտիւօրէն փորձում են խախտել:
Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայութիւնը Հարաւային Կովկասում. մարտավարական, թե՞ ռազմավարական սպառնալիք
Տարածաշրջանում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայութիւնը տարասեռ է: 1990-ականներից Անկարան խոր եւ ռազմավարական յարաբերութիւններ է կառուցել Բաքուի հետ, որոնք վերջնականապէս ձեւաւորուեցին վերջին տասնամեակում՝ վերածուելով ռազմական դաշինքի: Թուրքական եւ ադրբեջանական հանրապետութիւնների միջեւ առաջին համաձայնագրերը կնքուել են 1992 թուականին եւ վերաբերում են թուրք զինուորականների կողմից ադրբեջանցի սպաների պատրաստմանը։ Համաձայնագրերի յաջորդ փաթեթը կնքուել է 1996-ին եւ 1997-ին, երբ կողմերը պայմանաւորուել են գլխաւոր շտաբների մակարդակով համագործակցութեան մասին եւ համապատասխանաբար ընդունել ռազմավարական համագործակցութեան խորացման համատեղ հռչակագիր։ Պայմանագրային բազան զգալիօրէն ընդլայնուեց 2000-ականներին, երբ ստորագրուեցին մի քանի արձանագրութիւններ՝ ռազմական տեղագրութեան ոլորտում համագործակցութեան, Բաքւում ռազմական ուսումնական կենտրոնի ստեղծման, համատեղ ռազմական գնումների եւ ռազմարդիւնաբերական համագործակցութեան վերաբերեալ։ 2010 թուականին Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական գործընկերութեան եւ փոխօգնութեան մասին համաձայնագիր, որը վերջնականապէս պաշտօնականացրեց երկու երկրների ռազմական դաշինքը եւ նոր փուլ բացեց նրանց փոխգործակցութեան հարցում։ Յենց այս տասնամեակում թուրք-ադրբեջանական համագործակցութեան ինստիտուցիոնալ շրջանակը լցուեց ռազմաքաղաքական բովանդակութեամբ՝ ուժեղացուած ռազմական մատակարարումների եւ ուսումնական ծրագրերի տեսքով։
Միաժամանակ գործարկուեց նաեւ թուրք-ադրբեջանական համագործակցութեան համակարգող մարմինը՝ ռազմավարական համագործակցութեան բարձրագոյն խորհուրդը։ Բովանդակային առումով թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները եզակի են՝ համեմատած միւս խոշոր տէրութիւնների փոխգործակցութեան հարաւկովկասեան պետութիւնների հետ։ Սրանք երկու երկրներ են, որոնք միաւորուած են լեզուով, մշակոյթով եւ պատմութեամբ։ Մեծ մասամբ Թուրքիայի օգնութեամբ Ադրբեջանը կարողացաւ ստեղծել ժամանակակից, պրոֆէսիոնալ բանակ, որը յաղթեց 44-օրեայ պատերազմում։ Այսպիսով՝ Ղարաբաղեան երկրորդ պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական համագործակցութեան յաջողութիւնը յանգեցրեց Շուշիի հռչակագրի ստորագրմանը, որը կոչուած էր նոր փուլ սկզբնաւորելու Բաքուի եւ Անկարայի ռազմավարական դաշինքում։ Բացի այդ՝ հռչակագրի ստորագրումը դէ իւրէ բացում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայ ստեղծելու հնարաւորութիւնը։ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցութիւնը լայնածաւալ չէ, ինչպէս թուրք-ադրբեջանականը, այլ կենտրոնացած է մի շարք առանցքային ոլորտներում (ենթակառուցուածքային օբյեկտների պաշտպանութիւն, անձնակազմի պատրաստում եւ համատեղ վարժանքներ): Վրաց-թուրքական փոխգործակցութեան առանձնայատկութիւնն այն է, որ Անկարան նախընտրում է Վրաստանի հետ յարաբերութիւնները կառուցել ճկուն ձեւաչափով՝ Ադրբեջանի ներգրաւմամբ։ Նման եռանկիւնու ստեղծումը պայմանաւորուած է Թուրքիայի աշխարհաքաղաքական պատկերացումներում Վրաստանի դիրքով: Թուրքիայի համար Վրաստանը ընդամէնը տարածք