
Աւէտ Ադոնց
ՀՀ նախկին փոխարտգործնախարար
Դիւանագէտների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
Կասկածից վեր է, որ արդէն մի քանի տարի է, ինչ սկսել է հաստատուել նոր աշխարհակարգ, որին զուգահեռ, միջազգային քաղաքականութեան եւ յարաբերութիւնների մէջ արդէն ձեւաւորւում են նոր կանոններ եւ միտումներ։
Դոնալդ Թրամփի գալով՝ այս գործընթացի դինամիկան կտրուկ աճել է։ Եթէ տնտեսագիտական եւ մաթեմատիկական լեզուով ձեւակերպենք ԱՄՆ նախագահի կառավարման առաջին շրջանի տրամաբանութիւնը, ապա այն կ’ունենայ հետեւեալ տեսքը. ռիսկերի եւ ծախսէրի նուազեցում՝ մեծ շահոյթի ստացման եւ կայուն զարգացման ու հեռանկարների ամրապնդման համար։
Ռիսկերը հիմնականում վերաբերում են միջազգային անվտանգութեան ճարտարապետութեան օրակարգին։ Այս օրակարգն է, որ հաշուի առնելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ լարուածութեան բարձր մակարդակը, միջազգային հանրութեան առջեւ բացել է անորոշութիւն, անկանխատեսելիութիւն եւ երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման իրական հեռանկար։ Եւ Թրամփի հնչեցրած միտքը, որ խաղաղութիւն է անհրաժեշտ, եւ մենք չպէտք է թոյլ տանք համաշխարհային պատերազմ, առանցքային էր Օվալաձեւ աշխատասենեակում Զելենսկու հետ կայացած հանդիպմանը։
Միւս կողմից, ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական կուրսի «կտրուկ շրջադարձը» նշանաւորուեց ոչ միայն Թրամփի առաջին հրամանագրերով, Միւնխենի անվտանգութեան համաժողւում փոխնախագահ Վենսի դասախօսութեամբ՝ ուղղուած եւրոպական էլիտային, այլեւ պէտքարտուղար Մարկոյ Ռուբիոյի՝ հեռուստատեսութեամբ խաչը ճակատին ի յայտ գալով եւ զարգացման ամերիկեան գործակալութեան (USAID) աշխատանքի սառեցմամբ:
«Գլոբալիզացիան տեղայնացնելու» ակնյայտ փորձ կայ, ինչին շատ էր ձգտում նախորդ վարչակազմը։
Եւրոպան իր հերթին ագրեսիւ է արձագանքում ԱՄՆ-ում տեղի ունեցող արտաքին քաղաքական փոփոխութիւններին։ Դա հաստատում են Սպիտակ տանը Զելենսկու հետ յայտնի հանդիպումից յետոյ Զելենսկու հետ Լոնդոնում կայացած եւրոպական հանդիպումը, եւ Մակրօնի յայտարարութիւնները Եւրոպայի անկախութեան անհրաժեշտութեան մասին, նրա անվտանգութեան ապահովման առումով, հաշուի առնելով, որ Եւրոպայի համար հիմնական սպառնալիքը գալիս է Ռուսաստանից։
Ակնյայտ է, որ եւրոպական վերնախաւին ժամանակ է պէտք՝ դէմոկրատների կողմից «ձեւաւորուած» տեսլականներն ու մօտեցումները փոխելու համար։ Եթէ դա տեղի չունենայ, ինչը քիչ հաւանական է, ապա Եւրոպայի եւ ԱՄՆ-ի այսօրուայ ցածրորակ յարաբերութիւնների, ինչպէս նաեւ արեւելքից յայտարարուած սպառնալիքների ֆոնին պէտք չէ բացառել եւրոպական անվտանգութեան ապահովման նոր համակարգի ձեւաւորման գործընթացի սկիզբը, բայց՝ առանց ՆԱՏՕ-ի, որտեղ գերիշխում է ԱՄՆ-ը։
Այս սցենարը քիչ հաւանական է, բայց բացառել չի կարելի։ Այսօր ամբողջ աշխարհը հետեւում է, թէ ինչպէս են զարգանում մեկնարկած ռուս-ամերիկեան բանակցութիւնները։ Յենց այդ բանակցութիւններից է կախուած, թէ որքան կանխատեսելի կը դառնայ միջազգային իրավիճակը, որքանով հնարաւոր կը լինի նախագծել միջազգային անվտանգութեան նոր ճարտարապետութիւն, հասնել խաղաղութեան Ուկրաինայում եւ կանխել յետագայ լարուածութիւնը։
Բացի Ուկրաինայից եւ Մերձաւոր Արեւելքից, լարուածութեան մէկ այլ օջախ է նաեւ Հարաւային Կովկասը, որտեղ Հայաստանը պարտուել է Ղարաբաղեան պատերազմում եւ Հայաստանի ներկայիս իշխանութիւնների կողմից ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս ճանաչելուց յետոյ իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց։ Արցախում էթնիկ զտումներից եւ 120.000 հայերի արտաքսումից յետոյ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակում է իր սպառնալիքները, բայց այս անգամ Հայաստանի եւ նրա ժողովրդի դէմ։
Թուրք-ադրբեջանական «միութիւնը», ճնշում գործադրելով, հետեւողականօրէն բարձրացնում է իր ազդեցութեան մակարդակը Հայաստանի ոչ միայն արտաքին, այլեւ ներքաղաքական կեանքի վրայ։ Նրանց բազմաթիւ պահանջներից են Հայաստանի Հանրապետութեան նոր սահմանադրութեան ընդունումը, այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը Ադրբեջանին արտատարածքային հիմունքներով եւ շատ աւելին։
Միաժամանակ, այսօր Բաքւում, ի դէմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան, դատւում է հէնց Հայաստանը, հայ ժողովուրդը, մեր ինքնութիւնը։ Աւելի նուաստացուցիչ իրավիճակ դժուար է պատկերացնել։
Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանի ներկայիս իշխող ռեժիմը։ Նպատակ դնելով ամէն գնով «խաղաղութեան պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ՝ նա համաձայնում է առաջադրուած պայմաններին։ Աւելին, Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնն ամրապնդելու փոխարէն՝ ՀՀ կառավարութիւնը, Հայաստանի հանրապետութիւնը «ժողովրդաւարութեան բաստիոն» հռչակելով, նպատակաուղղուած բարձրացնում է հակառուսական տրամադրութիւնների մակարդակը հայ հանրութեան շրջանակներում, սառեցնում է իր մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին եւ հետեւողականօրէն իրականացնում ԵՄ-ին Հայաստանի անդամակցութեան անհեռանկար գործընթացը՝ հիմնաւորելով այդ ամէնը որպէս երկրի անվտանգութեան ամրապնդմանն ուղղուած քայլեր։
Աւելին, Հայաստանի իշխանութիւնները կատարեալ անտարբերութիւն են ցուցաբերում Բաքւում ընթացող դատաւարութեան նկատմամբ։ Ի տարբերութիւն այս հարցում պետական մեքենան օգտագործելու իշխանութեան դժկամութեան, բոլորովին վերջերս իր կապերի եւ անձնական հեղինակութեան շնորհիւ Գ.Ծառուկեանը բելառուսական բանտից հայրենիք վերադարձրեց հայ բլոգերին, եւ յատուկ ուղերձով խնդրեց դա չուերագրել քաղաքական կամ կուսակցական գործունէութեանը։ Իսկ տարիներ առաջ Ռուսաստանի հայերի միութեան նախագահ Ա. Աբրահամեանը Հայաստան վերադարձրեց Աֆրիկեան երկրներից մէկում բանտարկուած հայ օդաչուներին։ Թուլացած պետութեան պայմաններում անհատների դերը էականօրէն կարեւորւում է։ Պետք է հասկանալ նաեւ, որ Թրամփի խորքային քայլերի պայմաններում ժամանակակից աշխարհի նոր տրենդն է՝ անհատների եւ անյատական կապերի դերի մեծացումը։
Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վերականգնումը հեշտ չէ, բայց հնարաւոր է. սա օբյեկտիւ անհրաժեշտութիւն է ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար։ Մեր երկկողմ յարաբերութիւններում պէտք է առաջ տանել ոչ միայն առեւտրատնտեսական բաղադրիչը, այլեւ սկսել քաղաքական երկխօսութիւն վստահութեան մթնոլորտում եւ յատուկ ուշադրութիւն դարձնել անվտանգութեան օրակարգին։ Տարածաշրջանային խնդիրները լուծելու համար նպատակայարմար է ակտիւացնել 3+3 ձեւաչափը, վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ «ապասառեցնել» Հայաստանի մասնակցութիւնը ՀԱՊԿ-ին։
Դա պէտք է անէն բանիմաց, փորձառու եւ պատասխանատու մարդիկ, որոնք կառաջնորդուէն Հայաստանի, հայ ժողովրդի, ինչպէս նաեւ բազմամիլիոնանոց սփիւռքի շահերով, որի մի զգալի մասն ապրում է Ռուսաստանում։ Արդիւնքում Հայաստանը հնարաւորութիւն կ’ունենայ վերականգնելու իր տեղը տարածաշրջանային անվտանգութեան ճարտարապետութեան մէջ։ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը պէտք է լինի ճկուն եւ ազնիւ: