Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց COP29-ից, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դէմ քարոզչութիւնն առաւել սրելու, նոր պահանջներ ներկայացնելու ուղղութեամբ․
Տիգրան Աբրահամեան
Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց COP29-ից, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դէմ քարոզչութիւնն առաւել սրելու, Հայաստանի դէմ նոր պահանջներ ներկայացնելու եւ ագրեսորի պիտակ հագցնելու ուղղութեամբ:
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը․
«Բաքւում աւարտուեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) եւ հաշուի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանութիւնների համաձայնութեամբ, ապա փորձենք հասկանալ, թէ ով շահեց ու տուժեց:
Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ունէր: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիւ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցութիւններում կուերադառնար կառուցողական հուն եւ հնարաւոր կը լինէր նուազագոյն կորուստներով ընդհանուր մօտեցումներում ըմբռնում ապահովել:
Երկրորդ, եւ ներսում եւ դրսում ակնկալիք էր ձեւաւորուել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապէս յետոյ, Ադրբեջանը որպէս բարի կամքի դրսեւորում, ազատ կարձակի Բաքուի բանտերում պահուող գերիների, ռազմագերին առնուազն մի մասին:
Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընդարձակ լսարանը Հայաստանի դէմ քարոզչութիւնն առաւել սրելու, Հայաստանի դէմ նոր պահանջներ ներկայացնելու եւ ագրեսորի պիտակ հագցնելու ուղղութեամբ:
Աւելին, նոյն COP-29-ի օրերին, Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դէմ, իսկ գերիների թեման այդպէս էլ մնաց առկախուած:
Այս համաժողովը ոչ միայն օգտագործուեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաեւ ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:
ԱՄՆ նախագահը նոյնիսկ շնորհակալութիւն յայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ Նախարարն ադրբեջանական իշխանութիւնների «երեսը լուանալով» հանդիպեց, այսպէս կոչուած, ադրբեջանական քաղհասարակութեան ներկայացուցիչների հետ:
Ու սա այն դէպքում, որ Ադրբեջանին գովերգող եւրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացութեան տուեցին Բաքուի բանտերում գտնուող հայ գերիներին:
Յիշեցնեմ, որ օրեր առաջ, ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան յայտարարութեան շրջանառման՝ կոչ անելով Բաքուին, հետեւել միջազգային կոնուենցիաների պահանջներին եւ ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպէս նաեւ՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացնել այս հարցի հետ կապուած մի շարք առաջնահերթութիւնների:
Սակայն խորհրդարանի՝ իշխանութիւնը ներկայացնող հատուածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնութիւնը, այլ դրանով, ըստ էութեան, նաեւ աջակցեց ադրբեջանական իշխանութիւններին, թեման այլ հարթակներում արգելափակելու համար»: