Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր — Յուլիս, 2022

Հայ Դատի Յանձնախմբերի եւ գրասենեակների աշխատանքների ամփոփագիր — Յուլիս, 2022

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենեակ

Յուլիսի 7-8-ը ՄԱԿ-ի Ժնեւի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտէրնացիոնալի (Ընկերուար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարիւր երկրներից քաղաքական կուսակցութիւններ համախմբող մոլորակի խոշորագոյն այս կազմակերպութեանը ՀՅ Դաշնակցութիւնն անդամակցում է դեռեւս 1907 թուականից, ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ Մարիոյ Նալբանդեանը Սոցիալիստական Ինտէրնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպէս Խորհրդի, այնպէս էլ նախագահութեան եւ ֆինանսական ու կազմակերպական հարցերի յանձնաժողովի նիստէրին։ Մարիո Նալբանդեանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի Հանրապետութեան շուրջ ստեղծուած անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի յանցագործութիւններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրութիւն» շարժման հիմնական նպատակներն ու ծրագրերը։

Սոցիալիստական Ինտէրնացիոնալի խորհուրդն ընդունել է յայտարարութիւն եւ առանձին տարածաշրջանների մասին բանաձեւեր, որոնցից մէկում էական անդրադարձ է կատարել Հարաւային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով. «Հարաւային Կովկասի վերաբերեալ, Սոցիալիստական Ինտէրնացիոնալի խորհուրդն արտայայտում է իր խոր մտահոգութիւնը 2020 թ. յետոյ ընկած ժամանակահատուածի զարգացումների վերաբերեալ, ներառեալ Հայաստանի Հանրապետութեան սահմաններ ներխուժումների եւ փոխրաձգութիւնների, ինչպէս նաեւ հայ ռազմագերիներին եւ ձերբակալուած քաղաքացիական անձանց շարունակուող պահման առթիւ»։ Աւելին, խորհուրդը Հայաստանի իշխանութիւններին յորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են յատկապէս 2020 թ. պատերազմի պարտութիւնից յետոյ՝ հետապնդելով «Դիմադրութիւն» շարժման եւ ընդհանրապէս ընդդիմադիր ակտիւիստներին, ճնշում գործադրելով իրաւական համակարգի վրայ՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցութիւնը դատարանների վրայ եւ սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշուետուողականութիւնը»։

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

Անցեալ ամսուայ ընթացքում Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը ծաւալուն աշխատանքներ է իրականացրել Ադրբեջանին տրամադրուող ամերիկեան ռազմական օժանդակութիւնը կասեցնելու, հայ ռազմագերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու, Թուրքիային ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը կանխելու եւ այլ ուղղութիւններով։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի եւ յունական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ համախոհ այլ համայնքային կազմակերպութիւնների ջանքերի արդիւնքում՝ ԱՄՆ Կոնգրեսի 35 անդամներ յուլիսի 8-ին հանդէս են եկել նախագահ Բայդենին ուղղուած նամակով՝ կոչ անելով հրաժարուել Թուրքիային F16 ռազմական ինքնաթիռներ վաճառելու մտքից։ Հայկական եւ յունական կազմակերպութիւններին ներկայումս յաջողուել է Թուրքիային ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների վաճառքի հարցը Կոնգրեսում կասեցուած պահել։

Յուլիսին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քննարկւում էր 2023 թ. «ԱՄՆ ազգային պաշտպանութեան արտօնութիւնների ակտը», ինչն օրէնքի ուժ ունեցող փաստաթուղթ է եւ պայմանաւորում է ԱՄՆ արտաքին քաղաքականութեան, յատկապէս արտաքին ռազմաքաղաքական կարեւոր ուղենիշներ։

Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ջանքերով եւ Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով յանձնախմբի անդամների միջոցով ներկայացուած չորս առաջարկները, որոնք կարեւոր նշանակութիւն ունեն Հայաստանի համար, յուլիսի կէսերին ամբողջովին ընդունուել են Կոնգրեսի կողմից։

Ընդունուած օրէնսդրական լրացումներից մէկով՝ Ներկայացուցիչների պալատը Բաքուից պահանջում է անյապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։ Միւս լրացմամբ օրէնսդիրը ամերիկեան գործադիր իշխանութեան համապատասխան կառոյցներից պահանջում է զեկոյց տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ամերիկեան ռազմական տեխնոլոգիաների, սպիտակ ֆոսֆորի եւ կասետային ռումբերի օգտագործման, ինչպէս նաեւ Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների ներգրաւման վերաբերեալ։

Մեկ այլ լրացում վերաբերում է Թուրքիային ամերիկեան F-16 ռազմական ինքնաթիռների վաճառքի սահմանափակումները խստացնելուն։
Ընդունուած լրացումների մէջ թերեւս ամենակարեւորը Ջեքի Սփայերի կողմից ներկայացուածն էր, որն ուղղուած էր ԱՄՆ Պետքարտուղարութեանն ու Պաշտպանութեան քարտուղարութեանը` վերջիններից պահանջելով.

1. փաստաթղթաւորել Պետդէպարտամենտի կողմից Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ յօդուածի կատարումից հրաժարման պատճառները,
2. զեկուցել այն մասին, թէ արդյօք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կառավարութեանն ուղղուած անվտանգային աջակցութիւնը չի խաթարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգաւորմանն ուղղուած ջանքերը,
3. գնահատական տալ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից յարձակողական ուժի կիրառմանը կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնայարմանը՝ սկսած 2020 թուականի նոյեմբերի 11-ից։

Կանադայ

Հայաստանում Կանադայի դեսպանութեան բացման կապակցութեամբ յուլիսի 15-ին կրկին յայտարարութեամբ է հանդէս եկել Հայ դատի Կանադայի յանձնախումբը։ Վերջինս հերթական անգամ հաստատել է, որ Հայաստանում Կանադայի դեսպանութեան հիմնումը Հայ դատի յանձնախմբի վերջին երեսուն տարիների հիմնական քաղաքական առաջնահերթութիւններից մէկն էր։ Բացի կանադահայութեան կամքի արտայայտումից, դեսպանութեան հաստատման պահանջը ուղղուած էր նաեւ ՀՀ պետական շահի պաշտպանութեանն ու պետութեան միջազգային հեղինակութեան բարձրացմանը՝ անկախ ՀՀ իշխանութիւնների հանդէպ յանձնախմբի դիրքորոշումից։

Հայ դատի յանձնախմբի համար բացարձակապէս անընդունելի է Հայաստանում կանադական դեսպանատան հիմնումը դիտարկել ներկայ աշխարհաքաղաքական գործընթացների եւ Ռուսաստան-Արեւմուտք լարուող յարաբերութիւնների շրջանակում։

Եւրոպայ

Յուլիսի առաջին տասնօրեակից աշխատանքային այցով Եւրոպայում գտնուող՝ Սոցիալիստական Ինտէրնացիոնալի դաշնակցական փոխնախագահ Մարիոյ Նալբանդեանը, Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը եւ գրասենեակի գործադիր տնօրէն Հեղինէ Էվինեանը կարեւոր հանդիպումներ են ունեցել Եւրոպական սոցիալիստական շրջանակների հետ։

Յուլիսի 11-ին հանդիպում է տեղի ունեցել Բելգիայի սոցիալիստական կուսակցութեան նախագահ Փոլ Մագնետէի հետ։ Քննարկուել են Ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եւրոպական Միութեան ընթացիկ դերակատարութեանը եւ Արցախում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականութեանը վերաբերող հարցեր։ Քննարկուել են նաեւ Բելգիայի սոցիալիստական կուսակցութեան հետ հնարաւոր համագործակցութեանը վերաբերող հարցեր։
Կարեւոր հանդիպում է տեղի ունեցել նաեւ Եւրոպական Խորհրդարանի սոցիալ-դէմոկրատական քաղաքական խմբի իսպանական պատուիրակութեան ղեկավար Խաւիեր Մորենոյ Սանչեսի հետ։ Այս անգամ նոյնպէս հիմնականում քննարկուել է Ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացում Եւրոպական Միութեան դերակատարմանն առնչուող հարցեր։

Մեծ Բրիտանիայ

Հայ դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆեանը յուլիսի 14-ին նամակ է յղել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Էլիզաբեթ Թրասին՝ խիստ դժգոհութիւն յայտնելով անգլիական «Անգլոյ-ասիական» հանքարդիւնաբերական ընկերութեան կողմից Արցախի բռնազաւթուած տարածքներում գործունէութեան վերաբերեալ: Նամակում անընդունելի է համարուել, որ բրիտանական կառավարութիւնը կարող է աչք փակել վերջերս էթնիկ զտման ենթարկուած եւ քաղաքականապէս անկայուն տարածաշրջանի շահագործման վրայ։

Աւստրալիայ

Յուլիսի սկզբին Արցախ էր այցելել Հայ դատի Աւստրալիայի յանձնախմբի պատուիրակութիւնը։ Վերջինս հանդիպումներ է ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայանի, մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանի եւ Քերոլայն Քօքսի անուան՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի ղեկավար Վարդան Թադեւոսեանի հետ։ Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկուել են Արցախի առջեւ ծառացած ոլորտային մարտահրաւէրներն ու դրանց դիմագրաւելու ուղղութեամբ սփիւռքեան օժանդակութեանը վերաբերող հարցեր։

Լիբանան

Հայ դատի Լիբանանի յանձնախումբը Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման 48-րդ տարելիցի, թուրքական ուժերի կողմից Իրաքի տարածքի վերջին ռմբակոծումների եւ Բելգիայի ազգային տօնի առիթներով համապատասխան նամակներ է հացեագրել Բեյրութիւն հաւատարմագրուած Կիպրոսի, Իրաքի եւ Բելգիայի դեսպանատներին։

Հայ դատի Լիբանանի մարմինը յուլիսի 27-ին այցելել է Մերձաւոր Արեեւելքի Հայ աւետարանական եկեղեցիների միութեան նախագահի տեղապահ, Հայկազեան համալսարանի նախագահ Փոլ Յայտոսթեանին: Հայ դատի մարմինը Յայտոսթեանին շնորհաւորել է Հայ աւետարանական եկեղեցու հիմնադրութեան 175-ամեակի, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի Հայ աւետարանական եկեղեցիների միութեան նախագահի տեղապահ ընտրուելու առթիւ:

Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին օբյեկտիւ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրէտ բանաձեւերի ընդունման։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
02.08.2022 թ.

Share