Հոգեհանգիստ
Հանգուցեալ Մովսէս Աւետեանի մահուան քառասունքին առիթով, հոգեհանգստեան պաշտօն պիտի կատարուի Շաբաթ, 19 Մարտ 2022ին, կէսօրուան ժամը 12ին, Քլովիսի մէջ, 963 North Adler Ave. Clovis, CA 93611, Հեռ. (559) 321-8286։
Սգակիրներ՝
Այրին՝ Ալվարդ (Պետրոսեան) Աւետեան
Զաւակները՝ Հարփիկ եւ Արշօ Աւետեան եւ զաւակները՝ Շանթ, Դրօ եւ Նարէ
Հրաչ եւ Փին Աւետեան
Սօսէ եւ Մարք ԴԷյզ եւ զաւակները՝ Շէյն եւ Սէթ
Եւ համայն հարազատներն ու բարեկամները
ՄԱՀԱԽՕՍԱԿԱՆ
Մովսէս Աւետեանի Մահուան Քառասնօրեակի Առիթով
Վ. Պ.
Քառասուն օր առաջ կեանքից առյաւէտ հեռացաւ իրանահայ անուանի ճարտարագէտ, ազգային գործիչ Մովսէս Աւետեանը:
Մովսէս Աւետեանը ծնուել է 1937ի Յուլիսի 25ին, Իրանի կենտրոնական շրջանի Լիլահան գիւղում: Տարրական կրթութիւնն ստացել է Արաք քաղաքում, միջնակարգը՝ Թեհրանի Դաւթեան դպրոցում:
1962ին ամուսնացել է Ալվարդ Պետրոսեանի հետ, ում հետ կազմել են մեծ ընտանիք: Այսօր Հարփիկն ու Արշօն, Հրաչն ու Փինը, Սօսէն ու Մարքը, ինչպէս նաեւ թոռները՝ Դրօն, Շանթը, Նարէն, Շէյնը եւ Սէթը Մովսէս Աւետեանի բազմանդամ ընտանիքի անդամներն են:
1966 թուականին Ալվարդի ու դեռեւս միակ զաւակի՝ Հարփիկի հետ Մովսէսը մեկնում է Միացեալ Նահանգներ, որտեղ իրեն ներյատուկ տոկուն եւ հետեւողական բնաւորութեան շնորհիւ, առանց նիւթական օժանդակութեան աւարտում է Հովարդ համալսարանը, ճարտարագիտութեան մասնագիտութեամբ:
Ուսման եւ փորձառական շրջանի աւարտից յետոյ՝ 1972ին վերադառնում է Թեհրան, ուր մի խումբ ճարտարագէտների հետ հիմնում է մասնաւոր ընկերութիւն ու կարճ ժամանակում կարողանում է կայանալ ու ճանաչուել ճարտարագիտութեան ոլորտում:
Դեռ 13 տարեկան պատանի Մովսէսը Արաքում մասնակցում է հայկական պատանեկան խմբերի կազմութեանը, որոնցով երիտասարդները ծանօթանում էին հայ ժողովրդի ու հայ ազատագրական պայքարի պատմութեան յատկանշական դրուագներին ու հայկական տօներին ու սովորոյթներին:
18 տարեկան հասակում Մովսէս Աւետեանը անդամագրւում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը ու մնում դրա հաւատարիմ նուիրեալն ու հետեւորդը:
Դեռ Թեհրանում, ինչպէս իրանահայ համայնքի գործունեայ անդամներից շատերը, Մովսէսը համայնքային կեանքին մասնակցել է եւ որպէս մասնագէտ ճարտարագէտ, եւ որպէս համայնքային գործիչ՝ «Արաքս» դպրոցի ծնողական խորհրդից մինչեւ Թեհրանի Թեմական խորհրդի Շինարարական մարմին:
Յատկանշական են սակայն Մովսէսի կողմից իր մասնագիտական հնարաւորութիւնների ու փորձի ներդրումը համայնքային ու հայկական կեանքում. Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու վնասուած գմբէթի բարդ վերականգնման, Սուրբ Գէորգ եկեղեցու եւ Ա. Սողոմոնեան միջնակարգ դպրոցի, ՀՈՒՍԿ հաստատութեան գրասենեակի, «Ալիք» օրաթերթի ու հաստատութեան նորակառոյց շէնքի, Երեւանի ԹՈՒՄՕի ճարտարագիտական նախագծերը դրանցից մի քանիսն են:
Մովսէսը մասնակցում է նաեւ ազատագրուած Արցախի կայացման ու զարգացման գործին: Անսալով մի խումբ իրանահայ գործարարների կոչին՝ մասնակցում է Ստեփանակերտի խողովակաշինութեան արտադրամասի ստեղծմանը, գործընկերոջ հետ նախագծում են Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը:
2003 թուականին Մովսէս Աւետեանը տեղափոխւում է Միացեալ Նահանգներ եւ դարձեալ աշխատանքի անցնում մասնագիտութեամբ՝ TTG կազմակերպութիւնում, մինչեւ 2014ը հանգստի կոչուելը:
Եւ այսպէս, յարատեւութեան գնացքը շարունակում է իր անվերջանալի եւ անչափելի ուղին: Ընթացքում նոր նստող ուղեւորները թարմութիւն են տալիս գնացքին, բայց եւ այնպէս, կեանքի երկաթեայ օրէնքին համապատասխան, ուղեւորների մի մասը հասնում է իր կայարանին ու թողնում գնացքը: Այսպէս է եղել, եւ, այսպէս էլ կը շարունակուի:
Մովսէսն այդպէս էր նայում այդ ընթացքին, այդ կեանքին՝ խաղաղ ու հանգիստ: Ընտանեկան հաւաքոյթներում մշտական սեղանապետն էր: Ամենամաքուր, ամենասիրալիր, ամենագեղեցիկ հայերէնով էր մտքերն ասում: Իսկ վերջում բոլորիս խնդրանքով Աւայի հետ իրենց մշտական զուգերգն էին երգում՝
«Խինդն ու ցաւը հերթով կը գան ու կերթան,
Կեանքում երբեք եւ ոչ մէկը չեն իշխել…»։
Սիրելի Մովսէս, կեանքի պայքարում դու տոկունութեան ամենավառ խորհրդանիշը եղար:
Թող լոյս իջնի շիրիմիդ: