ՀՅԴ Օրուայ տօնակատարութիւն կազմակերպութեան հիմնադրութեան 131 ամեակի առիթով
Ապրիլ 3-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում տեղի ունեցaաւ ՀՅԴ Օրուայ 131-րդ ոգեկոչման արարողութիւն, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խաչատրեանի մասնակցութեամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Միացեալ Նահանգների Կենտրոնական Կոմիտէի նախաձեռնութեամբ ապրիլի 3-ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում Տեղի ունեցաւ ՀՅԴ Օրուայ տօնակատարութիւն: Յայտագիրը սկսուեց դրօշակի արարողութեամբ: ՀՄԸՄի շրջանային դրօշակակիր խմբի միջոցով և նուագախմբի ուղեկցութեամբ բեմ հանուեցին ԱՄՆի, Հայաստանի, Արցախի և ՀՅԴ դրօշակները և հնչեցին համապատասխան քայլերգերը:

Ցուցադրուեցին ՀՅԴ պատմութիւնից դրուագներ ՀՅԴ հիմնադրութեան օրերից մինչ ներկայ օրերը, որտեղ ցուցադրւում էր թէ ՀՅԴն ինչ դեր է ունեցել հայրենի պետականութեան ստեղծման և ամրակայման գործում:
Միջոցառման սկզբում Տէրունական Աղօթքով ձեռնարկը օրհնեց ԱՄՆ Արևմտեան Թեմի Առաջնորդ Թորգոմ Եպս. Տօնոյեանը:
Օրուայ հանդիսավար Տիգրան Սասունեանը ողջունելով ներկաներին և յիշելով միջոցառմանը ներկայ գտնուող պետական պաշտօնեաներին ու ազգային հասարակական ու քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին հակիրճ կերպով վեր հանեց դաշնակցութեան անցեալի և ներկայի մարտահրաւէրները և եզրակացրեց, որ ոչ մի ուժ չի կարող կասեցնել Հ3Դի ուղին ինչպէս չկարողացան նրան կասեցնել հսկայ պետութիւնները, բոլշևիզմը և սովետական ամբողջ համակարգը:
Հանդիսավարը ապա բեմ հրաւիրեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ԱՄՆ Արևմտեան Շրջանի ներկայացուցչին երիտասարդութեան խօսքը փոխանցելու համար: ՀԵԴի խօսքը Անգլերէնով փոխանցեց Փրենի Ալավերդեան: (Բոլոր խօսքերի ամբողջութիւնը կը ներկայացուի առանձին գրութեամբ)
Առաջին խօսքից յետոյ և քանի այլ առիթներով ոգեշունչ պարերով հանդէս եկաւ «Ատանա» պարի համոյթը:
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ Կենտրոնական Կոմիտէի խօսքը փոխանցեց Կենտրոնական Կոմիտէի անդամ Խաչիկ Թազեանը: Նա բացատրելով Հայաստանի ու հայաշխարհի վերջին երկու տարիների անցուդարձները և մեր առջև ծառացած մարտահրաւէրները եզրակացրեց՝« Այսօր կ’ուգանք հաստատելու թէ Արեւմտեան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը չեն կրնար զլանալ մաս կազմել այն պայքարին որը անգամ մը եւս պարտադրուած է Հայ ժողովուրդին: Մենք այսօր կ’ուգանք մարտահրաւէրը ընդունելու, եւ հռչակելու վերանորոգ պայքարի վճռակամութիւն, ընդլայնուած դաշտ, արագացուած թափ եւ յաւելեալ կազմակերպուածութիւն: Ժամն է հասած միասնականութեան եւ մերժելու բոլոր այն փորձերը եւ դաւադրութիւնները որոնք կը միտին տկարացնել մեր կամքը, մեր վճռականութիւնը եւ կարողականութիւնը»:

