Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տաւուշի, Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղութեամբ, Իշխանասարի ուղղութեամբ տեղաշարժ իրականացրել:
Ապրիլի 5-ի լոյս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղութիւններում տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից փոփոխական ինտենսիւութեամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղութեամբ. տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Մասնաւորապէս, կրակ է բացուել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատուածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատուածում՝ Արաւուսի (Սիւնիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տաւուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տաւուշի մարզ) հատուածում տեղակայուած ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղութեամբ:
Յատկանշական է, որ գիշերուայ ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային եւ անկանոն:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղութեամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատուածում դիտարկել են նաեւ ադրբեջանական զինուժի աւտօտեխնիկայի ակտիւ տեղաշարժ։
Ակնյայտ է, որ ադրբեջանական կողմի նշուած գործողութիւնները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողութիւնների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատուութիւնը «հիմնաւորող» փաստէր ստանալու համար:
Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրութիւնը, յետագայ սրմանը նպաստող գործողութիւններ չէն արել, ինչից յետոյ իրադրութիւնը սահմանագծում հանդարտուել է:
Պաշտպանութեան նախարարութիւնը նաեւ յայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկութիւններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրեւ կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբիւրների մշտադիտարկում եւ վերլուծութիւն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատուադաշտ նետուած ապատեղեկատուութեան տարածման դէպքեր, ուստի մեր հայրենակիցներին յորդորում ենք լինել զգօն, հետեւել պաշտօնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի եւ շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերեալ պաշտպանութեան նախարարութիւնը հանրութեանը պատշաճ իրազեկում է եւ շարունակելու է իրազեկել: