Հայաստանը ենթադրում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուի եւ Մոսկուայի միջեւ կայ գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է. Թոմաս դէ Վաալ

Հայաստանը ենթադրում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուի եւ Մոսկուայի միջեւ կայ գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է. Թոմաս դէ Վաալ

Հարաւային Կովկասում 2024-ը կը լինի կրիտիկական տարի: Այս մասին «Քարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակուած յօդուածում գրել է Հարաւային Կովկասի խնդիրներով զբաղուող բրիտանացի փորձագէտ Թոմաս դէ Վաալը։

Նրա խօսքով՝ կրկին առաջ է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի հարցը, արդեօք պատերազմի՞, թե՞ խաղաղութեան տարի է լինելու:

«Շարունակւում են բանակցութիւնները երկկողմ խաղաղութեան համաձայնագրի շուրջ, որը կը կարգաւորի երկու երկրի յարաբերութիւնները երեսուն տարուայ հակամարտութիւնից յետոյ, սակայն դեռեւս առկայ է բռնութեան սպառնալիք Հայաստանի հարաւում՝ Սիւնիք կոչուող տարածաշրջանում, որը պատմականօրէն յայտնի է որպէս Զանգեզուր», — գրում է դէ Վաալը՝ անդրադառնալով փետրուարի 13-ին Ներքին Հանդ գիւղի մօտ Ադրբեջանի կրակից չորս հայ զինծառայողի զոհուելու դէպքին:

«Դա Ադրբեջանին մօտ գտնուող տարածք է, որտեղ ԵՄ սահմանային առաքելութեան՝ EUMA-ի դիտորդներին նախկինում թոյլ չէին տուել մուտք գործել ռուս սահմանապահները», — նշել է փորձագէտը:

Նրա կարծիքով՝ անցած տարուայ սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագացրել է յարաբերութիւնների սառեցումն Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ, որը մինչեւ վերջին պահը փորձում էր միջնորդել հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը։ Այս ֆոնին, ըստ դէ Վաալի, Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները գտնւում են տպաւորիչ անկման գործընթացում, իսկ ԵՄ-ն ակտիւացնում է ներգրաւուածութիւնը Հայաստանի հետ:

Դէ Վաալը յիշեցնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր է մնում 43 կիլօմետրանոց փակ միջանցքի կամ տարանցիկ երթուղու վերաբացումը հայկական տարածքով, որը Ադրբեջանի հիմնական մասը կը կապի Թուրքիային սահմանակից Նախիջեւանին:

«Ադրբեջանը շահագրգռուած է, որ իր տարածքի երկու հատուածները վերամիաւորուեն ուղիներով, որոնք հնարաւորինս քիչ կը գտնուեն հայկական վերահսկողութեան ներքոյ։ Հայաստանը չի ցանկանում զիջել ինքնիշխանութիւնը կամ անվտանգութիւնն իր ռազմավարական նշանակութիւն ունեցող հարաւային սահմանային գոտում», — գրում է դէ Վաալը՝ յիշեցնելով, որ անվտանգութեան հարցում Ադրբեջանը պնդում է, որ Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային ծառայութեան (ԱԴԾ) սահմանապահները պէտք է հսկէն երկաթուղային եւ ճանապարհային կապը:

Նրանք վկայակոչում են 2020 թուականի նոյեմբերի եռակողմ հրադադարի մասին ռուս-հայ-ադրբեջանական յայտարարութիւնը, որտեղ նշւում է այդ կէտը:

«Յունուարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լաւրովը կրկին պնդեց, որ պայմանաւորուածութեան այս կէտը պէտք է կատարուի։ Իր հերթին հայկական կողմն աշխատում է ազատուել ռուսական ազդեցութիւնից, այդ թւում՝ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ այնտեղ տեղակայուած սահմանապահներից: Դա կը լինի մեծ ռազմավարական հարուած, եթէ ռուսները մնան՝ Ադրբեջանի թելադրանքով։ Հայաստանում ենթադրութիւնն այն է, որ այստեղ Բաքուի եւ Մոսկուայի միջեւ կայ գործարք, ինչին Անկարան հանգիստ համաձայնել է։ Սա հաստատող առնուազն անուղղակի ապացոյցներ կան: Ռուսների համար տարանցիկ ճանապարհի վերահսկումը մեծ յաջողութիւն կը լինէր։ Տասնամեակների ընթացքում առաջին անգամ նրանց պաշտօնապէս կը յանձնուի Ռուսաստանը եւ Իրանը կապող երկաթուղու մի հատուածի վերահսկողութիւնը եւ երթուղիները դէպի Պարսից ծոց: Սա Ռուսաստանի համար կը լինի հիմնական հիւսիս-հարաւ երկաթուղային երթուղին՝ վերականգնելու իր կապերը Մերձաւոր Արեւելքի հետ…

Մտահոգիչ սցենարն այն է, որ խաղաղութեան պայմանագիր չի կնքուի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի ստացել այն, ինչ ուզում է հարաւային Հայաստանում։ Այլ կերպ ասած, 2024 թուականին Հայաստանը, ամենան հաւանականութեամբ, տարբեր մեթոդների կիրառմամբ կը յայտնուի մեծ ճնշման տակ թէ՛ Բաքուի եւ թէ՛ Մոսկուայի կողմից, որպէսզի միանայ Զանգեզուրի միջանցքի ծրագրին, որը յարմար չէ ո՛չ Երեւանին, ո՛չ էլ արեւմտեան ուժերին: Այդ պատճառով է նաեւ, որ լոկալ բռնութեան դէպքերին, ինչպիսին Ներքին Հանդի մօտ տեղի ունեցածն է, պէտք է ուշադիր հետեւել: Նման փոքր բախումներից կարող են բխել նոր հակամարտութիւն եւ ճակատագրական հետեւանքներ ողջ տարածաշրջանի համար», — նշել է փորձագէտը:

Share