2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից իր ելոյթի ժամանակ Նիկոլ Փաշինեանի ինքնախոստովանական ցուցմունքները եւ Հայաստան-ադրբեջան, Հայաստան-թուրքիայ յարաբերութիւնների, Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան անվտանգային խնդիրների վերաբերեալ յայտնած դիրքորոշումները, փաստերի եւ իրողութիւնների նենգափոխումները վերջնականապէս բացայայտեցին վարչապետի պաշտօնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական եւ բարոյական սնանկութիւնը:
Այլեւս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինեանը կայացրել է Արցախը Ադրբեջանին յանձնելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բաւարարելու ազգակործան որոշում:
Սակայն ո՛չ Նիկոլ Փաշինեանը, ո՛չ էլ որեւէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որեւէ մանդատ Արցախի եւ արցախահայութեան փոխարէն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերեալ նման որոշում:
Ներկայացուող «խաղաղութեան օրակարգը իրականում միտուած է վարչախմբի իշխանութիւնը երկարաձգելուն եւ յանգեցնելու է Արցախի եւ Հայաստանի համար լրջագոյն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրաւէրների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլեացիայի: Արցախեան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իշխանութիւնների ապաշնորհ ու ձախող վարքագիծը եւ տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայութիւնն են:
Ստեղծուած ծանրագոյն իրավիճակում բէկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մէկտեղմամբ դիմադրութիւն ցոյց տրուի դաւադիր պայմանաւորուածութիւններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրուող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանութեան հեռացումը եւ բանակցողի փոփոխութիւնը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է:
Առ այդ,
1. Միջազգային հանրութեան, այդ թւում ԷԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրութեանն ենք յանձնում, որ Նիկոլ Փաշինեանիկողմից ուղղակի կամ անուղղակի, բանաւոր կամ գրաւոր ձեւով Արցախը Ադրբեջանի ենթակայութեանը յանձնելու որեւէ յանձնառութիւն լեգիտիմ չէ եւ առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշուելու իրաւունքն ամրագրուած է միջազգային իրաւական ակտերով, ինչը ԷԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թուականից, որպէս սկզբունք դրուած է արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման հիմքում:
2. Ուղերձ ենք յղում հայ ժողովրդին դիմագրաւելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չյուսահատուելու, չհամակերպուելու, լինելու միասնական, հաւատալու սեփական ուժերին ու պայքարելու` յանուն հայ ազգի իրաւունքների եւ շահերի: Տոկուն եւ անկոտրում արցախահայութեանը վստահեցնում ենք որ հայ ազգը զօրաւիգ է իր արդա՛ր պայքարին:
3. Հաւատարիմ իր առաքելութեանը` Դաշնակցութիւնը իր համահայկական կառոյցով վճռական է այս պայքարում լինելու եւ՛ առաջամարտիկ եւ՛ զինուոր: Միաժամանակ յայտնում ենք մեր պատրաստակամութիւնը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու յանուն արժանապատիւ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի:
ՀՅԴ Բիւրո
Ապրիլ 14, 2022թ.