է, որը Անկարային տանում է դէպի Կասպից ծովի ռեսուրսները, իսկ լայն իմաստով՝ եւրասիական «նոր Մետաքսի ճանապարհ է»: 2002 թուականին Տրապիզոնում պայմանագիր է ստորագրուել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, որով կողմերը պարտաւորուել են համագործակցել ենթակառուցուածքային կառոյցների անվտանգութեան ոլորտում։ Թուրք-վրացական անվտանգութեան յարաբերութիւններին նոր լիցք հաղորդեց 2012 թուականին Տրապիզոնի հռչակագրի ստորագրումը։ Փաստաթղթում ընդգծւում է քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում համագործակցութիւնն ընդլայնելու ցանկութիւնը։ Բացի այդ՝ 2013 թուականին Բաթումիի գագաթնաժողւում ընդունուեց 2013–2015 թուականների եռակողմ գործողութիւնների ծրագիրը:
2016 թուականին Գաբալայում կայացած եռակողմ գագաթնաժողւում կողմերը պայմանաւորուել են համատեղ վարժանքներ անցկացնել։ Ի վերջոյ 2018 թուականին պաշտպանութեան նախարարների յաջորդ եռակողմ գագաթնաժողւում ստորագրուել է պաշտպանութեան եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութեան յուշագիր։ Ընդհանուր առմամբ, եռակողմ ձեւաչափը կարելի է համարել Անկարայի յաջողուած արտաքին քաղաքական գործիքը, որը յստակօրէն ցոյց է տալիս Վրաստանի տարանցիկ բնոյթը։ Միեւնոյն ժամանակ Թուրքիային չի կարելի համարել վրացական ուղղութեամբ անվտանգութեան կարեւոր դերակատար։ Անկարան Թբիլիսիի հետ կապուած ՆԱՏՕ-ի շահերի առաջնորդը չէ։ Հարաւային Կովկասում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայութեան առանցքային եւ ամենաարդիւնաւետ տարրը ռազմական պատրաստութեան ծրագրերն են եւ համատեղ վարժանքները։ Թուրքական ռազմական ակադեմիաները, որոնք աւարտել են հազարաւոր ադրբեջանցի զինուորականներ, ձեւաւորել են Ադրբեջանի ժամանակակից բանակի տեսքը, յանգեցրել են հանրապետութեան զինուած ուժերում դաւանաբանական փոփոխութիւններին եւ ստեղծել թիւրքական «ռազմական եղբայրութեան» ֆենոմենը։ 2019 թուականի դրութեամբ թուրքական ռազմական ակադեմիաներով անցել է աւելի քան 7 հազար ադրբեջանցի զինուորական։ Ամէն տարի աւելի քան երկու հարիւր ադրբեջանցի սպաներ սովորում են Թուրքիայում՝ Թուրքիայի ազգային պաշտպանութեան համալսարանի հովանու ներքոյ։ 2022 թուականին Ադրբեջանը ներկայացրեց ռազմական կրթութեան համակարգը թուրքական ձեւով վերակազմաւորելու փաստը՝ յայտարարելով սեփական ազգային պաշտպանութեան համալսարանի ստեղծման մասին։ Ի թիւս այլ բաների՝ Ադրբեջանի զինուած ուժերի հրամանատարութեան եւ վերահսկման սկզբունքները եւ համակցուած սպառազինութեան մարտավարութիւնը, թուրքական մեկնաբանութեամբ, մօտ են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այնուամենանիւ, Անկարայի եւ Բաքուի միջեւ ռազմավարական գործընկերութեան ոչ պակաս կարեւոր տարր են զօրավարժութիւնները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում կրում են համակարգային բնոյթ։
