ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանի ելոյթը կառավարութեան ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ.
Իմ գնահատումը հիմնուած է հետեւեալ երկու հաստատումների վրայ:
Հաստատում առաջին.
ԱԺ կողմից 21-26 թուականների համար հաստատուած կառավարութեան ծրագրի եւ մինչ օրս դրա կատարողականի համեմատութիւնը պարզօրոշ ի ցոյց է դարձնում ոչ միայն այս երկուսի անհամապատասխանութիւնը, այլեւ դրանց ակնյայտ հակառակութիւնը:
Այսինքն ՀՀ կառավարութիւնը կատարել է ՀՀ ԱԺ կողմից հաստատուած ծրագրի հակառակը:
Խորհրադարանական երկրում սա ոչ միայն կառավարութեան գործունէութեան հետ կապուած ոչ լեգիտիմութեան խնդիր է առաջացնում այլ յարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազօրութիւնների վերազանցման մեղադրանք:
Հաստատում երկրորդ.
Այն ինչ կառավարութիւնը այսօր փաստացի է իրականացնում ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտաւորութեան, ըստ էութեան ուղղուած է ազգային շահերի խեղաթիւրմամբ կամ լիովին անտեսմամբ կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդիւնքը խաղաղութեան պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է:
Այսինքն, պատկերաւոր ասած Հայաստանը «աշխարհաքաղաքական գծի» վրայից դրուելու է «աշխարհաքաղաքական պարկի» մէջ, երբ նրա գոյութիւնն այլեւս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակութիւն չի ունենայ:
Թուրք-ադրբեջանական տանդէմի շարունակական պահանջները հէնց սրան են ուղղուած՝ մեր ֆիզիկական գոյութիւնը թոյլ տալու դիմաց:
Այս երկու հաստատումների համար բաւարար ապացոյցները բազմաթիւ են:
Առայժմ բերեմ, դրանցից միայն մի քանիսը.
Ծրագրի եւ կատարողականի հակասութիւնների մասով՝
Ըստ ծրագրի
ՀՀ անվտանգութեան ապահովման գործոնների թւում են՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 102-րդ ռազմաբազայի շարունակական յագեցումը, Ռուսաստանի անվտանգութեան դաշնային ծառայութեան սահմանապահ զօրքերի ներգրաւուածութեան ընդլայնումը ՀՀ պետական սահմանի պահպանութեանը, ՀԱՊԿ-ը, որը դիտարկելով որպէս Հայաստանի անվտանգային համակարգի կարեւորագոյն օղակ՝ կառավարութիւնը շարունակելու է ակտիւօրէն ներգրաւուած լինել կառոյցի աշխատանքներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի յստակեցումը՝ յայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թւում՝ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ, ՀՀ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ, Հաեօց ցեղասպանութեան միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգութեան երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարութեան առաջնահերթութիւնների շարքում եւ այլն եւ այլն:
Հասել ենք 24 թիւ եւ կառավարութեան կատարածը, տեսնողը կը տեսնի, որ այս ամէն ինչի ճիշտ հակառակն է եղել: Կատարուածը ոչ մի առնչութիւն չի կարող ունենալ ինստիտուցիոնալ ժողովրդաւարութեան եւ իրաւական պետութեան հետ: Կառավարութիւնը կամ կատարում է խորհրդարանի հաստատած ծրագիրը կամ դադարեցնում է իր լիազօրութիւնները: Եթէ գործող ծրագրի իրականացման համար ստեղծւում են անյաղթահարելի պայմաններ, ապա խորհրադարան է գալիս նոր կառավարութիւն, եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը:
Երկրորդ հաստատումը, փաստացի կատարուող ծրագրի, մեր շահերից հրաժարուելու եւ դրա վտանգաւորութեան մասով.
Վերոնշեալ ծրագրային դրոյթներին հակասող գործողութիւններն արդէն իսկ ամենապերճախօս վկայութիւնն են, որ մենք մեր շահերով չէ, որ առաջնորդւում ենք: Այս ծրագրի մէջ շատ ու շատ հարցերով խօսք անգամ չկայ այն մասին ինչ այսօր անում է կառավարութիւնը:
Մասնաւորապէս.
Ինչպէս նշուած է կատարողականի մէջ՝ «ՀՀ նուազագոյնի է հասցրել, գործնականում սառեցրել է իր ակտիւութիւնը ՀԱՊԿ-ում»: Ծրագիրը ճիշտ հակառակն է պահանջում:
Յաջորդը՝ հնարաւոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդեց հայ-ռուսական ռազմավարական դաշինքը: Մեր ռազմավարական գործընկերը այդ կարծիքին չէ:
Իսկ ինչ որ տեղի ունեցաւ Արցախի մասով՝ ոչ միայն ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում հնարաւոր չէր պատկերացնել:
Ի՞նչ է ծրագրով նախատեսուած էր, որ Արցախի ժողովրդին պէտք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դէմ եւ հայրենազրկե՞լ ու դեռ մի բան էլ արդարացնե՞լ Ադրբեջանի կողմից կատարուած որոշ գործողութիւններ, թէ ճիշտ հակառակը՝ բոլոր միջոցներով երաշխաւորել արցախահայութեան անվտանգութիւնը:
Հիմա, այսպէս կոչուած խաղաղութեան հասնելու ձեր նախանշած բաղձալի ապագայի մասին.
