«Վերելք» ծրագրի արդիւնաւետութիւնը գնահատւում է օրուայ հրամայականով․ Հրայր Պարսումեան

«Վերելք» ծրագրի արդիւնաւետութիւնը գնահատւում է օրուայ հրամայականով․ Հրայր Պարսումեան

Արցախի բռնի տեղահանումից յետոյ ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակը՝ հաւատարիմ Արցախի երիտասարդներին աջակցելու եւ նրանց կարիքները մեղմելու առաքելութեանը,  3-րդ անգամ  նախաձեռնեց «Վերելք» ծրագիրը։

Առաջին անգամ այն իրականացուել է Արցախում՝  44-օրեայ պատերազմից յետոյ,  2021 թ-ին, իսկ 2-րդ անգամ՝ Սիւնիքում, այս անգամ՝ Երեւանում։ Երեք ծրագրերի նպատակը  նոյնն է՝ դժուար կացութեան մէջ յայտնուած երիտասարդների կրթում, զարգացում, նրանց համար կայուն ապագայի ապահւում։

 «Վերելք»  Արցախ ծրագրի արդիւնքում  երիտասարդների կողմից Արցախում հիմնուել են վեց բիզնեսներ, իսկ «Վերելք» Սիւնիք ծրագրի արդիւնքում Սիւնիքում հիմուել են 3 բիզնեսներ։

«Վերելք»  3-րդ ծրագրի նախաձեռնութիւնը կրկին ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակինն է, հովանաւորումը ստանձնել է Հայ Օգնութեան Միութիւնը, իսկ ծրագրի կառավարումը վստահուել է «Օփթիմայզ Քոնսալթինգ» խորհրդատուական գրասենեակին, որի հիմնադիր եւ գործադիր տնօրէն Հրայր Պարսումեանի հետ էլ  զրուցել է «Ապառաժ»-ը։

-Պարոն Պարսումեան, արդէն իսկ յայտարարուել է «Վերելք» ծրագրի շարունակման մասին, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում այն իրագործելու արդիւնաւետութիւնը։

-Արցախի ժողովրդի բռնի տեղահանութիւնից յետոյ  Հայաստանում հաստատուած  արցախահայ երիտասարդութեանը պէտք էր  ձեռք մեկնել, ոտքի կանգնեցնել։  «Վերելք» ծրագրի արդիւնաւետութիւնը գնահատւում է օրուայ հրամայականով  եւ ըստ իրավիճակի եւ պայմանների նրա ադապտացման   գործընթացով։  

— ՀՅԴ Բիւրոյի ԵԳ-ի  կողմից արդէն 3-րդ անգամ նախաձեռնուող «Վերելք» ծրագրի բնոյթը փոխուել է եւ այս անգամ ծրագրի կառավարումը  ստանձնել է «Օփթիմայզ Քոնսալթինգ» ՍՊԸ խորհրդատուական ընկերութիւնը, որի գործադիր տնօրէնն եք Դուք։ Սակայն Ձեր առնչութիւնը ծրագրին եղել է նաեւ նախկինում։ Ո՞րն էր ծրագրի բնոյթի փոփոխման նպատակը եւ, որպէս ծրագրի համակարգող, ինչպիսի՞ համեմատականներ կարող եք անցկացնել  ներկայ եւ նախորդ ծրագրի միջեւ։

— «Վերելք»-ի առաջին ծրագիրը «Վերելք» Արցախն էր, 2-րդը՝ «Վերելք» Սիւնիքը եւ    «Վերելք» 3-րդ ծրագիրը, որ այժմ տեղի է ունենում Երեւանում՝ կրկին նախատեսուած է արցախահայ երիտասարդների համար։ Լինելով «Օփթիմայզ Քոնսալթինգ»  խորհրդատուական գրասենեակի հիմնադիր եւ գլխաւոր տնօրէն՝   մասնակցել եմ «Վերելք»-ի ծրագրերին եւ՛ Արցախում եւ՛ Սիւնիքում։  

2021-ին դա իմ առաջին վերադարձն էր Արցախ՝ 2020 թուականի պատերազմից յետոյ, որտեղ փորձել ենք անել առաւելագոյնը  երիտասարդութեան մօտ յոյսի եւ պայքարի մթնոլորտ ստեղծելու համար։ Այնտեղ հանդէս եմ եկել  որպէս դասախօս, սակայն   ներգրաւուած էի նաեւ ծրագրի մոնիթորինգում, նոյնը՝ Սիւնիքում։ Ինչպէս նշեցիք՝  ծրագրի բնոյթը հիմա փոխուել է։ Ինչո՞ւ է փոխուել, որովհետեւ, երբ  Արցախում սկսուեց ծրագիրը  նրա հիմնական ուղղութիւնն այն էր, որ հնարաւորութիւն ստեղծի երիտասարդների համար, որպէսզի նրանք գործնականում  հաստատուն քայլեր անէն, թեկուզ փոքր բիզնեսներ հիմնէն եւ կարողանան ստեղծագործել։ Նոյնը արւում էր նաեւ Սիւնիքում, որպէսզի այնտեղ էլ երիտասարդութիւնն իր պատասխանը կարողանայ տալ ցանկացած մարտահրաւէրի՝ կառչած լինելով հողին։ Այս օրերին մենք գիտենք, որ Արցախի երիտասարդութեան մեծ մասը Հայստանում է գտնւում։ Մեր նպատակը իրավիճակին նրանց յարմարեցնելն  է։ Այսօր արցախահայութեան հիմնական մարտահրաւէրը՝  իրենց ապրուստն ապահովելն  ու գոյատեւելն է։ Մենք գտանք, որ այս իրավիճակում ամենաճշգրիտ մօտեցումն այն կը լինի, որ խթանենք երիտասարդութեանը մնալ Հայաստանում, ստանալ յաւելեալ գիտելիքներ ու աշխատանքի  անցնել՝ որպէս հայաստանեան աշխատանքի շուկային համապատասխան որակներ ունեցող աշխատողներ, չարտագաղթել  ու  ապագայի հանդէպ յոյսը չկորցնել։ Մենք ընտրել ենք դասընթացնէրի այնպիսի նիւթեր, որոնք հնարաւորութիւն կը տան երիտասարդներին, ինչու չէ, նորից բիզնեսներ հիմնել, կայուն քայլեր ձեռնարկել։

Դասընթացները տարբեր են․  բիզնես էթիկայից եւ փափուկ հմտութիւններից սկսած մինչեւ մարքեթինգային, բիզնեսի հմտութիւններ, ֆոնդհայթայթման հմտութիւններ, որոնք անց են կացւում առաջատար մասնագէտների կողմից։

-Քանի՞ հոգի է դիմել եւ ինչպե՞ս է ընթանալու այն, ի՞նչ ակնկալէն մասնակիցները:

-Մենք ունեցել ենք 200-ից աւել դիմորդներ։ Այստեղ հարկ է նշել, որ ունեցել ենք  նաեւ մարզերից դիմորդներ, սակայն, քանի որ ծրագիրը մեկնարկել է Երեւանում՝   նրանք հնարաւորութիւն չունեցան մասնակցելու։

Յետագայում, ծրագրի յաջող ընթացքի դէպքում,  կդիտարկէնք նաեւ նոյն ծրագիրը մարզերում անցկացնելու հարցը։ Հարցազրոյցների փուլում շատ հետաքրքիր է եղել երիտասարդների արձագանքը։ Նրանք շատ էին սպասում ծրագրի մեկնարկին, քանի որ նրանց մի մասն ունի սեփական բիզնես հիմնելու տեսլականը, որի համար յենարան են դարձնում հէնց այս  ծրագիրը, քանի որ այն թոյլ է տալու նրանց  կայուն եւ ճիշտ ձեւով սկսել իրենց բիզնեսները։

Այժմ ունենք 110 հաստատուած մասնակիցներ, ովքեր ապրիլի 1-ից սկսել են յաճախել  դասընթացնէրին։

-Ծրագիրը մրցոյթային է։ Ի՞նչ ձեւաչափով է այն անցկացուելու, ովքե՞ր են լինելու յաղթողները եւ ո՞րն է լինելու նրանց մրցանակը։

— Դասընթացներն աւարտելուց յետոյ մասնակիցներին հնարաւորութիւն է տրուելու խմբային աշխատանքների միջոցով ներկայանալ ժիւրիի առջեւ եւ, կարելի է ասել, որ այս մրցոյթային ծրագիրը պիտի ընթանայ ընդհանուր  գումարային գնահատականի հիման վրայ՝ մասնակցութեան գնահատականից մինչեւ ընդհանուր ստացած գիտելիքների միաւորներ եւ ժիւրիի դիմաց ներկայացումներից ստացած միաւորներ։ Վերջում ունենալու ենք յաղթողներ, որոնց կապելու ենք գործատուների հետ, որպէսզի նրանք աշխատանքի անցնեն, իսկ ՀՕՄ-ը՝ որպէս ծրագրի հովանաւոր, մէկ տարուայ ժամանակահատուածով պէտք է հոգայ յաղթող մասնակիցների աշխատավարձերի մի մասը, որը  հնարաւորութիւն կը տայ աշխատողներին լաւ աշխատանքի անցնել, փորձառութիւն ձեռք բերել, ինչպէս նաեւ կօգնի գործատուներին  յաւելեալ աշխատող վերցնելու պարագայում կրճատել իրենց ծախսէրը։

-Արդեօ՞ք Արցախում անցկացուած ծրագրի մասնակիցները եւս կրկին մասնակցելու յայտ են ներկայացրել:

-Յետաքրքրական է, որ մասնակիցների մէջ ունենք «Վերելք» Արցախ ծրագրի շայառուներ, յաղթողներ, ովքեր նաեւ այս իրավիճակում վերադառնում են որպէս «Վերելք» 3-րդ տարբերակի  մասնակիցներ եւ իրենց զգում են «Վերելք» համայնքի անբաժան մաս։ Մենք բոլորս ծրագիրը մաքսիմալ պրոֆէսիոնալ կերպով կ’իրականացնենք թէ՛ «Օփթիմայզ Քոնսալթինգ»-ի պրոֆէսիոնալ եւ ակադեմիկ վերահսկողութեամբ, թէ՛  ֆինանսաւորման աղբիւրներով։

Մենք հաւատարիմ ենք մնալու այն կարգախօսին, որ մեր վերելքը շարունակւում է ու մեր վերելքը չի կասեցուելու։

«Ապառաժ»

Share