Կենտրոնական Կոմիտէի խօսքին փոխարինեցին Լալա Երեմեանի միջոցով և Մհեր Ղարախանեանի Կիթառի ընկերակցութեամբ «Մարտիկի Երգը» և «Տուն իմ Հայրենի» երգերի կատարումը:
Տեսաուղերձներով մասնակիցներին իրենց պատգամները ուղղեցին ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի ներկայացուցիչ՝ Արշակ մեսրոպեանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչը և ՀՅԴ Գերագոյն Մարմնի Ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը որը հրաւիրուած էր իբրև օրուայ բանախօս, սակայն երկրի պայմանների բերումով նախընտրել է մնալ Երևան յաջորդող օրերի զարգացումների պատճառով:
Միջոցառման Գլխաւոր բանախօսն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Արթուր Խաչատրեանը: Արթուր Խաչատրեանը Ծնուել է 1972 թուականին Երևանում: 1994 թուականին գերազանցութեան դիպլոմով աւարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1996 թուականին աւարտել է Հայաստանի ամերիկեան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը։ Զուգահեռ սովորել է Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, որն աւարտել է 1997 թուականին։ 2001 թուականին աւարտել է Լոնդոնի համալսարանի թագաւորական քոլեջի (Imperial College, University of London) Կառավարման դպրոցը ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում (MBA)։ 2004 թուականին պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան։ Իր մասնագիտութիւնների բերումով տարբեր պաշտօններ է զբաղեցրել Հայաստանեան և միջազգային հաստատութիւններում: 2005-2007 թուականներին եղել է Հայաստանում եւ ԱՊՀ-ում Կալիֆոնիայի ներդրումների եւ միջազգային առեւտրի գրասենեակի տնօրէնը։ 2011-2013 թուականներին, համատեղութեամբ, զբաղեցրել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգողի (դեկանի) եւ ֆինանսների ու հաշուապահութեան ամբիոնի վարիչի պաշտօնը և 2011-2015 թուականներին դասախօսել է նոյն համալսարանում։ 2016 թուականին նշանակուել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ։ 2017 թուականին նշանակուել է Հայաստանի Շիրակի մարզպետ։ 2018 թուականին նշանակուել է Հայաստանի գիւղատնտեսութեան նախարար: 2021 թուականի Յունիսից Ազգային Ժողովի պատգամաւոր է և ֆինանսների յանձնաժողովի փոխ նախագահ: ՀՅԴ անդամ է 1991 թուականից։ Պահեստազօրային աւագ լեյտենանտ է։
Խաչատրեանը իր խօսքը սկսեց հայերէնով, իսկ վերջում սրահում գտնուող պետական հիւրերի համար նաև բացատրեց արցախի ներկայ իրավիճակն ու հարցի արդար լուծման ճանապարհները Անգլերէն լեզուով: Արթուր Խաչատրեանը շեշտաւորեց թէ ինչու զիջումներով ապագայ չի կարող ունենալ մի ժողովուրդ և ինչու մնայուն խաղաղութիւնը ներկայ գործընթացներով անիրագործելի է: Նա կոչ անելով համախմբել համայն հայութեանը` դիմադրութեան համար հայոց պատմութեան այս չափազանց մտահոգիչ ժամանակաշրջանին պայքարելու համար Հայութեան թշնամիների դէմ: Խաչատրեանն իր խօսքում նաև կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ԱՄՆ-ին՝ որպէս համանախագահ, կատարել իրենց պարտականութիւնները եւ գործել արդար՝ յարգելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը եւ ճանաչել Արցախի ժողովրդի իրաւունքները։ (Արթուր Խաչատրեանի խօսքը ամբողջութեամբ տեսնել առանձին յօդուածով)

Միջոցառման վերջին պաշտօնական խօսքը արտասանեց ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեանը: Նա իր հակիրճ պատգամը եզրակացրեց հետևեալ խօսքերով՝ «Բոլորս համոզուած պիտի ըլլանք, որ անձն ու անձնականը շատ ճղճիմ են հայրենի հողի նոյնիսկ ամենափոքր կորուստին դիմաց: Ազգովին, Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, այսօր կանգնած ենք մեր ուժերը լարելու հրամայականին առջեւ, կատարելու համար Արցախին ու Հայաստանին տէր կանգնելու մեր առաքելութիւնը»: (Խաժակ Մկրտիչեանի խօսքը ամբողջութեամբ տեսնել առանձին յօդուածով):
Միջոցառումը նաև առիթ հանդիսացաւ, որ շրջանի Կենտրոնական Կոմիտէն պաշտօնապէս յայտարարի իր պաշտօնաթերթ «Օրակարգ»ի հրատարակութեան մասին: Յայտարարուեց որ նրանով հանդերձ որ այսօր թերթի առաջին համարի տպագիր օրինակը բաժանուել է ներկաներին, իսկ թերթի ընդհանրապէս լինելու է առցանց և երկլեզու և ներառելու է շրջանի հայութեանը յուզող հարցերը:
Յայտագրի ընթացքում ցուցադրուեց նաև մի պատկեր շրջանի երիտասարդական և պատանեկան միութիւնների աշխատանքներից: Ուշագրաւ և տպաւորիչ էր ցուցադրուած Համբիկ Սասունեանի պատգամը պատանեկան միութեան բանակումի մասնակիցներին: Յայտագրի յատուկ բաժիններից մէկում պատկերների և անունների ցուցադրումով յիշատակուեցին վերջին 2 տարիների ընթացքում մեզնից առյաւէտ բաժանուած շրջանի ընկերներն ու ընկերուհիները:

Ձեռնարկի փակումին Յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան՝ Գառնիկ Սարգսեանը Արմէն Բաբայեանի դաշնամուրի ընկերակցութեամբ կատարեց «Ախ Հայրենիք» և «Կուկունեանի Յիշատակին» երգերը, իսկ փակումը կատարեց «Արիւնոտ Դրօշով» որին ընկերակցեցին պատանիները իրենց դրօշակներով:
Հանդիսութեան ներկայ էին հարիւրաւոր հիւրեր և հրաւիրեալներ, իսկ ամբողջ միջոցառումը միաժամանակ սփռւում էր ֆէյսբուք Լայվի միջոցով, որին ականատես են եղել բազմահազար դիտորդներ: Ձեռնարկը ամբողջութեամբ դեռ կարող էք դիտել այստեղ՝ https://www.facebook.com/ARF.Western.USA/videos/342355727725540