Կառավարութիւնը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղութեան հասնել հնարաւոր է միայն նրա օրեցոր աճող պահանջները բաւարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնաւորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը:
Իսկ Ադրբեջանը ոչ աւել, ոչ պակաս պահանջում է՝ ինչը կ’ասենք մերն է պէտք է տաք մէզ, իսկ ինչը կը համարէնք մէզ համար վտանգաւոր, պէտք է վերացնենք:
Եւ այս կառավարութիւնը հլու-հնազանդ սա գործադրում է:
Մասնաւորապէս.
-Ադրբեջանից պնդեցին՝ մերն է Արցախը, այս կառավարութիւնը յայտարարեց, որ աեօ՜, Արցախը Ադրբեջան է եւ Հայաստանը կապ չունի դրա հետ եւ Արցախը հայաթափուեց:
– Ադրբեջանը յայտարարեց՝ թէ GPS -ով իրենցն են Կապան-Ճակատէն ճանապարհի եւ Սիւնիքի տարածքի իրենց նշած հատուածները, այստեղից ասացին՝ աեօ, համեցեք:
-Հիմա Տաւուշից են տարածքներ պահանջում եւ կառավարութիւնը լծուել է դա հինաւորելու եւ դրանք տալու գործին, բացատրելով, որ դէ ճիշտ են ասում, իրենցն է:
-Ադրբեջանից ասում են, որ սահմանի իւրաքանչիւր հատուած իր ուրոյն քարտէզով է պէտք սահմանազատել, այստեղից հաստատում են, թէ ամբողջ սահմանը որոշող որեւէ քարտէզ չկայ: Դէ որովհետեւ հատուածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնտու, ուրեմն պէտք է մի կերպ հիմնաւորել:
-Ադրբեջանի համար անընդունելի եւ վտանգաւոր են մեր Սահմանադրութիւնը, օրէնքները եւ միջազգային դատարաններում ներկայացուած յայտերը: Այս կառավարութիւնը, ահաւասիկ, սկսել է դրանցից հրաժարուելու եւ վերանայելու գործընթացը:
Իհարկէ, այս շարունակական զիջումների վերջին արարը կը լինի, երբ այս իշխանութիւնները բոլոր զիջումներից յետոյ արդէն պատրաստի միջավայր կձեւաւօրէն իրականացնելու Ադրբեջանի գլխաւոր պահանջը՝ վերածել Հայաստանը փաստացի Արեւմտեան Ադրբեջանի:
Արցախը ադրբեջանական ճանաչելու կառավարութեան քայլն ինքնին արդէն ոչ միայն աղաղակող անարդարութիւն է, այլ իսկական ազգակործան աւեր է գործել ու ցաւօք դեռ շարունակում է գործել:
Խորքի մէջ այս իշխանութիւնների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի որպէս ինքնիշխան պետութեան տարածքային ամբողջականութիւնը, այլ ճանաչուի հէնց իրենց իշխանութեան տարածքը. մի տարածք, որի վրայ կարողանան պահպանել իրենց իշխանութիւնը: Իսկ իրենցից յետոյ՝ «Մեզնից յետոյ, թեկուզ ջրհեղեղ» յայտնի տրամաբանութեան շրջանակներում:
Եւ ուրեմն, այս միակողմանի կենսական զիջումները ոչ թէ սոսկ տարածքների յանձնման, այլ իրականում հայկական պետականութեան սողացող յանձնման մասին է:
Եւ զաւեշտալին այն է, որ այսքանից յետոյ փորձ է արւում Ադրբեջանի գործակալը լինելու մէջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր փաստարկուած ահազանգում են այս իշխանութիւնների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:
Ըստ այդմ, այս կառավարութեան քաղաքական հաւատամքը դարձել է պարտուողականութիւնն ու զիջողականութիւնը: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը վախեցնելով պատերազմով մէզնից նորանոր զիջումներ է կորզում, իսկ այս կառավարութիւնը իր հերթին, մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտութեամբ ստիպում է ապաւինել Ադրբեջանի խոստացած խաղաղութեանը:
Ակնյայտ է, որ այդպիսի խաղաղութեան երաշխաւորը կարող է միայն հէնց թուրք-ադրբեջանական տանդէմը լինել:
Եւ պէտք չէ տպաւորութիւն ստեղծել, թէ այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը միաւորուած արեւմուտքն է լինելու: Արեւմուտքը մէկ անգամ չէ որ կարեւորել է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխաւոր դերակատարութիւնն ու առաջնորդութիւնը այս տարածաշրջանում:
Հետեւաբար, Ռուսաստանից դժգոհելով, նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թուացեալ արեւմտեանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու: Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխութեան վերջնարդիւնքում պարզապէս Ռուսաստանի փոխարէն գալու է Թուրքիան:
Եւ ուրեմն, հարցերի հարցը հետեւեալն է՝ կառավարութիւնը իր ծրագրով չնախատեսուած, փաստացի ապօրինի եւ ինքնագլուխ, ժողովրդի թիկունքում այս ի՞նչ իբրեւ թէ անվտանգային համակարգ է ձեւաւորում: