Հայաստանը միջազգային յարաբերութիւններում պէտք է հանդէս գայ նոր բանակցողով

Հայաստանը միջազգային յարաբերութիւններում պէտք է հանդէս գայ նոր բանակցողով

Միասնութեան հանրահաւաքը ընդունեց յայտարարութիւն, որն ընթերցեց մտաւորական Գուրգէն Մելիքեանը:

Մենք ողջունում ենք արցախահայ մեր քոյրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հաւաքական կամքը:

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. այս գաղափարն է ՀՀ անկախութեան հռչակագրի հիմքում, եւ մենք այն պաշտպանելու ենք ամէն գնով։

Հայաստանի օրուայ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը

– վտանգում է Հայաստանի ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը, ՀՀ անկախութեան հռչակագրում ամրագրուած դրոյթների կեանքի կոչումը,
-սպառնում է հայկական Արցախի գոյութեանը, արցախահայերի անօտարելի իրաւունքների իրացմանը,
-մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրութեան մէջ,
-փչացնում է մեր յարաբերութիւնները դաշնակից ու բարեկամ երկրների հետ,
-բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլեացիայ։

Հայաստանը չպէտք է յայտնուի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակէտում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում դնելը խիստ վտանգաւոր է եւ անընդունելի։

Մենք կողմ ենք հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի: «Զանգեզուրի միջանցք» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որեւէ իրաւական հիմք։

Ադրբեջանը պէտք է կատարի իր պարտաւորութիւնները. վերադարձնի հայ ռազմագերիներին, պահուող այլ անձանց, դուրս բերի իր զօրքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Թուրքիան չպէտք է ՀՀ-ի հետ խօսի վերջնագրերի լեզուով։

Մեր առաջնային խնդիրները պէտք է լինէն հանրային համերաշխութեան ապահւումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգութեան ապահւումը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումը:

Մենք անընդունելի եւ հակապետական ենք համարում «Արցախը յանձնենք, որ Հայաստանում խաղաղ ապրենք» օրուայ իշխանութեան քաղաքականութիւնը։

Համաձայն ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8–ի որոշման՝ Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի եւ միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում:

Մենք արձանագրում ենք.

-ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցւում են մէզ համար սկզբունքային եւ ճակատագրական նշանակութիւն ունեցող հարցեր,
-Հայաստանի օրուայ իշխանութիւնը՝ ամբողջութեամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները եւ կառավարութեան ծրագիրը, այդ բանակցութիւններում գնում է Հայաստանի ինքնիշխանութիւնը, Արցախի գոյութիւնը հարցականի տակ դնող պայմանաւորուածութիւնների,
-այդ բանակցութիւնները հակասում են միջազգային իրաւունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ դրա սպառնալիքի պայմաններում:

Մենք յայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան, ներպետական օրինական ընթացակարգերի եւ միջազգային իրաւունքի նորմերի խախտումով Հայաստանի օրուայ իշխանութիւնների գրաւոր թէ բանաւոր յայտարարութիւնները, խոստումները եւ համաձայնութիւնները չունեն որեւէ իրաւական ուժ եւ անխուսափելի իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ դիտուելու են առոչինչ։

Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային յարաբերութիւններում պէտք է հանդէս գայ նոր բանակցողով:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրուել հիասթափութեան ու հոռետեսութեան, պատրաստ լինել պայքարելու՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի:

5 նոյեմբերի, 2022թ․

Ֆրանսիայի հրապարակ

Share