Այսպէս՝ 2018 թուականին անցկացուել է եօթ համատեղ վարժանք, իսկ 2019 թուականին՝ տասներեք։ Նման զօրավարժութիւնների հիմնական նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի զինուած ուժերի միջեւ օպերատիւ փոխգործակցութեան ուժեղացումն է։ Պարբերական զօրավարժութիւնները շարունակուել են 44-օրեայ պատերազմից յետոյ՝ 2021 թուականի հոկտեմբերին, Նախիջեւանում, իսկ 2022 թուականի սեպտեմբերին՝ ռազմաօդային ուժերի վարժանքներ «TurAz Qartali» («Թուրք-ադրբեջանական արծիւ»): Թուրքիան Վրաստանի հետ աշխատում է հիմնականում յատուկ գործողութիւնների ուժերի էլիտար ստորաբաժանումների պատրաստման ոլորտում, ինչպէս նաեւ ձգտում է ընդլայնել Վրաստանի զինուած ուժերի հետ փոխգործակցութեան տարածքը, ընդ որում, դրանք հիմնականում հիմնուած են արեւմտեան ուսումնական ծրագրերի վրայ։ «Կովկասեան արծիւ» կոչուող առաջին համատեղ զօրավարժութիւնները մեկնարկել են 2017 թուականին։ Զորաւարժութիւններին ներգրաւուել են Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի յատուկ նշանակութեան ստորաբաժանումները։ Նման զօրավարժութիւններ տեղի են ունեցել նաեւ 2019 եւ 2021 թուականներին։ Բացի այդ՝ Բաքուն, Թբիլիսին եւ Անկարան 2021 թուականից անցկացնում են ամենամեայ համակցուած սպառազինութեան «Հաւերժութիւն» զօրավարժութիւնները։ 2016 թուականին Գաբալայում կայացած գագաթնաժողւում կողմերը պայմանաւորուեցին ստեղծել յատուկ դասընթացնէր MTR-ի համար Վրաստանում՝ Սաչխերէի հանքարդիւնաբերութեան ուսուցման դպրոցի հիման վրայ: Ընդհանուր առմամբ, եռակողմ վարժութիւններն ունեն ընդգծուած մասնագիտացուած բնոյթ (SSO):
Թուրքական զէնքի մատակարարումները Ադրբեջան, թէեւ բազմիցս զիջում են ռուսականին, սակայն ԼՂ երկրորդ պատերազմի ժամանակ լրատուամիջոցներում լայն արձագանք ունեցան, յատկապէս թուրքական գրոհային անօդաչու սարքերի կիրառման փաստը: Ներկայում Թուրքիան տրամադրում է սպառազինութիւնների սահմանափակ տեսականի՝ թեթեւ զրահատեխնիկայ, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, փոքր զէնքեր, կապի, ուղղորդման եւ գիշերային տեսողութեան սարքեր։ Յատկանշական է, որ թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցութեան առաջին ոլորտը եղել են թեթեւ եւ հրետանային զէնքերը, ուղղորդման եւ կապի համակարգերը։ 2000 թուականին Թուրքիան Ադրբեջանի ռազմածովային ուժերին է փոխանցել AB-25 տիպի AB-34 պարեկային նաւը, իսկ 2013–2014 թթ. Ադրբեջանը գնել է «Բորայ» 12 տրամաչափի թուով 200 դիպուկահար հրացան։ Բացի այդ՝ Անկարան Բաքուին մատակարարել է «Օտոկար» ընկերութեան արտադրած «Կոբրայ» տեսակի անիւաւոր զրահամեքենաներ։ 2022 թուականի սկզբի դրութեամբ Ադրբեջանի զինուած ուժերում կար 35 նման զրահամեքենայ։ Թուրքական արտադրութեան համազարկային կրակի ռէակտիւ համակարգերը (ՀԿՌՀ) դարձան ադրբեջանական բանակի համար կարեւոր ձեռքբերում։ Բաքուն ձեռք է բերել 30 հատ T-107, 40 հատ T-122 «Sakarya» եւ 21 հատ T-300 «Kasirga» M հրթիռային համակարգեր: Այնուամենանիւ, ռազմատեխնիկական համագործակցութեան ամենահարուստ տարրը թուրքական «Bayraktar» TB2 անօդաչու թռչող սարքերի եւ STM «Kargu-2» թափառող զինամթերքի մատակարարումն էր:
Այլ անօդաչու թռչող սարքերի հետ՝ հիմնականում իսրայէլական արտադրութեան, թուրքական անօդաչու թռչող սարքերը նշանակալի դեր են խաղացել հայկական դիրքերի կրակը ճնշելու եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հակաօդային պաշտպանութեան ոչնչացման գործում։
Պատէրազմից յետոյ Բաքուն որոշեց ընդլայնել համագործակցութիւնը Անկարայի հետ անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Բանակցութիւններ են տարւում Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրութիւն բացելու վերաբերեալ, այդ թւում՝ «Աքինջի» կոչուող նոր ծանր հարուածային անօդաչու թռչող սարքերի: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Թուրքիան Հարաւային Կովկասի այս հանրապետութեան համար զէնքի էական մատակարար չէ։ 2001 թուականին Անկարան Թբիլիսի տեղափոխեց երկու «Bell UH-1H Utility Helicopter» ուղղաթիռներ: Այդ ընթացքում 2008-2009 թթ․ Թբիլիսին գնել է 76 «Nurol Ejder» զրահափոխադրիչ, 100 «Otokar Cobra» զրահամեքենայ, երկու MRTP 33 դասի «Patrol Boat» տեսակի պարեկային նաւ եւ մէկ MRTP 21 դասի պարեկային նաւ։ 2020 թուականից Թուրքիան սկսել է վրացական բանակին ոչ մահաբեր զէնքի կանոնաւոր անվճար մատակարարումներ։ 2020 թուականին առաքուել է 12 զրահապատ էքսկաւատոր եւ չորս բեռնատար: 2021 թուականին՝ հեռաչափեր եւ ինժեներական սարքաւորումներ: Այսօր Թուրքիայի ռազմական օգնութիւնը Վրաստանին աւելի շատ խորհրդանշական բնոյթ է կրում։ Այսպիսով՝ Թուրքիան իր դերն ու կշիռն ունի տարածաշրջանային հարցերում. նա հանդէս է գալիս որպէս կարեւոր գործընկեր Ադրբեջանի եւ Վրաստանի համար եւ Հարաւային Կովկասի հանրապետութիւններին առաջարկում է այլընտրանք Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ արեւմտեան այլ երկրների՝ իրենց զբաղեցրած ռազմատեխնիկական համագործակցութեան ոլորտներում։ Սա Թուրքիայի մրցակցային առաւելութիւնն է, որը թոյլ է տալիս Անկարային նշանակալի դեր խաղալ Հարաւային Կովկասում՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առճակատման լոյսի ներքոյ։ Բայց, չնայած այն հանգամանքին, որ Շուշիի հռչակագիրը անուղղակիօրէն ենթադրում է Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաներ ստեղծելու հնարաւորութիւն, Անկարան դեռ չունի նման ռազմական օբյեկտներ Հարաւային Կովկասում։
Այնուամենանիւ, Թուրքիան պարբերաբար համատեղ զօրավարժութիւնների ժամանակ իր ուժերն է տեղակայում ադրբեջանական տարածքում, ինչը վկայում է Անկարայի կողմից ադրբեջանական տարածքի զարգացման գործընթացի մեկնարկի մասին։ Ընդհանուր առմամբ, թուրքական անվտանգային քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում բազմազան է։ Մինչ Անկարան լիարժէք ռազմավարական դաշինք է կառուցել Բաքուի հետ, Թուրքիայի Հանրապետութիւնը Թբիլիսիի հետ համագործակցում է աւելի ճկուն եւ մասնագիտացուած ձեւաչափով՝ Վրաստանի հետ համագործակցութիւնը կապելով Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնների եւ տարածաշրջանում ընդհանուր շահերի հետ: Թուրքական քաղաքականութեան ուղղուածութիւնը սկզբունքօրէն հակառուսական է։ Ադրբեջանի վերջնական կլանումը Թուրքիայի կողմից ռազմավարական մարտահրաւէր է ռուսական շահերին: Վրաստանի հետ Թուրքիայի համագործակցութիւնն ինքնին էական վտանգ չի ներկայացնում, սակայն Թբիլիսիի ներգրաւուածութիւնը Անկարայի գլխաւորած եռակողմ ձեւաչափերում մարտահրաւէր է: Թբիլիսիի եւ Բաքուի դիրքերի սերտաճումը անվտանգութեան ոլորտում անբարէնպաստ է Մոսկուայի համար։
Եզրակացութիւն
Տարածաշրջանային երեք խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան ձգտում են կառուցել տարածաշրջանում ներկայութեան երեք տարբեր մոդելներ՝ սեփական շահերն առաջ մղելու համար: Ռուսաստանը, որպէս ԽՍՀՄ-ի եւ Ռուսական կայսրութեան իրաւայաջորդ, ունի ամենատարբեր եւ խոր ներկայութիւնը։ Սակայն Մոսկուան ներգրաւուած է Հարաւային Կովկասում առկայ բոլոր հակամարտութիւնների մէջ, ինչը միւս խաղացողների ներթափանցման հետ մեծապէս սահմանափակում է մանեւրելու հնարաւորութիւնը։ Մոսկուայի պարտաւորութիւնները դաշնակիցներ Աբխազիայի, Հարաւային Օսիայի եւ Հայաստանի նկատմամբ սահմանում են Ադրբեջանի եւ Վրաստանի հետ մերձեցման սահմանը։ Այդուհանդերձ, տարածաշրջանային խաղացողների թւում չկան պետութիւններ, որոնք կարող են ամբողջութեամբ փոխարինել Մոսկուային զէնքի մատակարարման ոլորտում եւ, ընդհանրապէս, որպէս իշխանութիւն պրոյեկտելու ունակ դերակատար լինել։
Իրանն օգտւում է տարածաշրջանում 2020 թուականից յետոյ ստեղծուած իրավիճակից սեփական դիրքերը ամրապնդելու նպատակով՝ առաջին հերթին կառուցելով յարաբերութիւններ Հայաստանի հետ։ Թեհրանը կարող է Երեւանին զէնք առաջարկել այն պայմաններում, երբ ռուսական մատակարարումների հնարաւորութիւնները սահմանափակ են յատուկ գործողութեան պատճառով։ Այնուամենանիւ, Իրանի շահերը պահանջում են թոյլ չտալ ինչպէս թուրքական (թիւրքական), այնպէս էլ արեւմտեան (ամերիկա-իսրայէլական) ազդեցութեան ուժեղացումը։ Իրանը յայտարարել է Զանգեզուրի միջանցքի ուժային բացմանը ռազմականօրէն հակազդելու պատրաստակամութեան մասին։ Թեհրանն առաւել եւս մտահոգուած է Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցութեամբ։ Ստեղծուած իրավիճակը Իրանին հնարաւորութիւն է տալիս աւելի ակտիւ դիրքորոշուել՝ օգտուելով Մոսկուայի սահմանափակ մանեւրից եւ Անկարայի յստակ դիրքորոշումից։ Երկարաժամկէտ հեռանկարում իրանական ազդեցութեան ուժեղացումը կը վնասի ռուսական շահերին, սակայն կարճաժամկէտ հեռանկարում անվտանգութեան ոլորտում Ռուսաստանի Դաշնութիւնն ու Իրանը իրավիճակային գործընկերներ են։
Թուրքիան չափազանց ակտիւ քաղաքականութիւն է վարում Հարաւային Կովկասում՝ փորձելով առաւելագոյն դիւիդէնտներ ստանալ 44-օրեայ պատերազմում Ադրբեջանի յաղթանակից։ Անկարան շարունակում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցութիւնը Բաքուի հետ եւ ձգտում է Թբիլիսիին ներգրաւել բազմակողմ ձեւաչափերում։ Միեւնոյն ժամանակ Թուրքիայի միանշանակ դիրքորոշումը ղարաբաղեան ճգնաժամի եւ Զանգեզուրի միջանցքի հարցում նրան թոյլ չի տալիս հանդէս գալու որպէս խաղաղարար եւ տարածաշրջանային կայունութեան երաշխաւոր։ Ընդհանուր առմամբ, ներկայ պայմաններում Անկարան մօտ է տարածաշրջանում իր ազդեցութեան սահմանագծին հասնելուն։ Սակայն երկարաժամկէտ հեռանկարում թուրքական ազդեցութեան շարունակական ներթափանցումն Ադրբեջան վտանգ է ներկայացնում Ռուսաստանի Դաշնութեան շահերի համար, քանի որ խօսքը Ադրբեջանի ինքնիշխանութեան դանդաղ կլանման մասին է։ Տարածաշրջանային երեք խաղացողների գործողութիւնները մեծապէս ձեւաւորում են ուժերի նոր հաւասարակշռութիւն Հարաւային Կովկասում։ Տարածաշրջանում պատմականօրէն ներկայ երեք տէրութիւնների գործունէութիւնը տեսականօրէն կարող է նպաստել ռուս-արեւմտեան առճակատման տրամաբանութիւնից նրա դուրս գալուն։ Այնուամենանիւ, այս պահին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փոխգործակցութիւնն աւելի հաւանական է, որ աւելի շուտ էսկալացիայի գործոն լինի, քան դեէսկալացիայի: Դա պայմանաւորուած է նրանով, որ Հարաւային Կովկասն աւելի հետաքրքիր է տարածաշրջանային եռեակի երկրների համար՝ որպէս տարանցիկ տարածք, որն ապահւում է կապ Ասիայի, Մերձաւոր Արեւելքի եւ Սեւծովեան տարածաշրջանի հետ։ Այս նկատառումներն են ընկած Հարաւային Կովկասում ձեւաւորուող ուժերի նոր յարաբերակցութեան հիմքում։