News.am
Արցախի արեւելեան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով այսօր զոհուած 32-ամեայ Արարատ Թեւոսեանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գիւղից էր։
«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրեայ պատերազմի ժամանակ վերադարձաւ, կամաւորագրուեց եւ մասնակցեց պատերազմին, յետոյ էլ որոշեց, որ պէտք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցաւ որպէս պայմանագրային զինծառայող։ Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնայ, մեր հայրենիքը կը մնա առանց զինուորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիւանդանոցում էր յայտնուել, պէտք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պէտք է գնամ»,- NEWS.am-ի հետ զրոյցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարէնը։
Արարատ Թեւոսեանի ընտանիքը 44-օրեայ պատերազմից յետոյ տեղափոխուել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսէր զաւակն էր, քոյր ու եղբայր ունի։ 32-ամեայ Արարատ Թեւոսեանն ամուսնացած չէր։
Յիշեցնենք, որ այսօր Արցախի արեւելեան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնաւորապէս` Bayraktar TB-2 տեսակի հարուածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրաւորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դաւիթ Ռոբերտի Միրզոյեանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանեանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսեանը (ծնվ. 1990թ.)։
Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն աւելի վաղ տեղեկացրել էր, որ Ասկերանում կայ 14 վիրաւոր, գրեթէ բոլորը վիրաւորուել են ԱԹՍ-ի հարուածներից։
Յիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտօրէն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետութիւնում Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի պատասխանատուութեան գօտի, վերահսկողութեան տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գիւղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետութեան արեւելեան սահմանագոտում:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրայ՝ կիրառելով ինչպէս տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպէս էլ հարուածային ԱԹՍ:
Արցախի տեղեկատուական շտաբն աւելի վաղ յայտնել էր, որ «Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմին յաջողուել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատուածում ադրբեջանական զինուած ուժերի առաջխաղացումը եւ նրանց կողմից տարբեր տրամաչափի զէնքերից իրականացուող կրակոցները:
Ըստ շտաբի՝ ռուսական խաղաղապահ զօրակազմին չի յաջողուել լուծել իր առաքելութեան շրջանակում գտնուող հիմնական խնդիրը, քանի որ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գիւղ ու հարակից տարածքներ ներխուժած ադրբեջանական զօրքերը շարունակում են մնալ տեղէրում: