Սոցիալիստ երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth — IUSY/ԸԵՄՄ) նոր գլխաւոր քարտուղար է ընտրուել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինէ Աբրահամեանը, ով այս պաշտօնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցութեան անդամ Բրունո Գոնսալուեսին։ Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եւրոպական խորհրդարանի պատգամաւոր ընտրուելու հանգամանքով պայմանաւորուած։
Սարինէ Աբրահամեանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիւ անդամ, 2021 թ․ ընտրուել է կազմակերպութեան փոխնախագահ և Սև ծովեան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թուում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման և հատուցմանն ուղղուած աշխատանքներում, ինչի արդիւնքում 2015 թ․-ի Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունուեց բանաձև:
2017թ. ՀՅԴ Երիտասարդական գրասենեակի հետ միասին, Աբրահամեանի օժանդակութեամբ կազմակերպուեց յաջող ճանաչողական այց Արցախ՝ ներգրաւելով IUSY-ի և Երիտասարդ Եւրոպացի Սոցիալիստների (Young European Socialists — YES) ղեկավարութեանն ու անդամներին: IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի, ինչպէս նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը: Սարինէ Աբրահամեանի աշխատանքի արդիւնքում IUSY-ն հետևողականօրէն աջակցել է Արցախի ժողովրդի իրաւունքների իրացմանը, ներառեալ նրանց հաւաքական վերադարձի իրաւունքի, և դատապարտել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականութիւնը: Այս դիրքորոշումներն արտայայտուել են մի քանի բանաձեւերով ու պաշտօնական յայտարարութիւններով։
Բացի այդ, Աբրահամեանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրաւէրները Հայաստանում, ներառեալ ընդդիմադիր ուժերի ճնշումը և ոստիկանութեան անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարութեան կողմից: Նրա ակտիւութիւնը տարածուում է Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարները, սոցիալական արդարութիւնը և անդրադառնալով կլիմայի փոփոխութեանը ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ համաշխարհային մակարդակով: Նա իր աշխատանքով շարունակում է պաշտպանել IUSY-ի հիմնական արժէքներն ու սկզբունքները, ինչպիսիք են արդարութիւնը, հաւասարութիւնը, ազատութիւնը և միջազգային համերաշխութիւնը:
Սարինէ Աբրահամեանը եղել է նաև ՀՅԴ երիտասարդական գրասենեակի պատասխանատու և ներկայումս զբաղեցնում է ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի հանրային կապերի և հաղորդակցութեան պատասխանատուի պաշտօնը:
Անդրադառնալով այս ընտրությանը` Աբրահամեանը նշում է.
«Սա նշանակալից հնարաւորութիւն է ոչ միայն ՀՅԴ երիտասարդականի և ՀՅԴ-ի, այլ նաև Հայաստանի և հայութեան համար: IUSY-ն կարևոր հարթակ է հանդիսանում հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու համար, միևնոյն ժամանակ մենք խթանում ենք սոցիալ-դեմոկրատական և առաջադէմ արժէքները: Ես գիտակցում եմ պատասխանատուութիւնը, որը բխում է այս պաշտօնից՝ ներկայացնելով և՛ IUSY-ն, և՛ ՀՅԴ-ն, և ես ոգևորուած եմ ղեկավարելու այս կազմակերպութիւնը, որը բաղկացած է աւելի քան 160 երիտասարդական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատաւորական կազմակերպութիւններից: Խորապէս շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում»:
Սոցիալիստական երիտասարդության միջազգային միութիւնը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպութիւն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատաւորական երիտասարդական միութիւնների: IUSY-ն, որը հիմնադրուել է 1907 թուականին որպէս Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպութիւններ 110 երկրներում: Նրա առաքելութիւնը ներառում է երիտասարդութեան ներգրաւուածութիւն, զանգուածային ակտիւութիւն, կրթական միջոցառումներ, արշաւներ և համաշխարհային շահերի պաշտպանութիւն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպութեան լիիրաւ անդամ է։