ԱՊԱՌԱԺ
Յուլիսի սկզբներին Արցախում էր ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի յանձնախմբի անդամ Փոլին Դոստումեանը: Նա «Արցախ ֆոնդի» Արցախի մասնաճիւղի պատասխանատու Տրդատ Մարտիրոսեանի ուղեկցութեամբ 10 օրերի ընթացքում այցելել է Արցախի մի շարք սահմանամերձ բնակավայրեր, ծանօթացել բնակիչներին յուզող խնդիրներին: «Ապառաժ»-ի հետ զրոյցում Փոլին Դոստումեանը նշել է, որ սահմանային գիւղերի բոլոր բնակիչները վճռական են տրամադրուած, ցանկանում են կառչած մնալ իրենց հողին, սակայն որոշ դէպքերում աջակցութեան կարիք ունեն:
«Երիտասարդութիւնը ցանկանում է կառչած մնալ իր հողին: Եթէ յարմար աշխատանքային պայմաններ ունենան, շատ աւելի կը հեշտանայ նրանց ամենօրեայ կեանքը, ապրուստը: Իհարկէ, առաջին տեղում անվտանգութեան հարցն է. մի շարք բնակավայրերում թշնամին 300-400 մետր հեռաւորութեան վրայ է, եւ դրանից ելնելով՝ նաեւ գիւղատնտեսական աշխատանքներով, անասնապահութեամբ զբաղուելն է դժուարանում: Գիւղերի բնակիչներն ասացին, որ անասնապահութեան տեսակէտից՝ բացից փակ մոդելի են անցնելու, բայց այդ դէպքում էլ անասունների կերի, նոր մեթոդին վարժուելու խնդիր կայ»,- նշել է նա:
Հիմնադրամի ներկայացուցիչը նաեւ նոր ծրագրերի համար տեղեկատուութիւն ստանալու նպատակ է հետապնդում: «Որոշ շրջաններում ուսումնասիրել ենք խոզաբուծութեամբ, մեղուաբուծութեամբ զբաղուելու հնարաւորութիւնները: Այս ծրագրերը դեռ պէտք է բիւրեղացնենք, որպէսզի կարողանանք այնպէս անել, որ առաւելագոյնս արդիւնաւետ լինի եւ շարունակական: Ուզում ենք, որ բնակիչները կարողանան յաջորդ տարիներին առանց բարեգործութեան այդ աշխատանքը շարունակել: Նաեւ այնպէս պէտք է անել, որ ոչ թէ անյատական օժանդակութիւն լինի, այլ համայնքն օգտուի: Մենք այստեղ չենք մէկ անգամուայ համար, մեր ծրագրերը երկարաժամկէտ են»,- ասում է Փ. Դոստումեանը:
Նրա խօսքով՝ պէտք է միասնաբար կասեցնել թշնամիների ծրագիրը, այն է՝ հայաթափել Արցախը: «Սփիւռքը պէտք է թիկունք կանգնի Արցախին: Երբեմն մարդիկ ասում են՝ մի ընտանիքի օգնելով ինչ է փոխուելու, բայց ես այդպէս չեմ մտածում, որովհետեւ այստեղ ապրող ամէն ընտանիք մէզ համար արդէն մեր հայրենիքի անվտանգութեան, գոյութեան հարցն է լուծում: Պետք է սփիւռքահայութիւնը չուախենայ եւ բնակուի Արցախում, Արցախի ժողովրդի կողքին, որովհետեւ ուրիշ ձեւ չկայ»,- կարծում է բարեգործական հիմնադրամի յանձնախմբի անդամը:
ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախ ֆոնդ»-ը նաեւ օժանդակել է ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի «Վերելք» ծրագրին՝ առաջին փուլի համար յատկացնելով 30000 դոլար: Արցախի այցի ընթացքում Փոլին Դոստումեանը հանդիպել է ծրագրի շայառու երիտասարդների հետ: Նրա խօսքով՝ ծրագիրը կը շարունակուի, եւ թիկունք կը կանգնէն Արցախում սեփական բիզնեսով զբաղուելու ցանկութիւն ունեցող երիտասարդներին:
ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Արցախ ֆոնդ» հիմնադրամն Արցախում գործում էր նախքան պատերազմը, 44-օրեայ պատերազմից յետոյ էլ շարունակել է իր գործունէութիւնը: Հիմնադրամի վերջին ծրագրերից է Ասկերանի շրջանի Նորագիւղ համայնքի հանդիսութիւնների սրահի վերանորոգումը, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների մի շարք գիւղերի բնակիչներին հաւի ճտէր յատկացնելու ծրագիրը:
Տ. Աղաջանեան